Մատչելիության հղումներ

Ներկաները վրդովմունքով արձագանքեցին դատարանի որոշմանը


Ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստների գործով այսօրվա դատական նիստին հետևողները «ամոթ, ամոթ» բացականչություններով արձագանքեցին դատարանի որոշմանը, որով Վերաքաննիչ դատարանը մերժեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու և անձնական երաշխավորությամբ նրան ազատ արձակելու՝ 110 անվանի գործիչների, մտավորականների ու արվեստագետների միջնորդությունը։

Մերժման որոշումը լսելուն պես նիստի ներկաները սկսեցին վրդովված բացականչել ու մեղադրել դատարանին՝ իրենց կարծիքով՝ անարդար վճիռ կայացնելու համար.- «Այլանդակներին թողնում եք, նրանց եք բռնում, հա՞»,- զայրացած էին ներկաները։

Խուլիգանության և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 2011-ի օգոստոսի 9-ից կալանավորված Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու համար պաշտոնապես ստորագրված երաշխավորագրեր ներկայացրածների թվում էին ԱԺ մեկ տասնյակ պատգամավորներ՝ Կոնգրեսի խմբակցությունից Լևոն Զուրաբյանը, Նիկոլ Փաշինյանն ու Լյուդմիլա Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից՝ Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանն ու Ստեփան Մարգարյանը, անկախ պատգմավոր Էդմոն Մարուքյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։ Առաքելյանի ազատության համար երաշխավորել էին նաև Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, Ազգային ժողովում Հայաստանի նախագահի նախկին մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, դերասան Հովհաննես Ազոյանը, երգահան Դավիթ Ամալյանը և տասնյակ այլ արվեստագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հայտնի լրագրողներ։

Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու որոշում կայացնելու պարագայում այս 110 անձանցից յուրաքանչյուրը պարտավորվել էր վճարել 500 000-ական դրամ, և եթե ակտիվիստը դրսևորեր պատշաճ վարքագիծ և չթաքնվեր քննությունից, դատավճռից հետո գումարը կվերադարձվեր։ Սակայն դատարանը մերժեց այդ միջնորդությունը առանց հիմնավորման։

Որոշումը բացականչությունների ներքո ընթերցելուց հետո դատարանը՝ Եվա Դարբինյանի գլխավորությամբ, արագ հեռացավ, առանց նույնիսկ հաջորդ դատական նիստի օրը նշանակելու։

Տիգրան Առաքելյանը միայն երկու բառ ասելու հնարավորություն ունեցավ՝ բացականչելով.- «Այս գործով անպայման արդարադատություն իրականանալու է, ինչ դատարանի կազմ էլ լինի»։ Նրա թևերին անմիջապես ձեռնաշղթաներ հագցրեցին և տարան։

«Դատարանը շատ բարդ իրավիճակում հայտնվեց այս միջնորդությանը լուծում տալու առումով, բայց գոնե իմ համար դատարանի նմանօրինակ որոշումը կանխատեսելի էր, բոլորս հասկանում ենք, որ, ցավոք սրտի իրավական պետությունում չենք ապրում, Հայաստանի Հանրապետությունում անկախ դատարան գոյություն չունի, և որոշումը բնականաբար, կայացվել է այլ վայրում» ,- ասաց փաստաբան Մուշեղ Շուշանյանը.- «Այս իմաստով սա կարելի է ընդամենը գնահատել Հայաստանի Հանրապետության հանրությանը, քաղաքացիական հասարակությանը ուղղված ապտակ։ Սա շատ ցինիկ քայլ էր իրենց կողմից»։

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը սա որակեց բոլոր քաղաքացիական ակտիվիստներին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ուղղված «պարզ մեսիջ»։

«Ուզում է ցուցադրել ամբողջ հասարակությանը, որ եթե ինքը կամենա, մարդիկ կարող են երկար տարիներ անցկացնել բանտում»,- նշեց Զուրաբյանը։

«Իմիջիայլոց սա ռեկորդ է Տիգրանի մոտ, մինչև հիմա ոչ ոք այսքան չի նստել որպես քաղբանտարկյալ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը,- «Անկախության 22-ամյակ նշող երկրի համար ամոթ է, խայտառակություն է քաղաքական բանտարկյալ պահելը...Վերջին օրերին իրենց կոպտագույն սխալը այլ հանցագործների բաց թողելն էր, այս ֆոնի վրա սրվեց այս ամենը, գործընթացն այսպիսի ձնագունդ չէր դառնա, եթե տասնյակ կրակոցներով, սպանություններով ու այլանդակություններով լեցուն գործերով մարդիկ դուրս չգային կալանավայրերից, խափանման միջոց փոխվեց։ Այսինքն իշխանությունը սպանության գործերով մարդկանց տուն է ուղարկում, իսկ միտինգի մասնակցողին երկու տարուց ավելի պահում է»։

Կոնգրեսի ակտիվիստների գործով դատաքննությունը ավարտվում է։ Պաշտպանական և մեղադրող կողմերի մասնակցությամբ դատական վիճաբանությունների փուլից հետո դատարանը կկայացնի իր վճիռը։
XS
SM
MD
LG