Մատչելիության հղումներ

Բուդաղյանները բողոքարկել են Խաչատրյանի որդուն և թիկնապահին ազատելու որոշումը


Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետի տան մերձակայքում սպանված Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչը երեկ բողոքարկել է Սուրիկ Խաչատրյանի որդուն և թիկնապահին քրեական հետապնդումից ազատելու որոշումը:

Փաստաբան Հայկ Ալումյանն իր բողոքը հասցեագրել է զինդատախազի տեղակալ Արտակ Հարությունյանին: Փաստաբանը խնդրել է վերացնել Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումները:

«Որոշումների մեջ բերված իրավական գնահատականները չեն բխում գործի տվյալներից: Գործի հանգամանքները ներկայացված են խեղաթյուրված ձևով: Որոշումների մեջ հարցաքննված վկաների ցուցմունքներից բերված են միայն այն անձանց ցուցմունքները, ովքեր կամ Սուրիկ Խաչատրյանի հարազատներն են կամ մերձավորները: Ձևի համար մեկ-երկու շատ փոքրիկ պարբերություն մեջբերում է արված [Ավետիք Բուդաղյանի հոր] Էմիլ Բուդաղյանի ցուցմունքից: Ոչ մի խոսք չի գնում, որ [գործով մեղադրյալ, ՊԲ հրամանատար, գնդապետ] Արտակ Բուդաղյանը, որը դեպքի մասնակից է եղել, տվել է լայնածավալ ցուցմունքներ: Ցանկացած գործով հնարավոր է հիմնավորել ամեն մի բան, եթե մեջբերես ու գնահատականի արժանացնես միայն կողմերից մեկի ցուցմունքները»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր բողոքի հիմքերը մեկնաբանեց Հայկ Ալումյանը:

«Ազատություն».- Պարոն Ալումյան, փաստորեն, Դուք բողոք եք ներկայացրել հսկողություն իրականացնող դատախազին: Հնարավո՞ր է՝ այս հարցը հասցնեք դատարան:

Ալումյան.- Մերժումը ստանալուն պես մենք իրավունք կունենանք դատարանում վիճարկել այս անհեթեթ որոշումները: Ընդ որում, ես, ճիշտն ասած, իմ բողոքների մեջ նշել եմ, որ քննիչի՝ այս կարգի որոշումներ կայացնելը, հնարավոր է, որ նպատակ է հետապնդում պարտակել առանձնապես ծանր հանցագործություն:

«Ազատություն».- Հնարավո՞ր է՝ քննիչի (Ալեքսան Ղազարյանի) գործողությունների կապակցությամբ դիմեք Հատուկ քննչական ծառայություն:

Ալումյան.- ՀՔԾ ես, իհարկե, դիմելու եմ: Երբ որ դատական կարգով կհասնենք նրան, որ հանգուցյալ Ավետիք Բուդաղյանը սպանության փորձ չի կատարել, այլ ինքնապաշտպանվել է դեպքի վայրում, դրանից հետո ես, իհարկե, դիմելու եմ, որ քրեական գործ հարուցվի որոշումը կայացրած քննիչի դեմ:

«Ազատություն».- Իսկ Սուրիկ Խաչատրյանի որդուն և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո, Ձեր գնահատմամբ, ինչպե՞ս է ընթանում նախաքննությունը:

Ալումյան.- Նախաքննությունը որևէ ձևով չի ընթանում: Նախաքննական մարմինը կենդանության նշույլներ ցույց չի տալիս, բացի երկու մերժումից, որ ես ստացել եմ, երբ ես խնդրել եմ ինձ տրամադրել գործի նյութերը: Այս քրեական գործը սկսվել է անհեթեթություններով և շարունակվում է անհեթեթություններով:

«Ազատություն».- Եթե ներպետական ատյաններում արդարության չհասնեք, կդիմե՞ք Եվրոպական դատարան:

Ալումյան.- Մինչ այս պահը արդեն իսկ Կոնվենցիայի խախտումները այնքան շատ են, որ այս գործը, ամենայն հավանականությամբ, կլուծվի Հայաստանի դեմ: Հուսով եմ, որ դեռ ՀՀ-ում ատյանները անցնելիս մենք կկարողանանք հասնել արդարության:

«Ազատություն».- Ձեր տեղեկություններով, նախաքննական մարմինն իր առջև խնդիր չունի՞ պարզելու, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել հունիսի 1-ին Գորիսում:

Ալումյան.- Նախաքննական մարմինը ունի իր առջև դրած մի խնդիր, որ գործը հանկարծ դատարան չմտնի: Հենց այս տրամաբանությամբ իրենք փորձելու են Արտակ Բուդաղյանի վրայից էլ մեղադրանքը հանել: Քանի որ, տեսեք, եթե Արտակ Բուդաղյանը մեղադրվում է սպառնալիքի մեջ, իրենք ուզեն թե չուզեն, գործը պիտի հասցնեն դատարան: Իսկ եթե գործը հասնի դատարան, և տեղի ունենա արդար քննություն, գոնե հրապարակային քննություն, հանրությունը կհամոզվի այս գործում իրական մեղավորների՝ ով լինելու մեջ: Դրա համար շրջանառության մեջ է գցվել նաև այն խոսակցությունը, որ տուժող ճանաչված Լորետա Բարսեղյանը կհայտարարի, որ բողոք չունի, Արտակ Բուդաղյանի դեմ քրեական հետապնդումը կդադարեցվի, դրա շարունակությունն էլ կարդացեք՝ գործը չի հասնի դատարան:

Սցենարը ի սկզբանե գծված է եղել, և հիմա իրենց սցենարով փորձում են գնալ առաջ: Քննիչը «ապացուցված» է համարել, որ Ավետիք Բուդաղյանը կատարել է սպանության փորձ և Ավետիք Բուդաղյանը տուժողներից մեկին հասցրել է մարմնական ծանր վնասվածք: Մենք համաձայն չենք այդ գնահատականների հետ և բողոքի մեջ նույնպես արտացոլված է, մենք պահանջել ենք, որ քրեական գործը քննվի դատարանում: Եթե մահացածի հարազատները առարկում են այս որոշման դեմ, ապա իրավունք ունեն պահանջել, որ մահացածի վերաբերյալ քրեական գործը քննվի դատարանում և դատարանը որոշի՝ իրո՞ք մահացածը կատարել է այն հանցագործությունները, որոնց մասին նշված է քննիչի որոշման մեջ:
XS
SM
MD
LG