Մատչելիության հղումներ

«Լավատեսությունից ելնելով հուսամ, որ դատարանը արդար որոշում կկայացնի»,- այսօր իր վերջին խոսքն արտահայտելիս ասաց էպոսագետ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, որը մեղադրվում է նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեջ։

«Ցույց տվեք որևէ փաստ, որևէ ցուցմունք, որ ես հանձնարարել եմ սպանել Պարույր Հայրիկյանին»,- ասաց Սեդրակյանը։

Ամբաստանյալներ Խաչիկ Պողոսյանն ու Սամվել Հարությունյանն էլ, իրենց վերջին խոսքում մասամբ ընդունելով իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքները, այն է՝ մահափորձի իրագործում և կազմակերպում, պնդեցին հերթական անգամ, որ սպանելու միտում չեն ունեցել, ինչը իր մեղադրական ճառում փաստել էր դատախազ Արամ Ամիրզադյանը: Նպատակը եղել է միայն վախեցնելը, ասում էին ամբաստանյալները:

Սակայն այսօրվա դատական նիստի թերևս ամենահետաքրքիր մասը հենց էպոսագետի բավական հանգամանալից, սակայն ծաղրական ու հուզական էլեմենտներով հարուստ ճառն էր: Դատախազի մեղադրական ճառը անհեթեթություն համարելով՝ Սեդրակյանն ասաց, որ մեղադրական ճառում չհնչեց ոչ մի կոնկրետ ապացույց, ընդամենը երկու կողմնակի ապացույց. Այն, որ Սեդրակյանի մոտ գտել են «Հայկական ժամանակ» օրաթերթը, որտեղ Հայրիկյանի նկարի վրա սլաք է եղել, մյուս կողմնակի ապացույցն էլ, ըստ նրա, զավեշտալի է, վկայի՝ ամբաստանյալ Պողոսյանի զոքանչի ենթադրություն է:

Ավելին՝ Սեդրակյանը հիշեցրեց, որ դատաքննության ժամանակ երկու ամբաստանյալներն էլ հրաժարվեցին նախաքննության ժամանակ արված այն ցուցմունքից, թե Սեդրակյանից Հայրիկյանին վախեցնելու պատվեր են ստացել: Այդ դեպքում ինչի՞ համար էր այս ամբողջ դատավարությունը, եթե պետք է այստեղ արված հայտարարություններն արժանահավատ չհամարվեին, հարց բարձրացրեց նա։

Իհարկե, ամենահետաքրքիրը շարունակում է մնալ այն հանգամանքը, որ դատավարության ժամանակ մեղադրական կողմն այդպես էլ չնշեց Հայրիկյանի քաղաքական գործունեությունը կասեցնելու նպատակով վերջինիս վերացնելու՝ Սեդրակյանի դրդապատճառը: Էպոսագետը մի քանի անգամ մատնանշեց այս հանգամանքը։

«Ինչո՞ւ եմ ուզեցել սպանել, այս հանգամանքին չեք էլ անդրադարձել... եթե, ըստ ձեզ, չկա դրդապատճառ, նույնիսկ ցանկություն չկա այդ մասին խոսելու, ուրեմն ինչո՞ւ եք մեղադրում, օրենքով ես հոգեկան հիվանդ եմ, կատարյալ անմեղսունակ եմ, էլի»,- ասաց Սեդրակյանը։

Բանական մարդն արդյոք իր մոտ աշխատող մարդկանց սեփական մեքենայով նման գործ կհանձնարարե՞ր՝ դրա դիմաց նախապես հստակ գումար չպայմանավորվելով, հարցրեց Սեդրակյանը։

Սեդրակյանը կես կատակ, կես լուրջ փորձեց Ամիրզադյանից պարզել՝ արդյոք իր նկատմամբ վատ տրամադրվածության պատճառը իր նախընտրական ծրագիրն է, որտեղ ինքը Մաքսային միությանն անդամակցելու հարցն էր դրել։

«Գո՞ւցե դուք էլ եք դեմ, որ Հայաստանը մտնի Մաքսային միություն, բայց սա այն հարցը չէ, որ համար ես 12 տարի պետք է անցկացնեմ բանտում»,- ասաց Սեդրակյանը։

Վարդան Սեդրակյանի համար դատախազ Արամ Ամիրզադյանը պահանջել էր 12 տարի, ինչը այս գործում համարվում է ոչ շատ ծանր պատիժ:
XS
SM
MD
LG