Մատչելիության հղումներ

Այս գիշեր «Զիլ» մակնիշի մեքենան հարվածել է քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիտների երկու մեքենաներին։

Ակտիվիստ Սուրեն Սահակյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ 2։30-3։00-ի սահմաններում «Զիլ» մակնիշի մեքենայի վարորդը ավտոկայանատեղ հասնելով դանդաղեցրել է մեքենայի ընթացքը, ղեկը թեքել աջ ու հարվածել իրենց մեքենաներին։

«Եկավ, ընթացքը դանդաղեցրեց, ընդունեց ավելի ձախ՝ ավտոկայանատեղին ավելի մոտիկ ու հենց հասավ մեքենաներին ղեկը պտտեց աջ ու հարվածեց երկու մեքենաներին, երրորդին չկարողացավ, որովհետև երկրորդը մեծ մեքենա էր ու մի քիչ դժվար էր դրան անցնելն ու երրորդին խփելը»,- ասաց Սահակյանը։

Բարեբախտաբար, մարդկային զոհեր ու վիրավորներ չկան։ Սահակյանը նշում է, որ երջանիկ պատահականությամբ դեպքից րոպեներ առաջ էին մեքենաներից դուրս եկել։

«Ռուզաննա Գրիգորյանը, Սևակ Մամյանը, Դավիթ Ստեփանյանը, ևս մի քանի հոգի նստած էինք հենց այդ երկու մեքենաների մեջ՝ երեք հոգի այստեղ, երկու հոգի այնտեղ։ Դրանից մի կես ժամ առաջ իրենք դուրս եկան ու մենք էլ, չգիտես ինչու, գիշերվա երեքին որոշեցինք դուրս գալ, այստեղ զրուցել, քայլել։ Դեպքը մի հինգ րոպե առաջ պատահեր, մենք մեջն էինք լինելու։ Հարվածի ուժգնությունը պատկերացնելու համար ասեմ, որ մեքենաները հարվածից բարձրացել էին մայթ ու մեկուկես մետր եկել այս կողմ»,- ասաց ակտիվիստը։

Սահակյանը փոխանցեց, որ «Զիլ» մեքենայի վարորդը ասել է, որ մեքենան անսարքություններ չի ունեցել, իսկ ղեկին քնելու տարբերակն էլ Սահակյանն է բացառում։

«Եթե քնել էր ղեկին, ապա դա կարելի էր սահուն անել, կամ պատկերացրեք, այս դատարկ փողոցն ու հենց այս երեք մեքենան կանգնած ու գալ հենց դրանց խփել, մի քիչ ռեալ չի»,- նշեց Սահակյանը։

Ակտիվիստները համոզված են, որ միջադեպը նախօրոք ծրագրված է եղել, նշում են, որ դա կփաստի նաև քաղաքապետարանի մոտ տեղադրված ոստիկանության տեսախցիկը, սակայն վստահ չեն, որ ոստիկանությունն այդ ձայնագրությունը կտրամադրի։

«Շատ մեծ ցանկություն ունեմ, որ այդ տեսանյութը տարածվի։ Տեսնելով այդ վթարը չես կարող համոզմունք չհայտնել, որ միտումնավոր չի արված»,- փոխանցեց նստացույցի մասնակիցը։

Ակտիվիստների երկու մեքենաները տեղափոխվել են տուգանային հրապարակ, պատճառաբանությամբ, որ պետք է փորձաքննություն իրականացնել, ու եթե հաստատվի ակտիվիստների պնդումները, թե միջադեպը միտումնավոր է եղել, ապա քրեական գործ կհարուցվի, իսկ մեքենաներն իրեղեն ապացույց են։

«Վարորդները կվկայեն, որ նման դեպքերում որևէ մեկի մեքենան չի տարվում տուգանային հրապարակ, իսկ եթե քրեական գործի շրջանակներում է լինում, գոնե հարվածողի մեքենան տանեն, ոչ թե տուժողի»,- ասաց Սահակյանը։

Ակտիվիստներն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փորձաքննությունից որևէ դրական արդյունք չեն ակնկալում, հավելում են, որ սա ակտիվիստներին գիշերով ծեծի ենթարկելու դեպքերի տրամաբանական շարունակությունն է։

«Ես ենթադրում եմ, որ մեքենաները հնարավորինս երկար են պահվելու տուգանային հրապարակում, ինչքան թույլ կտա օրենքը, նույնիսկ եթե դրա անհրաժեշտությունը լինի օրենքի խախտումով, որովհետև մինչև հիմա հենց այդպես էլ վարվում են շատ դեպքերում։ Ոչ մի ակնկալիք չունենք, ենթադրում եմ, որ եթե ի օգուտ մեզ որևէ բան արվելու լիներ ուղղակի մեքենաներին չէին հարվածի։ Կոնկրետ այս դեպքը միտված է գիշերը մնացող մարդկանց դեմ՝ նստացույցը վիժեցնելու նպատակով»,- փոխանցեց ակտիվիստը։

Ոստիկանության լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ տուգանային հրապարակ է տեղափոխվել նաև «Զիլ» մակնիշի մեքենան և դեպքի առիթով Ճանապարհային ոստիկանությունում կատարվում է հետաքննություն։

Հուլիսի 26-ից ակտիվիստները քաղաքապետարանի մոտ նստացույց են անում պահանջելով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը։ Ակտիվիստները վստահեցնում են, որ նստացույցը շարունակելու են մինչև պահանջի բավարարումը։
XS
SM
MD
LG