Մատչելիության հղումներ

Գյումրիում Յան Գիլանի մասնակցությամբ կբացվի երաժշտական դպրոի նոր շենքը


Գյումրիում Յան Գիլանի մասնակցությամբ կբացվի երաժշտական դպրոի նոր շենքը
please wait

No media source currently available

0:00 0:03:17 0:00
Վաղը աշխարհահռչակ Deep Purple ռոք-խմբի մենակատար Յան Գիլանը մասնակցելու է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը, որը կառուցվել է Rock Aid Armenia նախագծի շրջանակում` Գիլանի, Թոնի Այոմիի (Black Sabbath), Ջեֆ Դաունսիի (Yes/Asia) աջակցությամբ:

1988-ի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո 24-ամյա բրիտանացի Ջոն Դիի նախաձեռնությամբ ստեղծվեց Rock Aid Armenia նախագիծը, որի շրջանակում բրիտանացի ռոք-աստղերը ձայնագրեցին Deep Purple-ի Smoke on the Water երգը, և թողարկված ձայնասկավառակի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվեց Հայաստանին:

Արդեն 2009 թվականին, Mediamax լրատվական գործակալության հրավերով ռոք աստղերը ժամանեցին Հայաստան: Դրան հետևեց նոր ձայնասկավառակի ծնունդը, որի վաճառքից ստացված հասույթն ուղղվեց Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար նոր շենքի կառուցմանը:

Մինչ շինարարությունն ընթանում էր, ռոք աստղերը մի քանի անգամ եղան Հայաստանում, Գյումրիում, դպրոցի սաներին երաժշտական գործիքներ նվիրեցին, Երևանում բարեգործական համերգներ տվեցին` կրկին թիվ 6 դպրոցին աջակցելու նպատակով:

Արդյունքում նրանց շնորհիվ հավաքվեց 125 հազար դոլար, որին ավելացավ այս տարվա ամռանը ՀՀ նախագահի հանձնարարականով Կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 10 միլիոն դրամը և Հայ օգնության ֆոնդի շնորհիվ դեռ անցյալ տարի հավաքված 350 հազար դոլարը:

Այդ միջոցներով էլ կառուցվեց վաղը Գյումրիում բացվելիք թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքը:

Այսյօր Երևանում հրավիրված ասուլիսում Յան Գիլանն ասաց. - «Շատ հուզիչ է տեսնել, թե ինչպես է այս ամեն ինչը վերջնական տեսքի գալիս: Վաղը ես ակնկալում եմ մի մեծ միջոցառում»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե շարունակվելու է արդյոք Rock Aid Armenia նախագիծը, Գիլանն ասաց. - «Լավ կլիներ, եթե ամբողջ քաղաքը կարողանայինք վերակառուցել, բայց չեմ կարծում, թե իրատեսական կլինի: Ո՞վ գիտե, գուցե հենց այս նորաբաց դպրոցում ծնունդ կառնեն այնպիսի մեծ տաղանդներ, որոնք հետագայում կկարողանան օգնել իրենց քաղաքին»:

Ջոն Դին, իր հերթին, ասաց, որ մի նոր, աննախադեպ ծրագիր են նախաձեռնել, որի մասին արդեն զրուցել են վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ. այդ ծրագրի էությունն այն է, որ յուրաքանչյուր դպրոցական ուսումնական ծրագրի շրջանակում մեկ ծառ է տնկելու:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Գիլանն ասաց, որ ամբողջ կյանքն ապրել է երաժշտության մեջ. պապը օպերային երգիչ է եղել, հորեղբայրը` ջազ դաշնակահար: Ինքը պատանեկան տարիքում երգել է եկեղեցական երգչախմբում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG