Մատչելիության հղումներ

Փորձագետ. ՄՄ-ին անդամակցությունը կհանգեցնի ավտոմեքենաների գների բարձրացմանը


Հայաստանում ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող ընկերություններն ու անհատները գտնում են, որ Մաքսային միությանը (ՄՄ) անդամակցելուց հետո մեր երկրում կբարձրանան ավտոմեքենաների մաքսատուրքերը, հետևաբար` նաև գները:

«Հայաստանում զուտ մեքենաների շուկայի հետ կապված [անդամակցությունը Մաքսային միությանը] ոչ մի լավ բանի չի բերի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց autopro.am կայքի ներկայացուցիչ Ռազմիկ Պետրոսյանը: - «Մինչև այդ էլ մեր երկրում մաքսային տուրքերը բարձր էին, և դրա համար մեքենաների գները բարձր էին: Իսկ այս բանից հետո, ինձ թվում է, մի քանի անգամ կբարձրանան մաքսային տուրքերը, և դրանից ելնելով` դրսից բերված [Եվրոպայից և Ամերիկայից] մեքենաների գները մի քանի անգամ կարող են թանկանալ»:

«Դա կբերի նրան, որ մարդիկ կսկսեն քշել ռուսական արտադրության մեքենաներ», - կանխատեսեց Պետրոսյանը` շարունակելով. - «Ռուսաստանի համար դա կլինի նոր շուկա, կներկրվեն մեծաքանակ ռուսական արտադրության մեքենաներ, որոնք, բոլորս գիտենք, 21-րդ դարում այնքան էլ որակով չեն, ապահով չեն»:

Այս մտավախություններն առավել հիմնավոր են ներկայանում, երբ դիտարկում ենք ՄՄ-ի անդամ երկրների փորձը: Ինչպես փոխանցեց «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայության տնօրեն Եդիգեն Մագաուինը, Մաքսային միության ստեղծումից (Ղազախստանն այդ միության հիմնադիր անդամներից է) անմիջապես հետո երկրում կտրուկ կերպով բարձրացան ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերը, հետևաբար` նաև գները:

«Դա արվում էր այն պատճառով, որ Ղազախստանը չունի ավտոմեքենաների սեփական արտադրություն: Իհարկե, կան ներկրված պահեստամասերով հավաքվող ավտոմեքենաների փոքր արտադրամասեր, բայց դրանք չեն կարող մրցակցել Ռուսաստանի խոշոր ավտոարտադրության հետ: Ղազախ տնտեսագետների գնահատմամբ` Ռուսաստանն այդպիսով ցանկանում է զարգացնել իր ավտոարտադրությունը Ղազախստանում: Թե որքանով դա հաջողվեց Ռուսաստանին, հայտնի չէ, բայց փաստ է, որ մինչև Մաքսային միությանն անդամակցելը ավտոմեքենաների մաքսատուրքերը իջեցվել էին, և Ղազախստանի քաղաքացիները սկսել էին մեծ քանակությամբ ավտոմեքենաներ գնել»:

Ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերի ու գների աճ է գրանցվել նաև ՄՄ-ի անդամ Բելառուսում:

«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության` Մաքսային միության հարցերով փորձագետ Ալեքսեյ Զնատկևիչի փոխանցմամբ, նախքան ՄՄ-ին անդամակցելը իրենց երկրում ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքերը զգալիորեն ցածր էին հարևան Ռուսաստանում գործող մաքսատուրքերից, իսկ անդամակցելուց հետո մաքսատուրքերը Բելառուսում աճեն են 4-10 անգամ:

Զնատկևիչի խոսքով, մինչև ՄՄ-ին անդամակցելը բելառուսական ավտոշուկան հագեցած էր. ավտոմեքենաները ներկրվում էին հիմնականում Գերմանիայից ու վաճառվում էին նաև ռուսական շուկայում. - «Սակայն նոր` բարձր մաքսատուրքերը գրեթե սառեցրել են այդ շուկան»:
XS
SM
MD
LG