Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 23-ին Սոչիում կհանդիպեն ՀԱՊԿ երկրների ղեկավարները


Ռուսաստան - ՀԱՊԿ-ի մոսկովյան գագաթնաժողովի մասնակիցները, 19-ը դեկտեմբերի, 2012թ․
Ռուսաստան - ՀԱՊԿ-ի մոսկովյան գագաթնաժողովի մասնակիցները, 19-ը դեկտեմբերի, 2012թ․

Կազմակերպության նախագահությունը Սոչիում Ղրղըզստանից կփոխանցվի Ռուսաստանին:

Սեպտեմբերի 23-ին Սոչիում անցկացվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջը:

ԱՊՀ-ի վեց երկրներից բաղկացած ռազմաքաղաքական այս կառույցի անդամներից է նաև Հայաստանը: Մյուս երկրներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:

Կրեմլի հաղորդագրությունում նշված է, որ քննարկվելու են դաշնակցային համագործակցության հետագա ամրապնդման, ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգերը բարելավելու հարցերը, կազմակերպության ռազմաօդային ուժեր ստեղծելու հնարավորությունը, ինչպես նաև ուսումնասիրվելու է, թե ինչպես են իրականացվել մինչ այս կայացված որոշումները, մասնավորապես՝ անցած տարվա դեկտեմբերին կայացած ՀԱՊԿ-ի խորհրդի ու այս տարվա մայիսին Բիշքեկի ոչ պաշտոնական գագաթնաժողովի որոշումները:

Հաղորդագրությունում նաև նշված է, որ Սոչիի հանդիպմանը մեծ ուշադրություն է դարձվելու ՀԱՊԿ-ի անդամ երկրների սահմանների պաշտպանությանը՝ առաջին հերթին հաշվի առնելով, որ 2014 թվականից Աֆղանստանից դուրս են բերվելու միջազգային ռազմական ուժերը:

Սոչիում ՀԱՊԿ-ի նախագահությունը Ղրղըզստանից անցնելու է Ռուսաստանին՝ կազմակերպության անդամ երկրները ռոտացիոն կարգով, հերթով նախագահում են: Այս կապակցությամբ նաև ներկայացվելու են Ռուսաստանի նախագահության ընթացքում ՀԱՊԿ-ի առաջնահերթությունները:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնել է, որ կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիպման նախօրեին անցկացվելու է արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների, անվտանգության խորհրդի քարտուղարների խորհրդի նիստը:

Բորդյուժան ասել է, որ առաջարկվելու է ուժեղացնել Տաջիկստանի սահմանը Աֆղանստանի հետ: Վերջերս ՀԱՊԿ-ի փորձագետները տեղում ուսումնասիրել են իրավիճակը և եզրակացրել, որ Տաջիկստանի սահմանապահ ուժերին անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել:

Ինչ վերաբերում է միասնական օդուժին, ապա հիշեցնենք, որ ամիսներ առաջ այդ գաղափարը քննարկվել է: Առաջարկվում է ՀԱՊԿ-ի միասնական օդուժում ընդգրկել կործանիչներ, ռմբակոծիչներ և ռազմական տրանսպորտային օդանավեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG