Մատչելիության հղումներ

Բարձրաստիճան պաշտոնյաների վարքագծի հարցերը դեռ անպատասխան են


ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյան

ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյան

Գորիկ Հակոբյանը՝ «պաշտոնին անհարիր վարքագծով»

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետ Գորիկ Հակոբյանի վարքագծի քննարկման պահանջով դիմումի վերաբերյալ որևէ տեղեկություն դեռ հայտնի չէ ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանին: Անցյալ շաբաթ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովին Գորիկ Հակոբյանի հարցը քննարկելու դիմում է ներկայացրել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը:

«Թրանսփարենսի ինթերնեշընլ»-ը Բաղրամյան 26 հասցեում գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին հասցեագրած դիմումի մեջ նշել է, որ սեպտեմբերի 5-ին՝ ՀՀ կառավարության հերթական նիստի օրը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, դրսևորելով իր պաշտոնին անհարիր վարքագիծ, ակցիա անցկացնող ցուցարարներից մեկի աղաղակներին ի պատասխան, արձագանքել էր՝ «Էշ ա, արա'», «Ի՞նչ ես գոռում, ա'յ ոչխար» արտահայտություններով։ Ի դեպ, համացանցում տարածվել է տեսանյութը, որտեղ երևում է, որ Հակոբյանը, իսկապես քաղաքացուն դիմել է այդ բառերով:

Քաղաքապետարանը չի քննարկել Նավասարդյանի հարցը

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը սեպտեմբերի սկզբին դիմել էր նաև Երևանի քաղաքապետին և քաղաքապետարանի էթիկայի հանձնաժողովին՝ կապված տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ: Ըստ դիմումի՝ տրանսպորտի գների թանկացման դեմ ակցիաների ժամանակ Նավասարդյանը «դրսևորել է հանրային ծառայողին անվայել վարքագիծ»: ILur.am-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ պաշտոնյան, ըստ դիմումի, «ձեռքը բռունցք սեղմած, շարժվել է լրագրողի ուղղությամբ և հայհոյել նրան»: Տեսանյութն, ի դեպ կա համացանցում։

Մինչդեռ ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հենց ինքը՝ Նավասարդյանը, քաղաքապետարանը չի քննել իր հարցը։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենց դիմումը ենթադրում է, որ քաղաքապետարանը կարող է ձեռնամուխ լինել օրենքով պարտադիր գործին։

«2011 թվականից օրենքը ուժի մեջ է և պարտադրում էր թվարկված բոլոր մարմիններին, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանին ստեղծել էթիկայի հանձնաժողով»,- ասաց իրավաբանը։

«Ազատություն» ռադիոկայանին Երևանի քաղաքապետարանից փոխանցեցին, որ քաղաքապետարանում էթիկայի հանձնաժողով դեռ չի ձևավորվել:

«Պաշտոնատար անձինք շատ ազատ են դրսևորում իրենք իրենց»

Իսկ ինչո՞ւ է հասարակական կազմակերպությունը վերջին շրջանում առավել հաճախակի դիմումներ ներկայացնում ընդդեմ պաշտոնյաների: Հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն ասում է՝ «պարզապես պաշտոնյաներն սկսել են շատ ազատ դրսևորել իրենց»։

«Եվ իրենք չեն զգում իրենց հանրային պաշտոնի շրջանակների մեջ, որտեղ պետք է համապատասխան կանոնների ենթարկվեն»,- ասաց Այվազյանը։

Հերմինե Նաղդալյանն առարկում է

Հակակոռուպցիոն կենտրոնը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ևս մեկ դիմում է հասցեագրել՝ վկայակոչելով «Հետք» էլեկտրոնային պարբերականում հրապարակված հոդվածը: «Հետք»-ը գրել էր, որ կառավարության որոշմամբ 416 միլիոն դրամ է հատկացվել Հայաստան-Իրան ճանապարհի որոշ հատվածների նորոգման համար, և առանց գնումների հայտարարության, տրանսպորտի և կապի նախարարությունը 409 միլիոն դրամի պայմանագիր է կնքել Հերմինե Նաղդալյանին պատկանող «Սիսիանի Բուատ» ընկերության հետ:

Հասարակական կազմակերպությունը խնդրել է տրամադրել տեղեկություն, թե էթիկայի հանձնաժողովը համադրե՞լ և քննարկե՞լ է գույքի և եկումուտների հայտարարագրում ու մամուլում հրապարակված տեղեկությունները՝ Հերմինե Նաղդալյանի ունեցվածքի վերաբերյալ: Նաև խնդրել է հանձնաժողովի դիրքորոշումը բարձրաստիճան պաշտոնյայի ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ:

Նույն փաստերը ներկայացվել են նաև Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովին: Այս դեպքում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը խնդրել է որոշում կայացնել Հերմինե Նաղդալյանի օրինաստեղծ գործունեությանը ձեռնարկատիրական գործունեությանը զուգակցելու և այդ հարցում էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ: Հերմինե Նաղդալյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում առարկեց։

«Պարզապես համարում եմ չհիմնավորված և, մեղմ ասած, մերկապարանոց... Բնականաբար, հանձնաժողովին կներկայացնեմ հիմնավորումները»,- ասաց պատգամավորը։

Հերմինե Նաղդալյանը հանձնաժողովներին բացատրություններ տալու նպատակով դեռ հրավեր չի ստացել:

Բացի վերը նշված դիմումների ընթացքից, ուշագրավ է նաև հանգամանքը, որ Բաղրամյան 26 հասցեում գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դեռ գրավոր չի պատասխանել հակակոռուպցիոն կենտրոնի այն հարցմանը, թե տրանսպորտի գինը բարձրացնելու որոշում կայացնելով՝ ըստ հրապարակված տեղեկությունների տրանսպորտի գծեր ունեցող Տարոն Մարգարյանը չի՞ եղել շահերի բախման վիճակում: Հասարակական կազմակերպությունը վկայակոչել էր նաև Տարոն Մարգարյանի երկու հայտարարագրերի տարբերությունը: Այս պահին միայն հայտնի է, որ դիմումատուին հանձնաժողովից բանավոր ասել են, թե Տարոն Մարգարյանի վերաբերյալ դիմումի կապակցությամբ ընդհանրապես վարույթ չի հարուցվել: Իրավական հիմնավորումները, փաստորեն, դեռ հայտնի չեն հանրությանը:
XS
SM
MD
LG