Մատչելիության հղումներ

Էդվարդ Միլիտոնյան. «Մենք ունենք 420 թեկնածու»


Հայաստանի գրողների միության քարտուղար Էդվարդ Միլիտոնյան

Հայաստանի գրողների միության քարտուղար Էդվարդ Միլիտոնյան

Հայաստանի գրողների միությունում ստեղծվել է միության արտահերթ համագումարի նախապատրաստման հանձնաժողով:

Համագումարում, որ նախատեսվում է անցկացնել առաջիկա նոյեմբերին, ընտրվելու է Գրողների միության նոր նախագահը, որը կփոխարինի հանգուցյալ Լևոն Անանյանին:

Գրողների միության քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ միությունը շարունակելու է Անանյանի գլխավորությամբ սկսած բոլոր ծրագրերը:

«Որովհետև կազմակերպչական շատ հարցեր այս 12 տարում լուծված են, հիմա շեշտը մի քիչ կփոխադրենք ստեղծագործական հարցերի վրա», - նշեց Դեմիրճյանը:

Մինչև արտահերթ համագումարը Գրողների միության ղեկավարի պարտականությունները կատարում է միության քարտուղար, բանաստեղծ, արձակագիր Էդուարդ Միլիտոնյանը: Գրական շրջանակներում արդեն խոսակցություններ կան, թե հենց նա էլ համագումարում կընտրվի միության նախագահ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Միլիտոնյանն ասաց, որ չի ուզում այդ մասին խոսել. - «Որովհետև կգա համագումարի օրը, այդ մասին արդեն բոլորը կիմանան: Հիմա խոսել անունների մասին, իմ թեկնածության մասին, ես պատշաճ չեմ համարում»:

Նա ասաց, թե չի կարծում, որ կառաջանան ինչ-ինչ խմբավորումներ. - «Մենք` գրողների միության անդամներս, գիտենք ով ով է, և այստեղ խառնակություններ ստեղծել… Կան մարդիկ, որոնք հիշում են մարդկանց արածը, մարդկանց գործը: Գրողների միությունում այնպես չէ, որ վարագույրի հետևում գործեն. այստեղ բոլորը ճանաչում են իրար, և կարծում եմ, հենց դա կօգնի, որպեսզի մարդիկ, որոնք ուզում են թեկնածու լինել, Աստված իրենց հետ, ո՞վ է խանգարում: Մենք հիմա ունենք կարելի ասել 420 թեկնածու, որովհետև մեր անդամները` Հայաստանի և Արցախի, այդքան են»:

Գրականագետ Սուրեն Դանիելյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Եթե անկեղծ լինեմ, և մեր հասարակությունն էլ ավելի բարձր ու կազմակերպված լիներ, իմ կարծիքով, Գրողների միության կարիքը չկար: Որովհետև դա մի ընդհանուր տանիք է, որը շուրջ համախմբվում են և’ ապաշնորհները, և’ շնորհալիները: Դա մի տանիք է, որտեղ մենք չենք էլ մտածում գրական վաստակի ռեալ գնահատությունների մասին: Լավ գործը ստեղծվում է, երբ դու առանձին են, քո պատմությունը, քո ժողովուրդը, գեղարվեստականի, գեղեցիկի ընկալման քո ճանապարհը դու ես անցնում: Գրողների միության ոչ մի նախագահ չի ասելու` դու այսպես գրիր, նա այնպես գրի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG