Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց սկսել Մաքսային միությանը միանալու նախապատրաստական աշխատանքները:

Կառավարության նիստում հարցը ներկայացնում էր էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը (նախարարը ներկա չէր): Մինասյանը իր հետ բերել էր մի որոշման նախագիծ, որը սահմանում է ժամանակացույցը, թե երբ պետք է ավարտվեն այդ նախապատրաստական աշխատանքները: Դրանց արդյունքում պետք է ձևավորվի, այսպես կոչված, բանակցային փաթեթը, որի հիման վրա էլ պետք է մեկնարկեն արդեն պաշտոնական բանակցությունները՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու նպատակով:

Կառավարությունն իր հավանությունը տվեց այդ նախագծին, ուր նշված, թե բանակցային փաթեթի ձևավորման վերջնաժամկետը այս հոկտեմբերի 10-ն է:

Էկոնոմիկայի փոխնախարարը ուշագրավ տեղեկություն փոխանցեց, թե երեկ Հայաստանի վարչապետի որոշմամբ արդեն իսկ ստեղծվել են աշխատանքային յոթ խմբեր, որոնք պետք է ձեռնամուխ լինեն վերոհիշյալ բանակցային փաթեթի ձևավորմանը:

Արդեն կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ, Կարինե Մինասյանը որոշ մանրամասներ փոխանցեց։

«Առաջին [աշխատանքային] խումբը ընդհանուր իրավական խումբն է, որը ընդհանուր պայմանագրի դրույթներն է քննարկելու, թե ինչպես մենք կարող ենք միանալ Մաքսային միությանը։ Երկրորդ խումբը սակագնային կարգավորման հետ կապված հարցերն է քննարկելու, քանի որ գիտենք՝ Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության մաքսային տարիֆները տարբերվում են»,- ասաց փոխնախարարը։

Մյուս հինգ խմբերը աշխատելու են ոչ տարիֆային կարգավորման, ապրանքների որակին առնչվող տեխնիկական կարգավորման հարցերով, մաքսային օրենսդրությունների միջև եղած տարբերությունների հաղթահարման ուղղությամբ, Մաքսային միության ենթակառուցվածքների ուսումնասիրման գծով, որի նպատակը պետք է լինի Հայաստանի ու Մաքսային միության տեղեկատվական համակարգերի միասնականացումը, և վերջին խումբ էլ զբաղվելու է հակամրցակցային համագործակցության (օրինակ՝ հակադեմփինգային) հացերով:

Կառավարության նիստին էկոնոմիկայի փոխնախարարը ևս մեկ ուշագրավ տեղեկություն փոխանցեց։ Պարզվում է՝ դեռ անցած տարվա դեկտեմբերին Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային հատուկ մի խումբ, որը գլխավորել է էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանը, և որը անցած ամիսներին բանակցել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի գլխավորած խմբի հետ՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցերի շուրջ:

Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ է գաղտնի կերպով նման խումբ ստեղծվել, Կարինե Մինասյանը արձագանքեց, թե խումբն ամենևին էլ գաղտնի չի ստեղծվել և վարչապետի համապատասխան որոշումը կարելի է գտնել կառավարության պաշտոնական կայքէջում:

Այս տեղեկությունն ուշագրավ է, քանի որ ստացվում է՝ Հայաստանի իշխանությունները մի կողմից բանակցություններ են վարել Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ և այդ բանակցությունները ավարտվեցին այս հուլիսին, իսկ մյուս կողմից՝ զուգահեռաբար աշխատանքային խումբ է ստեղծում Մաքսային միությանը անդամակցելու նպատակով, և այս ամենը Բրյուսելից հնչող այն բազմաթիվ հայտարարությունների ֆոնին, թե հնարավոր չէ համատեղել ազատ առևտրի գոտին ու Մաքսային միությունը:

Իսկ ի՞նչ արդյունքներ են արձանագրել հայ-ռուսական այդ աշխատանքային խմբերի բանակցությունները, հետաքրքրվեցինք Կարինե Մինասյանից. - «Եթե ամփոփ ներկայացնեմ, այդ խմբի աշխատանքի արդյունքը այն որոշումն է, որը կայացվեց սեպտեմբերի 3-ին»,- ասաց փոխնախարարը։

Էկոնոմիկայի փոխնախարարին հարցրեցինք նաև, թե ե՞րբ կավարտվեն բանակցությունները և Հայաստանը հնարավորություն կունենա անդամակցել Ռուսաստանի գլխավորությամբ գործող միությանը։

«Քանի որ մենք այս որոշումը կայացրել ենք, շատ կարևոր է, որ մենք այն իրագործենք որքան հնարավոր է արագ, որպեսզի երկիրը կարողանա օգտվի այն հնարավորություններից, որը տրամադրում է Մաքսային միությունը։ Դա կախված է մեզանից, իսկ մենք նպատակաուղղված ենք շատ արագ դա անել»,- ասաց Մինասյանը։
XS
SM
MD
LG