Մատչելիության հղումներ

Քեն Խաչիկյանը քննադատում է Հայաստանի իշխանություններին


Exclusive Interview: Ken Hachikian
please wait
Embed

No media source currently available

0:00 0:33:28 0:00
ԱՄՆ-ում գործող հայկական ազդեցիկ լոբբիստական խմբի ղեկավար Քեն Խաչիկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք է հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները Մաքսային միությանը միանալու մասին որոշում կայացնելիս չեն գործել թափանցիկ՝ անարդար վարվելով Հայաստանի ժողովրդի հանդեպ։

«Ես կոչ կանեի, որ Հայաստանի իշխանությունները թափանցիկ գործեին որոշումները կայացնելիս։ Անկախ այն բանից, թե որևէ մեկը համաձայն է, թե ոչ Հայաստանի որոշման հետ, ու ես նաև նշում եմ, որ հասկանում եմ, թե ինչու է Հայաստանը գնացել այդ քայլին, բայց այնուամենայնիվ, պետք է քննադատել իշխանություններին որոշումն ընդունելու եղանակի համար։ Չորս տարի բանակցելուց հետո հանկարծ փոխել ուղղությունը, ազնիվ չէր ո՛չ Եվրամիության, ո՛չ հայ ժողովրդի հանդեպ», - ասաց Խաչիկյանը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը ավելացրեց, որ ժամանակը ցույց կտա, թե իրենից ինչ է ներկայացնում Մաքսային միությունը՝ շեշտելով, որ ամեն դեպքում Հայաստանի համար կարևոր է ուժեղ տնտեսական և քաղաքական կապեր ունենալ և՛ Արևելքի, և՛ Արևմուտքի հետ։ Քեն Խաչիկյանը նաև չբացառեց, որ Հայաստանի վրա Ռուսաստանի կողմից է ճնշում եղել՝ կրկին նշելով, որ անգամ այդ դեպքում անհրաժեշտ էր թափանցիկ գործել։

«Ազատության» ստուդիայում պատասխանելով Հրայր Թամրազյանի հարցին, թե Հայաստանում ձեզ քննադատում են այն բանի համար, որ Հայ դատը, նաև մյուս հայկական լոբբիստական խմբերը կենտրոնանում են միայն Հայկական ցեղասպանության ճանաչման հարցի վրա, բավարար ուշադրություն չդարձնելով Հայաստանի Հանրապետությանը՝ Խաչիկյանն ասաց. - «Իրականում մեր օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի տնտեսական բարեկեցությունը, Հայաստանը բարգավաճ և լավ տնտեսությամբ պետություն չէ։ Եթե չլինեն կայուն եկամուտներ, աշխատանք մարդկանց համար, մարդիկ այստեղ չեն մնա ու չի լինի երկիր։ Լոբբինգի միջոցով կարելի է հետապնդել տարբեր նպատակներ, բայց ջանքերը զուր կլինեն, եթե չունենաք Հայաստան Հայաստանի ժողովրդի համար»։

«Այս երկրի խնդիրները` հարստության կենտրոնացումը, կոռուպցիան, գործազրկությունը, բերում են արտագաղթի։ Կարևոր է, որ այդ հարցերը լուծվեն, կառավարությունը փոխի իր մոտեցումները, դադարի ճառեր ասել այս հարցերի շուրջ, ինչպես արվում է, այլ լուծի դրանք», - ավելացրեց Խաչիկյանը։

Խաչիկյանը Հայաստանը բարեփոխելու ճանապարհին կարևոր է համարում նաև ընդդիմության դերը, ընդդիմադիր կուսակցություններից, այդ թվում ՀՅԴ-ից նա ակնկալում է ագրեսիվ քաղաքականություն։

«Ես խրախուսում եմ Հայաստանի ընդդիմությանը ագրեսիվ քաղաքականությամբ դրդել կառավարությանը գնալ փոփոխությունների։ Ես չեմ հավատում, որ կառավարությունը վարում է ճիշտ քաղաքականություն, կարծում եմ՝ արդյուքներն ամեն ինչի մասին խոսում են, չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է փաստարկել, որ նրանց քաղաքականությունը ճիշտ է, ակնհայտ է, որ նրանք հաջողության չեն հասել։ Կարծում ենք, որ շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի իշխանությունները փոխեն իրենց ուղեգիծը և ընդդիմությունը բարձրացնի իր ձայնը»,- ասաց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG