Մատչելիության հղումներ

Երևանի 60-ից ավելի ուղևորափոխադրող ընկերություններ հաշվարկներ են կատարել և ներկայացրել Հայաստանի ուղևորափոխադրողների միության: Ըստ այդմ՝ ուղեվարձը պետք է լինի 150-200 դրամ:

Ընկերությունների տնօրենները կրկին դիմել են քաղաքապետարան, ներկայացրել իրենց հաշվարկներն ու հիմնավորումները:

Հայաստանի ուղևորափոխադրողների միության փոխնախագահ, շուրջ 10 երթուղի սպասարկող «Դավիթ երթուղային» ընկերության տնօրեն Հարություն Առաքելյանը նշում է, որ եթե քաղաքապետարանը առաջիկայում սակագինը բարձրացնելու որոշում չկայացնի՝ իրենք այլևս հնարավորություն չեն ունենա աշխատել․ - «Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ, այսօր հասել է այն վերջին, որ ոչինչ հնարավոր չէ պահել, քանզի ամեն ինչ թանկացել է, կա պահանջ աշխատակիցների սոցիալական վիճակն էլ բարելավելու: Մնալ և աշխատել հին պայմաններով ոչ մի փոխադրող կազմակերպություն, իրենց իսկ ներկայացրած դիմումների համաձայն, այլևս հնարավորություն չունի»:

Երթուղիների տնօրենները նշում են, որ բիզնեսն այլևս շահութաբեր չէ, քաղաքապետարանը արդեն 4-րդ մրցույթն է հայտարարում, սակայն դիմողներ չկան: Տարիների ընթացքում փակվել է շուրջ 54 երթուղի, և դրանց թիվը, ըստ 28 երթուղու տնօրեն Վլադիմիր Աբրահամյանի, դեռ կավելանա:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչու պետք է քաղաքացիները վճարեն 150 կամ առավել ևս 200 դրամ և կրկին երթևեկեն ծանրաբեռնված, ոչ բարվոք վիճակում գտնվող, շատ հաճախ կյանքի համար վտանգավոր երթուղայիններով, Հարություն Առաքելյանը արձագանքեց, թե հավելյալ հավաքագրված գումարներով միայն հնարավոր կլինի բարելավել, նոր ավտոբուսներ ներկրել կամ արդեն ներկրած ավտոբուսների համար վճարել:

Թիվ 76ա միկրոավտոբուսային, թիվ 1 և 17 ավտոբուսային երթուղիները սպասարկող ընկերության տնօրեն Լյուդվիգ Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք դիմել են քաղաքապետարան դեռևս 2008 թվականին: Ըստ նրա՝ վերջին 15 տարվա ընթացքում ամեն ինչ կրկնակի, եռակի թանկացել է, սակայն տրանսպորտի ուղեվարձը նույնն է մնացել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Երևանի բնակիչները նշեցին, որ միանշանակ դեմ են թանկացմանը, մտադիր չեն վճարել 150 կամ 200 դրամ::

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG