Մատչելիության հղումներ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներայի ներկայացմամբ՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո բնական գազի գինը մեր երկրի համար կիջնի:

ՎԶԵԲ-ում Հարավային Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի հետ աշխատանքները համակարգող Բալվաներան այդ հայտարարությունն արեց այսօր Երևանում՝ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության վրա, այսօր փոքր-ինչ վաղ է խոսել այդ մասին: Շատ բան դեռ պարզ չէ, երբ Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ, ինչպիսի՞ն կլինեն ներմուծման և արտահանման մաքսային սակագները, ի՞նչ ազդեցություն այն կթողնի առևտրի վրա: Այն, ինչ մենք այսօր գիտենք՝ Հայաստանը կօգտվի գազի սակագներից, այսինքն գազի գինը ավելի ցածր է Մաքսային միության անդամ երկրների համար, քան ոչ անդամների: Սա իր դրական ազդեցությունը կունենա տնտեսության և սղաճի վրա»,- հայտարարեց Բալվաներան՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա Մաքսային միությանը անդամակցելը:

Ճշգրտող այն հարցին, թե արդյոք Բրունո Բալվաներան որևէ տեղեկություն ունի՞, թե Հայաստանի համար սպասվում է գազի գնի իջեցում՝ Մաքսային միությանը անդամակցելուց հետո, ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը արձագանքեց․- «Միակ բանը, որը մենք այսօր հասկացել ենք, այն պահից սկսած, երբ Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը, այն կօգտվի գազի նույն սակագնից, ինչ միության անդամ մյուս պետությունները»:

Մամուլի ասուլիսը հրավիրվել էր ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարի փոփոխության հետ կապված: Հայաստանում 4 տարի աշխատած Վալերիու Ռազլոգին փոխարինել է Մարկ Դևիսը:

Հայաստանում ՎԶԵԲ-ի վարկային փաթեթը կազմում է մոտ 700 միլիոն եվրո, որի 90 տոկոսը տրամադրվել է մասնավոր հատվածին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG