Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 20-ի մամուլ


«ՀՀԿ գործկոմի երեկ տեղի ունեցած նիստից առաջ լրագրողների հարցին, թե արդյոք փոխվե՞լ է իր վերաբերմունքը Մաքսային միության վերաբերյալ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է՝ ոչ: Իսկ հարցին, թե արդյոք անակնկա՞լ է եղել Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մոսկվայում, ևս տրվել է «ոչ» պատասխանը», - հիշեցնում է «Ժամանակ» օրաթերթն ու նկատում. - «Վաղը գուցե նա հայտարարի, որ մոտեցում ասելով` նկատի չունի բուն անդամակցության վերաբերյալ ասվածը, կամ որ սահմանի հարցում եկել են ինչ-որ փոխզիջումային տարբերակների: Այսինքն` վարչապետը վաղը ինչ-որ բան կարող է մոգոնել և ասել ի արդարացում իր վիճակի, իր «այո»-ի կամ «ոչ»-ի: Սակայն խնդիրն այստեղ այն է, որ նա, ըստ էության, հող է թողնում նահանջի համար, որպեսզի երբ վարչապետի պաշտոնից հեռացվի, ընկալվի արդեն որպես սկզբունքային գործիչ, որը մնաց իր կարծիքին և չկառչեց պաշտոնից»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նշում է, թե Արևելյան գործընկերության ծրագիրը նպատակ ունի բուֆերային գոտի ստեղծել Եվրամիության ու Ռուսաստանի միջև, ինչը Աթանեսյանի ձևակերպմամբ` վիրավորական է։ «ԵՄ պատասխանատուները չէին էլ ասում՝ կարող եք դառնալ Եվրամիության անդամ. ընդամենը բուֆերի դեր էին վերապահում Արևելյան գործընկերներին։ Իսկ դա նշանակում է՝ հայտնվել սալի և մուրճի արանքում։ Այս պարագայում, ինչ խոսք, շատ ավելի գերադասելի է կողմերից մեկի, այս դեպքում՝ Ռուսաստանի հետ ավելի խոր ինտեգրացիայի գնալը, սերտ հարաբերություններ պահպանելը և զարգացնելը։ Այս տեսանկյունից Մաքսային միություն մտնելը առողջ, քաղաքական առումով անթերի որոշում էր», - համոզմունք է հայտնում Վահրամ Աթանեսյանը։

«Առավոտ»-ի խմբագիրն ամփոփում է. - «Սեպտեմբերի 3-ից անցել է արդեն համարյա 3 շաբաթ, և կարելի է հստակ արձանագրել՝ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերից որևէ մեկը հստակ և միանշանակ չի հայտարարել, որ նա դեմ է մեր երկրի՝ Մաքսային միությանը անդամակցելուն: Եթե հռետորաբանությունը և վիրավորանքները մի կողմ դնենք, ապա ընդդիմադիրների ասելիքն է, որ ՄՄ-ին միանալը ճիշտ է, բայց դա պետք էր անել ոչ այնպես, ինչպես որ դա արել է Սերժ Սարգսյանը: Այ, եթե մենք դա անեինք, ապա դա կանեինք ավելի գեղեցիկ և արժանապատիվ ձևով, որովհետև մենք ավելի խելացի ենք, ազնիվ, պետականամետ և լեգիտիմ: Շատ հնարավոր է: Բայց դրանք մարտավարական տարբերություններ են: Դիրքորոշում չհայտնելու համար կա ևս մի «խորամանկ» հնարք. մենք դեռ ծանոթ չենք ՄՄ-ի փաստաթղթերին, այ, երբ ծանոթանանք, մեր տղամարդկային խոսքը կասենք: Այդպես ասողները, բնականաբար, միամիտ մարդիկ չեն ու շատ լավ գիտեն, որ նախ՝ նման փաստաթղթեր գոյություն չունեն, երկրորդ՝ որ դա զուտ քաղաքական նախագիծ է, և Հայաստանը, համենայնդեպս, որպես տնտեսական գործընկեր, որպես շուկա, ոչ մեկի համար հետաքրքրություն չի ներկայացնում»:

«Հրապարակ»-ը խորհրդածում է. - «Ասում են՝ ուժեղ ընդդիմություն լինում է ուժեղ երկրում, երբ հասարակությունն էլ է ուժեղ ու ստեղծագործ՝ իր ներսում բազում ռեսուրսներ անթեղած: Ինչպե՞ս պատահեց, որ մեր երկիրն այսքան թուլացավ, հասարակության միակ նպատակը դարձավ օրվա հաց վաստակելը, երիտասարդների միակ երազանքը՝ արտագաղթելը: Պատասխանատուն այս վիճակի միայն ու միայն իշխանությունն է: Իշխանությունը, որը նախ ոչնչացրեց իր «կոնկուրենտներին»՝ ընդդիմադիր դաշտն զբաղեցնողներին: Ապա վերացրեց ցանկացած գաղափար, երազանք, նպատակ ու իղձ: Ազգը դարձրեց սերիալ նայող, միայն նյութական արժեքներով սնվող հանրույթ: Գողության, ավազակության, պաշտոնի չարաշահման, զեղծարարության օրինակներով լցրեց մեր առօրյան: Քաղաքացիներին վերաբերվեց որպես հոտ, որին պետք է պարբերաբար կաշառել: Ամլացրեց ու արժեզրկեց ամեն ինչ»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Բանից պարզվում է, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը Մոսկվայում հանդիպել են հայազգի մեծահարուստների հետ և փող ուզել: Արա Աբրահամյանը շատ անմիջականորեն է ներկայացրել այդ փաստը. «Շատ լավ հանդիպում եղավ, բոլոր բիզնեսմենների հետ հանդիպեցին երկու նախագահները, ճանապարհների համար փող էին հավաքում»: Մոտավորապես մատաղի փող հավաքելու նման: Առաջին հայացքից կարող է թվալ, թե սփյուռքահայ գործարարներից փող ուզելու մեջ վատ բան չկա. հարուստ մարդիկ են, ամեն մեկն իր ունեցածից մի քիչ կտա, Հայաստանում որևէ ծրագիր կիրականացվի: Բայց դա` միայն առաջին հայացքից: Իրականությունն այն է, որ սփյուռքահայության աջակցությունը Հայաստանին էական կլիներ միայն այն դեպքում, եթե ներդրումներ արվեին, բայց ներդրումներ չեն արվում: Ավելին` Հայաստանի իշխանությունները, կամ որ նույնն է` գործարար էլիտան իրենք ներդրումներ են անում արտասահմանում: Իսկ ուզվորությամբ որևէ լուրջ խնդիր լուծել հնարավոր չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG