Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներ Միհրան Մարգարյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի վրա օգոստոսի 25-ին հարձակված անձանցից երկուսի ինքնությունը պարզվել է։ Ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության, Մարգարյանին և Տեր-Գրիգորյանին ծեծի ենթարկելու մասին շաբաթ օրը ՝ սեպտեմբերի 14-ին խոստովանական ցուցմունքներ են տվել երկու անձինք՝ 25-ամյա մի երիտասարդ՝ Բաբայան ազգանունով, և Փուրտոյան ազգանունով 39-ամյա մի տղամարդ։

Ըստ ոստիկանության, նրանք ներկայացվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին և ինքնախոստովանական ցուցմունքներ տվել։ Նրանց մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի մասին առայժմ տեղեկություն չի տրամադրվում։

Ծեծված երիտասարդները՝ Միհրան Մարգարյանն ու Բաբկեն Տեր-Գրիգորյանը ի սկզբանե ահազանգում էին, որ առնվազն 7 հոգանոց խումբ է իրենց շրջափակել և «մեր պապաներին նեղացրել են», «մեր հայրերի դեմ եք դուրս եկել» խոսքերից հետո սկսել ծեծը։

Բողոքի՝ հուլիսի վերջից չդադարող ակցիան, ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «ԵրևանՏրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով է. թե հայտնաբերվածները որքանով կապ ունեն այս անձանց հետ, առայժմ ճշտվում է։ Միհրան Մարգարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ երկու կասկածյալների հետ չի առերեսվել, ազգանուններն անծանոթ են, չգիտե թե որքանով են նրանք առնչվել միջադեպին՝ չբացառելով որ գուցե ինքնախոստովանական ցուցմունքներ տված այս անձինք բոլորովին այլ մարդիկ լինեն։

«Միգուցե և իրենք չեն, ես չգիտեմ։ Գուցե մեղքը վերցրել են իրենց վրա ընդամենը, որպեսզի իսկական հանցագործները կոծկվեն»,- ասաց Մարգարյանը.- «Եթե մեզ վրա հարձակվածներից երկուսն իրոք բացահայտվել են, բա ո՞ւր են մյուս հինգը»։

Քաղաքացիական ակտիվիստներն ու տասնյակ հասարակական կազմակերպություններ շարունակում են համոզված լինել, որ վերջին շրջանի բռնություններն իրականացվում են հատուկ կազմակերպված բանդայի կողմից՝ բողոքի ցույցերի բռնկումները կանխելու նպատակով։

Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանին և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանին ծեծի ենթարկելու՝ սեպտեմբերի 5-ի դեպքի հետ կապված շաբաթ օրը՝ սեպտեմբերի 14-ին քրեական գործ է հարուցվել, նախաքննություն է ընթանում։ Չնայած այս հանգամանքին, և ծեծվածները, և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպությունը կասկածի տակ են առնում հանցագործության իրական մեղավորներին բացահայտելու` ոստիկանության ցանկությունը, վկայակոչելով, որ գործը հարուցվեց դեպքից շաւրջ 9 օր անց ՝ միջազգային կազմակերպությունների հայտարարություններից հետո։ Հայկակ Արշամյանը համոզված էր, որ եթե չլիներ այդ արձագանքը, սայլը տեղից չէր շարժվի։

«Մի քանի պատճառ կարող է լինել. առաջինը՝ Ֆյուլեյի այցը, նա նաև Սերժ Սարգսյանի մոտ բարձրացրեց այս խնդիրը, և պահանջեց, որ այս դեպքերը բացահայտվեն անպայման։ Որովհետև հենց անմիջապես նրա հանդիպումից հետո Սերժ Սարգսյանի հետ, երկու-երեք ժամ հետո ինձ արդեն զանգահարեցին քննիչները և ասացին, որ քրեական գործ է հարուցված։ Amnesty International-ը արեց հայտարարություն, Human Rights watch-ը, Հայաստանի ամերիկյան դեսպանատունն արտահայտեց իր կարծիքը այս մասին, Եվրամիության հայաստանյան գրասենյակը, համաձայնեցնելով 28 երկրների հետ, նույնպես դատապարտող հայտարարություն արեց»,- ասաց Արշամյանը։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության փոխտնօրեն Սոնա Այվազյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզված էր, որ նույնիսկ միջազգային հանրության ճնշման տակ հանցագործներին բացահայտելը դեռևս բավարար չի լինի դրական տեղաշարժ արձանագրելու համար։

«Եթե կբացահայտվեն, եթե դրանք կլինեն այն մարդիկ, որ իսկապես այդ հանցագործություններն արել են, տարբեր պատճառաբանություններով ազատ չարձակվեն, գործերը չկարճվեն, դա կարելի է համարել դրական տեղաշարժ, բայց Սուրիկ Խաչատրյանի որդու դեպքը շատ հստակ ցույց է տալիս իշխանությունների դիրքորոշումը. նրանք հենված են քրեական տարրերի վրա, քրեական տարրերով են իրականացնում և շարունակում իրենց պաշտոնավարումը, դրա համար մեծ ակնկալիքներ այս առումով չունենք մենք», - ասաց Այվազյանը։

Ոստիկանությունը «անհիմն» է որակում հանցարարքները բացահայտելու ուղղությամբ իրենց հասցեագրվող «անգործության» մեղադրանքները։

«Այդ մեղադրանքներն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը: Միջադեպերից անմիջապես հետո կատարվել են բազմաթիվ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, նշանակվել են փորձաքննություններ, հայտնաբերվել են ականատես վկաներ, ուսումնասիրվել են տեսախցիկների տեսագրությունները: Քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերի քննությունը անմիջաբար ոստիկանության պետի հսկողության տակ է, ընթացքի մասին զեկուցվում է ամեն օր: Ոստիկանության համար առավել ևս մտահոգիչ էր այդ հանցարարքների կրկնությունը, ինչից հետո իրավապահների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ՝ քաղաքացիական ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնությունները բացառելու ուղղությամբ»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG