Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և Իրանի նախագահները կարող են հանդիպել Նյու Յորքում


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա և Իրանի նախագահ Հասան Ռոհանի
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա և Իրանի նախագահ Հասան Ռոհանի

Վերլուծաբանները նշում են, որ եթե երկու նախագահները իսկապես հանդիպեն, դա պատմական իրադարձություն կլինի։

Չորեքշաբթի օրը Նյու Յորքում բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանը։ Լոնդոնում լույս տեսնող Guardian-ի փոխանցմամբ՝ չի բացառվում, որ Ասամբլեայի շրջանակներում կհանդիպեն ԱՄՆ-ի և Իրանի նախագահներ Բարաք Օբաման և Հասան Ռոհանին։

Եթե հանդիպումը տեղի ունենա, ապա դա, անկասկած, կլինի պատմական իրադարձություն, քանի որ վերջին անգամ Ամերիկայի և Իրանի ղեկավարների շփումը 36 տարի առաջ էր՝ 1977 թվականին հանդիպել են նախագահ Ջիմի Քարթերը և Իրանի շահ Մոհամադ Ռեզա Փահլավին։

1979 թվականի նոյեմբերի 4-ին իրանցիները ներխուժել են Միացյալ Նահանգների դեսպանատուն, պատանդառել են դիվանագետներին, ինչից հետո երկու երկրների դիվանագիտական կապերն ընդհատվել են, և պաշտոնական Վաշինգտոնը քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի նկատմամբ։

ABC հեռուստակայանին տված հարցազրույցում Օբաման հաստատել է, որ ինքը և Ռոհանին նամակներ են փոխանակել։ ԱՄՆ-ի նախագահի խոսքերով՝ Թեհրանը կարող է ներգրավվել Սիրիայի հարցով բանակցություններում։

Ըստ Օբամայի՝ Իրանում չպետք է ենթադրեն, որ Սիրիային հարվածներ հասցնելու մտադրության սառեցումը նշանակում է, թե այդպես կլինի նաև Իրանի միջուկային զենքի հարցում։

«Կարծում եմ՝ իրանցիները գիտակցում են, որ Իրանի միջուկային զենքի հիմնախնդիրը Վաշինգտոնի համար շատ ավելի կարևոր է Սիրիայի քիմիական զենքի համեմատությամբ։ Վտանգը, որը կարող է սպառնալ Իսրայելին, շատ ավելի է առնչվում մեր հիմնական շահերին», - ասել է Ամերիկայի նախագահը։

Guardian-ը հայտնում է, որ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին այսօրվա դրությամբ դեռ չի մեկնաբանել Նյու Յորքում Օբամայի հետ հնարավոր հանդիպման թեման։

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ Նյու Յորքում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա իր կամ Ռոհանիի հանդիպումը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգի հետ, իսկ Միացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչների միջև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ուղիղ շփումներ նախատեսված չեն։

Սակայն Զարիֆը հավելել է, որ նման բան, այնուամենայնիվ, կարող է տեղի ունենալ՝ «պայմանով, որ Սպիտակ տունը ձերբազատվի երրորդ երկրի շահերն առաջ տանող խմբավորման ադզեցությունից»։ Ակնհայտ է, որ ակնարկը վերաբերում է Իսրայելին սատարող լոբբիստական կառույցներին։

Փորձագետների համոզմամբ՝ երկու երկրներն էլ, ըստ էության, կցանկանային, որ տեղի ունենար նման հանդիպում։ Իրանա-ամերիկյան խորհրդի ղեկավար Թրիտա Փարսին ենթադրում է, որ այդ հանդիպումը կարող է «պատահական» ստացվել՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի որևէ միջանցքում։ Նման դեպքում նախագահները կարող են զրուցել և հետագայում պնդել, որ դա չնախատեսված հանդիպում էր։

Ըստ փորձագետների, Շոտլանդիայում կրթություն ստացած Ռոհանին՝ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի համեմատությամբ, Արևմուտքի հանդեպ որդեգրել է շատ ավելի զուսպ դիրքորոշում և զերծ է մնում հակաամերիկյան կամ հակաիսրայելական հիստերիկ ու ռազմատենչ հայտարարություններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG