Մատչելիության հղումներ

logo-print

Անկախությանը օրը կնշեն բողոքի երթով


Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ և քաղաքական տարբեր կուսակցությունների անդամներ` «գիտակցելով Հայաստանի Հանրապետության անկախությանը սպառնացող իրական վտանգը», սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 22-րդ տարեդարձի օրը, բողոքի երթ են նախաձառնել մայրաքաղաքում` ընդդեմ Մաքսային միությանն անդամակցելուն:

Ազատության հրապարակից մեկնարկելիք երթի մասնակիցները հայտարարում են, որ մերժում են անդամակցությունը որեւէ միության, որը կհակասի Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը:

Հայ ազգային կոնգրեսի անդամ Կարեն Թովմասյանի համար բացարձակ համոզիչ չեն Հայաստանի իշխանությունների վստահեցումները, թե օրակարգում պետության սուվերենության հարց չկա. - «Սերժ Սարգսյանը, կամ Հայաստանի իշխանությունները մի օր ասում են մի բան, մյուսը օրը` բոլորովին այլ բան: Եթե լսում էիք Սերժ Սարգսյանի և իր թիմի հայտարարությունները, կամ հենց թեկուզ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունը, ինքը ասում էր, որ դա մեր սուվերենության ու ինքնիշխանության համար վտանգավոր է: Բայց երկու օր հետո, երբ բոլորը իմացան, որ Սերժ Սարգսյանը արագացված տեմպերով գնում է դեպի Մաքսային միություն, միանգամից բոլորի համար Մաքսային միությունը դարձավ ոչ թե սուվերենության համար վտանգավոր, այլ մի դրախտավայր, որին Հայաստանն ամբողջ կյանքում ձգտում էր գնալ»:

Նախաձեռնությանը միացած գրող Մարինե Պետրոսյանի խոսքով` անկախության կորուստը ապագայի հարց չէ և չի վերաբերում միայն մաքսային սահմանները վերացնելուն կամ, ասենք, երբ կձեւավորվի նաեւ Եվրասիական միությունը, որին միանալու պատրաստակամություն ևս Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտնել է․ - «Դա ոչ թե անկախության կորուստ է, այլ աղետ է: Անկախության կորուստն արդեն այսօր է կայացել, այսօր մենք անկախությունը կորցրել ենք, որովհետև այն ձևը, որով Սերժ Սարգսյանը հայտարարեց դրա մասին, պարզ ցույց տվեց, որ Հայաստանի պետությունը խայտառակ վիճակում է: Այսինքն` չկա պետություն, որովհետև եթե մարդը չորս տարի շարունակ մի բան է պնդում, հետո գնում մի օրում փոխում է իր ասածը, պարզ է, որ դա արվել է ճնշման տակ: Իսկ եթե դու ճնշման տակ այդքան արագ փոխվում ես, ուրեմն դու չունես սուվերենություն, այսօ'ր չունես»:

Արմեն Հովհաննիսյանը, ով ակտիվորեն ներգրավված էր օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ պայքարում, հակադարձեց պնդումներին, թե Ղարաբաղի անվտանգությունն է եղել Հայաստանի վրա բանեցվող ճնշումների հիմքում: Ըստ ակտիվիստների, ճիշտ հակառակը` այս իրավիճակում Ղարաբաղը շատ ավելի խոցելի է դարձել:

«Ո’չ ներսում պետք է թույլ տանք, որ որևէ մեկը սեփականաշնորհի իշխանությունը և Մոսկվայում ինչ-որ հայտարարություններ անեն, որին ոչ ոք իրեն չի լիազորել, ո’չ թե դրսի որևէ պետություն մեզ պարտադրի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

«Սերժ Սարգսյանը իր սեփական իշխանությունը պահելու համար է զիջել ինքնիշխանությունը, ոչ թե Ղարաբաղի համար», - հավելեց Մարինե Պետրոսյանը:

Սեպտեմբերի 21-ին փողոց դուրս գալով և չմիանալով իշխանությունների կազմակերպած տոնակատարություններին` երթի մասնակիցները մտադիր են նաեւ հանրաքվեի հարց բարձրացնել՝ պահանջելու իշխանություններից միայն ժողովրդի քվեի միջոցով որոշում կայացնել:

«Սերժ Սարգսյանի հայտարարություններն ու ընդունած որոշումները հակասում են 22 տարի առաջ անցկացված Անկախության հանրաքվեի արդունքներին», - համատեղ ընդունած հայտարարության մեջ նշում են ակտիվիստները, որոնց թիվը, ըստ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, անցնում է հազարից:
XS
SM
MD
LG