Մատչելիության հղումներ

Հայկական կողմը դեմ չէ Ինջիղուլյանի՝ երրորդ երկիր տեղափոխմանը, եթե նա ցանկանա


Ադրբեջան - Գերեվարված հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը հարցազրույց է տալիս տեղական հեռուստատեսությանը, 12-ը օգոստոսի, 2013թ.
Ադրբեջան - Գերեվարված հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը հարցազրույց է տալիս տեղական հեռուստատեսությանը, 12-ը օգոստոսի, 2013թ.

Թե՛ պաշտպանության նախարարությունը և թե՛ գերեվարված հայ զինվորի ծնողները համոզված են, որ նրա նկատմամբ ճնշումներ են գործադրվում։

Հայկական կողմը հայտարարում է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին այլ երկրում փախստականի կարգավիճակ շնորհելու գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին, եթե երրորդ երկիր տեղափոխվելու Ինջիղուլյանի ցանկության վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները ապատեղեկատվություն չեն։

Վկայակոչելով Ադրբեջանի գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովի հայտարարությունները, «Թրենդ» գործակալությունն էր նախօրեին տեղեկացրել, որ Ինջիղուլյանը երրորդ երկիր տեղափոխվելու գրավոր ցանկություն է հայտնել, և դիմումն արդեն ուղարկվել է նախարարների կաբինետ։ Ըստ գործակալության, փաստաթղթերը պետք է հասցեագրվեն Բաքվում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակին, որն էլ պետք է կազմակերպի գերու տեղափոխումը։

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը այսօր Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթիի հետ հանդիպման ժամանակ, կասկածի տակ դնելով այդ տեղեկատվության հավաստիությունը, միաժամանակ հայտարարել է, որ «փախստականի կարգավիճակ» շնորհելը միգուցեև գերության մեջ Ինջիղուլյանի նկատմամբ ֆիզիկական բռնություններից, խոշտանգումներից և այլ ողբերգական հետևանքներից խուսափելու հնարավորություն է։ Տոնոյանը հիշեցրել է ադրբեջանական գերության մեջ սպանված հովվի՝ Մանվել Սարիբեկյանի նախադեպը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը համոզված է, որ եթե Ինջիղուլյանը երրորդ երկիր տեղափոխվելու ցանկություն իրոք հայտնել է, ապա դա եղել է Ադրբեջանի ճնշումների ներքո, քանի որ Հայաստանը երաշխավորել է վերադարձից հետո զինվորի անվտանգությունն ու բացառել նրա նկատմամբ որևէ հետապնդում.

«Մենք գիտենք Ադրբեջանի մշտական ձեռագիրը, մենք գիտենք, որ Ադրբեջանը իր զինվորներին լուրջ պատասխանատվության է ենթարկում Ադրբեջան վերադառնալուց հետո, իսկ հայկական կողմը հետևում է մարդկային վերաբերմունքին: Այդ պատճառով, Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի խեղաթյուրի իրականությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հակոբ Ինջիղուլյանը, հիշեցնենք, ադրբեջանական գերության մեջ է այս տարվա օգոստոսի սկզբից։ Նա երկու անգամ խոսել է ադրբեջանական հեռուստատեսությամբ և հայտարարել Հայաստան չվերադառնալու ցանկության մասին։

Ինջիղուլյանի ծնողները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեցին, որ նրա նկատմամբ ճնշումներ են գործադրվում, քանի որ, ըստ ծնողների, նախկինում Հակոբը երբեք Հայաստանը լքելու ցանկություն չի հայտնել։

«Տգետները որ ասում են՝ «Հակոբն ինչեր էր խոսում, ինչեր էր ասում, Հայաստանին վարկաբեկում էր»... թող իմանան, որ գրած, դրված էր սեղանին, Հակոբը կարդում էր։ Հիշո՞ւմ եք Մանվելին ինչ օրն էին գցել, իմ տղան գուցե դրանից բեթար օրի ընկներ։ Վախացնում են», - ասաց հայրը՝ Գևորգ Ինջիղուլյանը՝ շարունակելով. - «Բայց ասում եմ՝ եթե հանկարծ երրորդ երկիր գնաց, ամենաուշը մի ամիս հետո տանն է։ Պիտի ամեն ինչ անենք, բերենք, էնտեղից ավելի հեշտ կլինի բերելը, քան Ադրբեջանից։ Աստծո հույսին սպասում ենք»։
XS
SM
MD
LG