Մատչելիության հղումներ

Բողոքի ցույց Դինքի գործով դատավարության ընթացքում


Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցի առթիվ ցուցարարները հավաքվել են «Ակոս»-ի խմբագրատան մոտ: 19-ը հունվարի, 2012թ.

Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցի առթիվ ցուցարարները հավաքվել են «Ակոս»-ի խմբագրատան մոտ: 19-ը հունվարի, 2012թ.

Ցուցարարները վանկարկել են «Մարդասպան պետությունը պատասխան է տալու» և «Բոլորս Հրանտ Դինք ենք, բոլորս հայ ենք» կարգախոսները։

Հայազգի լրագրող, «Ակոս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանում, որն ունի բողոքարկման ատյանի լիազորություն, այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում շենքի մոտ հավաքվել են մոտ երկու հարյուր ցուցարարներ, ովքեր իշխանություններին մեղադրում են պետական համակարգում ընդհատակյա գործող ազգայնական տարրերի հանցանքները կոծկելու մեջ։

Ցուցարարները վանկարկել են «Մարդասպան պետությունը պատասխան է տալու» և «Բոլորս Հրանտ Դինք ենք, բոլորս հայ ենք» կարգախոսները։ Նրանք ձեռքերում պահել են հայերեն, թուրքերեն և քրդերեն լեզուներով պաստառներ։

Ցուցարարների համոզմամբ, Դինքի սպանությունը ծրագրել և իրականացրել է անվանի ազատական մտավորականներին, ինչպես նաև քուրդ առաջնորդներին ոչնչացնելու նպատակ հետապնդող ազգայնական գաղտնի կառույցը, որն առնչություն ունի պետության հետ։

Այս նիստին հետևել է նաև «Ռոյթեր» լրատվական գործակալությունը, որը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Թուրքիայի իշխանություններին մշտապես քննադատած Հրանտ Դինքին 2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս»-ի խմբագրատան մոտ սպանել է Օգյուն Սամաստը, ով այն ժամանակ 17 տարեկան էր։ 2011-ին Սամաստը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման։

Թուրքիայի դատարանները մարդու ու մասնավորապես ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպան Դինքին երեք անգամ մեղավոր են ճանաչել «թուրքական ինքնությունը վիրավորելու» հոդվածով։ Հանցագործությանը նախորդող ամիսներին ազգայնական շրջանակները Դինքի հասցեին սպառնալիքներ են հնչեցրել։

Դինքի ընտանիքն ի նշան բողոքի հրաժարվել էր ներկա լինել դատավարությանը։ Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ, դա նախապես ընդունված որոշում էր։ Նիստին ներկա էր միայն փաստաբանը։

Ընտանիքը համոզված է, որ խմբագրապետի սպանությունը ծրագրել է ոչ թե ինչ-որ առանձին «հանցավոր խմբավորում», ինչը դատարանն է փորձում ապացուցել, այլ կառույց, որը կապ ունի պետության հետ։

«Ակոս»-ը հրապարակել է սպանված խմբագրապետի ընտանիքի ուղերձը։ «Ո՞վ կարող է արդյունավետ կերպով քննել սպանության գործը, եթե դրանում ներքաշված են պետական բոլոր մարմինները։ Մենք՝ Դինքի ազգականներս, ներկա չենք լինի այս վերսկսվող լսումներին, քանի որ չենք ցանկանում օգտագործվել մեզ ծաղրող պետական մեքենայի ձեռքում», - հայտարարել են խմբագրապետի ազգականները։

Դատարանները չեն արձագանքել «Էրգենեկոն»-ի գործով ձերբակալվածների հետ Դինքի սպանության մեջ ներքաշված մարդկանց կապերը պարզելու պահանջին։

Բագրատ Էստուկյանի խոսքերով, Դինքի բարեկամների և ընտանիքի նպատակը արդարության վերականգնումն է․ - «Մեր համոզումն այն է, որ այս ոճիրի հետևում կան պետական գործիչներ, բանակի, անվտանգության և ոստիկանության ծառայողներ, որոնք առ այսօր չեն հարցաքննվել։ Պատասխանատվությունը դրվել է միայն ոճրագործ 2-3 երիտասարդի վրա։ Մեր դժգոհությունը կապված չէ այդ երիտասարդների նկատմամբ ընդունված դատավճիռների հետ։ Մենք բողոքում ենք գործի մեջ միայն այդ երիտասարդներին ներրգրավվելու դեմ»։

«Ռոյթեր»-ը հայտնում է, որ անցյալ տարի Յասին Հալալը մեղավոր է ճանաչվել Օգյուն Սամաստին Հրանտ Դինքի սպանությանը դրդելու մեջ և դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Հայալն այսօր հայտարարել է, թե ոչ մի կապ չունի հանցավոր որևէ խմբավորման հետ։

Դատական նիստն ընդմիջվել է մինչև դեկտեմբերի 3-ը։
XS
SM
MD
LG