Մատչելիության հղումներ

«Առանց ՌԴ-ի Հայաստանի անվտանգության ապահովումը չափազանց դժվար կլինի»


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

«Հայաստանը չի ուզում երկրորդ անգամ լինել պարտադրված վիճակում։ Առաջին անգամ մեզ պարտադրել են պատերազմ և այդ պատերազմում մենք հաղթել ենք։ Որպեսզի երկրորդ անգամ բանակցային գործընթացը հաջողությամբ ավարտվի, այն պետք է կառուցվի երկխոսության, փոխադարձ հասկացության շրջանակներում, և եթե լինելու են զիջումներ, ապա պետք է լինեն փոխադարձաբար»,- այս մասին երեքշաբթի իր ելույթում նշեց պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

«Բայց, ցավոք սրտի, մեր հարևանները փորձում են մեզ հետ նորից ուժի միջոցով խոսել, պարտադրել իրենց ուժը, հասնել նրան, որ զիջումները լինեն միակողմանի, ինչն անընդունելի է»,- հավելեց նախարարը։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Օհանյանը նշեց, որ Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցության ամենակարևոր ուղղությունը ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունն է, առավել ևս, որ Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի նման հարևաններ ունի։ Նախարարը նաև հավելեց, որ 2010 թվականին Ռուսատանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ստորագրվել է համաձայնագիրը, որով Ռուսաստանը պարտավորվել է ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ամբողջությամբ։

«Որովհետև նույն մեր հարևանների արդեն իսկ այն ժամանակահատվածի պաշտպանական կարողությունները հետզհետե վերածվում են հարձակողական կարողությունների, և այդ առումով առանց ՌԴ-ի մեր անվտանգության ապահովումը չափազանց դժվար կլինի, եթե միայն Ադրբեջանը լիներ, մենք խնդիր չունեինք»,- ասաց նախարարը։

Նախարարը նշեց, որ Ռուսաստանի հետ կնքված ռազմավարական գործընկերության համաձայնագիրը երկարաժամկետ է և միացյալ զորախմբի կազմով և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համակարգում իրականացնում են համատեղ անվտանգության ապահովումը։

«Արդեն երկար տարիներ իրականացվում է ժամանակակից և համատեղելի սպառազինության մատակարարումը Հայաստան, որպեսզի մենք կարողանանք տարածաշրջանում համապատասխան հավասարակշռություն պահպանենք, և այն շարունակելի է լինելու, և այդ խնդիրներում ներառված են նաև հրթիռային համակարգերը, որոնց ուղղությամբ մենք այսօր բանակցություններ և համապատասխան աշխատանքներ ենք տանում»,- նշեց Օհանյանը։

Ելույթից հետ նախարարը պատասխանեց ուսանողների հարցերին։

Հարցին, թե հնարավո՞ր է ռուսական բանակի օրինակով Հայաստանում էլ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել մեկ տարով, նախարարը պատասխանեց.- «Մեր իրականությունը մի քիչ այլ է։ Գիտեք, որ անվտանգության այն միջավայրը, որը գոյություն ունի, մեզ ստիպում է, որպեսզի բանակի համալրմանը մենք լուրջ վերաբերվենք։ Երկու տարին այն ժամանակահատվածն է, որ զինծառայողները կարող են 6 ամիս սովորել ուսումնական տարբեր զորամասերում, ձեռք բերել մասնագիտություն և մնացած մեկ ու կես տարին համապատասխան ծառայություն տանել։ Նաև դա կապված է մեր ժողովրդագրական խնդիրների հետ»։

Իսկ ուսանողների այն մտահոգությանը, թե ըստ շրջանառվող լուրերի՝ այս տարի ձմռան զինակոչ չի լինելու, որի արդյունքում ձմռանը զորացրվողները իրենց ժամկետից երկար են ծառայելու, նախարարը պարզաբանեց.- «Զորակոչի ամիսների փոփոխությունները կապված են 12-ամյա կրթության հետ, որպեսզի հնարավորություն տրվի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել բուհ։ Մայիս-հունիս ամսվա զորակոչը մենք ստիպված ենք անցկացնել հուլիս-օգոստոս ամիսներին, նաև ձմեռային զորակոչն իրականացվելու է դեկտեմբերի վերջից մինչև փետրվարի սկզբները։ Մեկ տարի, ովքեր զորացրվելու են, մեկ ամսով ավելի պետք է իրենց ծառայությունը տանեն, բայց մեկ ամիս ավելացված ծառայության համար իմ հրամանով առաջին գծում ծառայություն չեն իրականացնելու։ Վերջին մեկ ամիսը զորամասի ներսում են լինելու, այնուհետև զորացրվելու են։ Մենք ստիպված ենք, դա մեկ տարի կտևի, որից հետո արդեն հունի մեջ կմտնի»։
XS
SM
MD
LG