Մատչելիության հղումներ

Կարկտահարությունից տուժածներին փոխհատուցումը չի բավարարում


Կարկտահարությունից տուժածներին փոխհատուցումը չի բավարարում
please wait

No media source currently available

0:00 0:02:53 0:00

Կարկուտից 100 տոկոսավ տուժած բնակիչները ստիպված են բավարարվել 50 հազարական դրամով

Արմավիրի մարզի մայիսյան կարկտահարությունից տուժած Արևիկ գյուղի բնակիչներից մեկը որպես օգնություն զուգարանի թուղթ է ստացել։ Տուժած բնակիչներին օգնություն է տրամադրել թե պետությունը, և թե տարբեր կազմակերպություններ։

Այսօր Ազգային ժողովում ներկայացնելով արդյունքները՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ասաց, որ անհամեմատ մեծ ծավալների օգնություն է տրամադրվել։ Օրինակ, պետության կողմից 1500 ընտանիքների 50 հազարական դրամներ են տրվել։ Եվս 40 հազարական դրամ է տվել ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամը։

Զրուցակիցս, ով Արևիկ գյուղի բնակիչներից է, պատմեց, որ կարկտահարությունից հետո իր 5000 մետր կազմող հողամասում բերքը 100 տոկոսով վնասվել է։ Օգնություն է ստացել նաև ինքը, մինչդեռ դժվար է ասել՝ դա վնասի քանի տոկոսն է կազմում։

«12 միլիոն դրամի վնաս եմ ստացել, իսկ օգնություն ստացել եմ 50 հազար ու 40 հազար դրամ»,- ասաց նա։

Վիճակը նույնն է ամբողջ գյուղում։ Այն հարցին, թե արդյոք գյուղացիները պատրաստվո՞ւմ են նորից ճանապարհ փակել, ասացին, որ անիմաստ են համարում, արդեն հարմարվել են վիճակին։

ԱԺ լսումներին գյուղնախարարը ասաց, որ չնայած վնասին, ընդհանուր առմամբ բերքառատ տարի է եղել, իսկ տուժած համայնքներում ամեն ինչ մեկ-երկու տարում կվերականգնվի։ Վերաձևակերպվել են նաև վարկերը, պետությունը կսուբսիդավորի տոկոսադրույքների մի մասը։

Հաջորդը ելույթ ունեցավ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով մարզի անունից շնորհակալություն հայտնեց բոլորին տրամադրված օգնության համար։ «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք ինչ-որ չափով մեղմացրե՞լ է տրամադրված օգնությունը գյուղացիների վնասը, Ղահրամանյանը այսպես պատասխանեց.- «Մարզը 25 միլիարդ վնաս է ստացել և մոտավորապես 7-8 միլիարդի օգնություն։ Ես նշեցի, որ 10 միլիարդ էլ տային, բնական է, 25 միլիարդի դիմաց քիչ կլիներ։ Բայց այսպիսի աննախադեպ օգնություն երբևիցե մեր նորագույն պատմության մեջ չի եղել»։

Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած 46 համայնքներից կեսը ընդհանրապես բերք չեն տեսել, այստեղ մարզպետի բնորոշած «աննախադեպ օգնության» հետ ծանոթ չեն, ինչպես մեզ հետ զրույցում պատմեցին գյուղացիները, տնտեսությունների 80-90 տոկոսը վարկեր ունեն, իսկ կարկտահարությունից հետո շատերը ստիպված են եղել մեկնել արտագնա աշխատանքի։

Իսկ ինչպե՞ս անել, որ նման դեպքերը բացառվեն ապագայում։ Պատգամավորները առաջարկեցին Կենտրոնական բանկին լրջորեն զբաղվել տրամադրվող վարկերի տոկոսադրույքների հարցով, քանի որ դրանք շատ բարձր են։

Խոսվեց նաև այս ոլորտում ապահովագրություն ներդնելու մասին. գյուղնախարարը ասաց, որ չնայած ոլորտը շատ ռիսկային է, բայց մի քանի ընկերություններ նախնական համաձայնություն են տվել։ Քննարկվեց նաև հակակարկտային կայանների հարցը։

Ի դեպ, կարկտահարված գյուղերում ինչպես ամեն տարի, ձմռան համար պետք է վարկեր վերցնեն։ Քանի որ կարկտահարության արդյունքում գյուղացիների մեծամասնությունը չի կարողացել մարել նախկին վարկերը, ստացվելու է, որ մյուս տարի նրանք արդեն երկու վարկ կունենան, իսկ այգիների բերքատվությունը ամբողջովին կվերականգնվի միայն երկու տարի հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG