Մատչելիության հղումներ

Մարտիրոսյանը չի բողոքարկելու ՀՔԾ-ի գործողությունները


Ոստիկանները բերման են ենթարկում Արմեն Մարտիրոսյանին: 9-ը ապրիլի, 2013 թ.
Ոստիկանները բերման են ենթարկում Արմեն Մարտիրոսյանին: 9-ը ապրիլի, 2013 թ.
Ապրիլի 9-ին` նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, ոստիկանների կողմից Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու և նույն օրն ավելի վաղ ոստիկանների հետ նրա մասնակցությամբ տեղի ունեցած քաշքշուկի փաստով Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող գործը կարճվել է բավական ուշագրավ հիմնավորմամբ` իրավիճակի փոփոխման, հետընտրական շրջանում նրա (Մարտիրոսյանի) ներկայացրած հանրային վտանգավորության նվազման պատճառաբանությամբ:

«Քննությունը չակերտավոր պարզեց, որ երկու դեպքում էլ ես եմ մեղավոր: Քննությունը կարճվեց իրավիճակի փոփոխման հետ կապված, քանի որ ես այլևս հանրային վտանգ չէի ներկայացնում: Այդ օրերին երևի թե ներկայացրել եմ, հիմա չեմ ներկայացնում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա:

ՀՔԾ-ում ուսումնասիրվում էր ապրիլի 9-ին տեղի ունեցած երկու դրվագ: Առաջինը առավոտյան, երբ «Ժառանգության» կողմնակիցները Աջափնյակ համայնքից բողոքի երթով քայլել են դեպի Ազատության հրապարակ` միանալու կուսակցության հայտարարած Նոր Հայաստանի երդմնակալության ակցիային: Բաղրամյան - Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության աշխատակիցների և Մարտիրոսյանի միջև քաշքշուկ էր տեղի ունեցել: Վերջինիս պնդմամբ` ոստիկանները ձեռք էին բարձրացրել իր մոր և երեխայի վրա, և ինքը ստիպված էր միջամտել: Ոստիկանությունը հակառակն էր պնդում` թե Մարտիրոսյանն էր քաշքշել ու հարվածել մի ոստիկանի:

Նույն օրը` արդեն երեկոյան, կրկին Բաղրամյան պողոտայում
տեղի է ունեցել երկրորդ միջադեպը, որը, ի դեպ, տեսանկարահանված է: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները դեպի նախագահական նստավայրը շարժվող ցուցարարների մեջ շրջապատում Արմեն Մարտիրոսյանին ու ոտքերով ու ձեռքերով հարվածում նրան: Արդյունքում ոստիկանության բաժին տեղափոխված Մարտիրոսյանի քթից արյուն էր հոսում: Ավելի ուշ պարզվեց, որ բացի քթի վնասվածքից, նա նաև բազմաթիվ սալջարդեր էր ստացել:

Նշենք, որ առաջին դեպքով նյութերի նախապատրաստման նախաձեռնողը ոստիկանությունն էր, երկրորդով` Մարտիրոսյանը:

Քրեական գործը, ըստ «Ժառանգության» փոխնախագահի, հարուցվել էր պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու, այդ գործողությունները բռնությամբ կամ հատուկ միջոցներ գործադրելով կատարելու փաստով: Քննչական գործողություններ եղել են, բայց թե' ոստիկանները, թե' Մարտիրոսյանը ներգրավված են եղել որպես վկաներ. տուժողն ու մեղադրյալը չեն հայտնաբերվել` չնայած երկրորդ միջադեպը, հիշեցնենք, տեսանկարահանված է, և պարզորոշ երևում են ոստիկանների դեմքերն ու գործողությունները:

Իրավապահները գտել են, որ ոստիկաններն իրենց լիազորությունները չեն անցել, իսկ Արմեն Մարտիրոսյանը երբեմնի հանրային վտանգավորությունը չի ներկայացնում, ուստի գործը կարճելու որոշում են կայացրել:

Թեև Մարտիրոսյանը համաձայն չէ քննության ընթացքի հետ, բայց չի պատրաստվում բողոքարկել ՀՔԾ-ի գործողությունները. - «Այդ անհամաձայնությունը արտահայտելու համար ես պետք է մեր արդարադատության համակարգով ամբողջ անցնեի, վերադասության կարգով բողոքարկեի: Չեմ պատրաստվում անել, որովհետև ես այդքան միամիտ չեմ Հայաստանում արդարադատություն ակնկալելու համար»:

Արդարադատությունը գտնելու միակ տեղը, նրա խոսքով, Եվրադատարանն է, բայց այդ ճանապարհով էլ չի ուզում գնալ. - «Առաջին հերթին Եվրոպական դատարան դիմելու դեպքում նաև ֆինանսական հատուցում էի պահանջելու, որը, ցավոք սրտի, մեր քաղաքացիներն են վճարում: Հայաստանում ռեգրեսիվ կարգով այդ գումարը մեղավորներից ստանալու մեխանիզմ չկա: Երկրորդ` ինքը գործը երկար ժամանակ է տևում` առնվազն մի քանի տարի կտևի: Այդ մի քանի տարվա ընթացքում իրավիճակներն այնքան են փոփոխվում, որ դա որևէ կերպ չի կարող ազդել համակարգի վրա»:

Արմեն Մարտիրոսյանի ունեցած տեղեկությամբ, ապրիլյան դեպքերին առնչություն ունեցող երկու ոստիկաններ հեռացվել են համակարգից, բայց այս տեղեկությունը պաշտոնական չէ. չի հրապարակվել, որովհետև, ըստ նրա, եթե հրապարակվեր, «այլ ոստիկանները, ըստ էության, շատ կմտածեին մինչև նմանատիպ քայլեր կիրականացնեին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG