Մատչելիության հղումներ

Դամասկոսը քիմիական գրոհի համար ընդդիմությանն է մեղադրում է


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովին։ Դամասկոս, 17 սեպտեմբերի, 2013թ.

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովին։ Դամասկոս, 17 սեպտեմբերի, 2013թ.

Մոսկվան պնդում է, թե Սիրիայի իշխանություններից ստացել է տեղեկություններ այն մասին, որ քիմիական գրոհը զինյալ ապստամբներն են իրականացրել։

Այդ մասին Դամասկոսում Սիրիայի արտաքին գործոց նախարար Վալիդ ալ-Մուալեմի հետ զրույցից հետո ասել է Ռուսաստանի արտաքին գործոց փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն, ով այսօր ավելի ուշ հանդիպել է նաև նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։

Նախագահն աջակցության համար շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և ասել է, որ Մոսկվայի օգնությամբ հաջողվում է վերականգնել գլոբալ հավասարակշռությունը։

Ռյաբկովն ասել է, որ ռուսական կողմն ամենայն ուշադրությամբ վերլուծելու է այդ նյութերը։ Նա նշել է նաև, որ Մոսկվան հիասթափված է Դամասկոսում քիմիական գրոհի մասին ՄԱԿ-ի փորձագետների պատրաստած զեկույցից։ Այն, ըստ ռուսաստանցի դիվանագետի, «քաղաքականացված է և միակողմանի»։

Արևումտքը համոզված է, որ Դամասկոսում քիմիական զենքն Ասադի վարչակարգն է կիրառել և ի պատրասխան դրան սպառնում է ռազմական հարվածներով։

Օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի մահաբեր բաղադրիչը զարին գազն է եղել, սպանվել է ավելի քան 1400 խաղաղ բնակիչ, այդ թվում հարյուրավոր կանայք և երեխաներ։

Մոսկվան պնդում է, թե տեղի ունեցածը սադրանք է, որի նպատակն է արդարացնել Սիրիային հարվածներ հասցնելու մտադրությունը։

Ռյաբկովը Դամասկոսում սիրիացիների հետ քննարկում է քիմիական զենքի ոչնչացման ռուս-ամերիկյան համաձայնությունը, որն անցած շաբաթավերջին կայացվել է Ժնևում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի բանակցությունների արդյունքում։ Համաձայնության իրականացումը թույլ կտա կանխել Արևմուտքի կողմից Սիրիային հարվածներ հասցնելու տարբերակը։

Համաձայնագրի առաջին կետով Սիրիան պարտավորվում է Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությանը մեկ շաբաթվա ընթացքում հստակ տեղեկություններ հայտնել քիմիական զենքի պաշարների, տեսակի և տեղակայման մասին։

Ռյաբկովը Դամասկոսում ասել է, որ Ռուսաստանը Սիրիային կոչ է անում արագ և լիարժեք համագործակցել կազմակերպության հետ։

Մինչդեռ, ՄԱԿ-ի քիմիական զենքի հարցերով փորձագետների խմբի ղեկավար Ակե Սելստրոմն ասել է, որ թիմն առաջիկա շաբաթների ընթացքում նորից կմեկնի Սիրիա՝ ավարտելու օգոստոսի 21-ի գրոհի հանգամանքների հետազոտությունը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները երեկ Նյու Յորքում քննարկել են Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման մասին բանաձևի ռուս-ամերիկյան օրինագիծը։ Հաղորդվում է, որ առաջընթաց չկա, քանի որ կողմերն ունեն լուրջ տարաձայնություններ։ Քննարկումները կշարունակվեն այսօր։

«Սիրիայի ազգային դաշինք» ընդդիմադիր կառույցի նախագահ Ահմադ ալ-Ջարբան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել ընդունել հստակ որոշումներ, որոնք Ասադին չեն ընձեռի պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն։

«Մենք չենք ցանկանա, որ պատմության դասագրքերում արձանագրվի, որ 21-րդ դարում որևէ ռեժիմ համարձակվել է կիրառել միջազգայնորեն արգելված զենք և պատասխանատվություն չի կրել»,- ասել է ընդդիմության ղեկավարը։

Ռյաբկովը, սակայն, հավաստիացրել է Դամասկոսին, որ ՄԱԿ-ի Խարտիայի 7-րդ հոդվածը որևէ պարագայում չի օգտագործվի։

Այդ հոդվածը Անվտանգությըան խորհրդին լիազորում է խաղաղությանը սպառնալու կամ ագրեսիայի վտանգի իրավիճակներում սահմանել պատժամիջոցներ և արտոնել ուժի գործադրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG