Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվայում բացվեց հայկական եկեղեցական համալիրը


Մոսկվայի նորակառույց հայկական եկեղեցական համալիրը

Մոսկվայի նորակառույց հայկական եկեղեցական համալիրը

Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր օծվել է Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցին և բացվել է եկեղեցական համալիրը:

Մայր Տաճարի օծման հանդիսավոր ծիսակատարությունը կատարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը: Արարողությանը ներկա է եղել և իր օրհնությունն է բերել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը:

Արարողությանը ներկա են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը, Ռուսաստանի պետական և հասարակական գործիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Հայաստանի և արտերկրի խոշորագույն թեմերի առաջնորդներ, Ռուսաստանի կրոնական հարանվանությունների առաջնորդներ, ներկայացուցիչներ և բարերարներ:

Մոսկվայի կենտրոնում ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ կառուցված հայկական եկեղեցական համալիրը, որի շինարարական աշխատանքներն սկսվել էին դեռևս 2006 թվականից, ընդգրկում է Մայր Տաճարը, Սուրբ Խաչ եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը, հանդիսությունների ու հյուրասիրությունների սրահները, թանգարանը:

Եկեղեցական համալիրը կառուցված է բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը` հայոց պատմական մայրաքաղաք Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով և գոտևորված է խաչերով, զարդաքանդակներով ու մեսրոպատառ գրերով: Համալիրն իր ամբողջ տեսքով ու հարթաքանդակներով մոսկվացիներին և Ռուսաստանի մայրաքաղաքի հյուրերին պատմում է հայ ժողովրդի մասին, ներկայացնում հայոց պատմության դարակազմիկ էջերը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ՝ Մայր Տաճարի օծման հանդիսավոր արարողությունից հետո Սերժ Սարգսյանը կազմակերպիչների, բարերարների և հյուրերի հետ միասին եկեղեցու վարչական շենքի նախասրահում դիտել է «Հայերը Մոսկվայում. պատմական ուղին» ցուցահանդեսը, որը կազմակերպել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը, Հայաստանի ազգային արխիվը, Ռուսաստանի արխիվի դաշնային գործակալությունը, Մոսկվայի արխիվի գլխավոր վարչությունը և Մոսկվայի կենտրոնական պետական արխիվը:

Հայաստանի նախագահն այցելել է նաև համալիրի կրթամշակութային և հյուրանոցային մասնաշենքեր, ինչից հետո եկեղեցու բակում ներկա է գտնվել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Սիրո և եղբայրության» հուշաղբյուրի բացման արարողությանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG