Մատչելիության հղումներ

«Պետք է կասեցնել Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը»


Արթուր Սաքունց

Արթուր Սաքունց

Պետք է ամեն ինչ անել, որպեսզի կասեցնել Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի անդամ Արթուր Սաքունցը։

Իրավապաշտպանը, ով շուրջ 3.5 տարի մասնակցել է Եվրամիության Ասոցացման ծրագրի շուրջ ընթացող քննարկումներին, համոզված է՝ Մաքսային միությանն անդամակցելը նշանակում է «գիտակացաբար գնալ ինքնասապանության»։

«Մաքսային միությունը, որը կազմավորված է Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան երկրներից, իրենք իրենց իրավիճակով՝ ժողովրդավարության առումով, մարդու իրավունքների պաշտպանության առումով, ընդհանրապես հակաժողովրդավարական են և դեմ են մարդու իրավունքների պաշտպանությանը։ Մենք Բելառուսի հետ քաղաքացիական հասարակության զարգացման խնդիրների, կամ տնտեսական ազատությունների, կամ անկախ դատարանի ձևավորման խնդիրների շուրջ քննարկման հնարավորությունը չունենք։ Այսինքն համագործակցությունը պետք է գնա օլիգարխիկ, քրեական, մոնոպոլ իշխանության շահերը սպասարկելու հարցերում, որը գոյություն չուներ Արևելյան գործընկերության շրջանակներում»,- ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանն ասում է՝ այլ անելիք, քան «այդ կործանարար պրոցեսը կանգնեցնելը չունեն»։

Անցած ուրբաթ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախագահ Սերժ Սարգսյանից բացի հանդիպել է նաև Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցած Արթուր Սաքունցը ասում է, որ Ֆյուլեն և ԵՄ մյուս պաշտոնյաները չեն թաքցրել, որ անակնկալի են եկել Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի հայտարարությունից։

Ավելին, ըստ Սաքունցի, Հայաստանի իշխանությունները ԵՄ պաշտոնյաներին այդպես էլ չեն ներկայացրել այն հիմնավորումները, թե ինչու որոշվեց մի կողմ թողնել Ասոցացման համաձայնագիրը և մտնել Մաքսային միություն։

Հաշվի առնելով, որ այդ որոշման հիմնավորումներին բացարձակապես տեղյակ չէ նաև Հայաստանի ժողովուրդը, իրավապաշտպանը նշում է, որ Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմը պահանջում է երկրի ղեկավարից քաղաքացիական հասարակությանը ներկայացնել Մաքսային միություն մտնելու որոշման հիմնավորվածությունը։

«Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը պետք է գնա միայն Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի տեղեկացնի»,- ասաց իրավապաշտպանը։

Հայաստանի իշխանություններից հաշտվետվություն պահանջելուց բացի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դիմել են նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարին՝ հորդորելով հրապարակել Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, որի ստորագրումն այլևս օրակարգում չէ։ Դա թերևս հասարակությանն հնարավարություն կտա ծանոթանալ, թե ինչ էր առաջարկում ԵՄ-ն և ինչից հրաժարվեցին Հայաստանի իշխանությունները։

Ի դեպ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում իր մեղքի բաժինը ունի նաև ԵՄ։ Սաքունցի փոխանցմամբ՝ քաղաքացիական հասարակությունը մշտապես ահազանգել է ԵՄ-ին, որ Հայաստանի իշխանությունները համագործակցության շրջանակներում ստանձնած իրենց պարտականությունները իրականում չեն կատարում, դրանք իմիտացիոն բնույթ են կրում։ Հենց այդ «իմիտացիոն գործընթացները» հաշվի առնելով՝ ըստ իրավապաշտպանի, կարելի էր կանխատեսել, որ Հայաստանի իշխանությունները կհրաժարվեն Ասոցացման համաձայնագրից։

«Մարտի 1-ի հետ կապված՝ առնվազն տասը հոգու սպանությունը չի բացահայտվում, և այդ չբացահայտելու ուղղությամբ ԵՄ պահանջների ներկայացումը շատ ավելի մեղմ էր։ Նրանք ավելի շատ ուշադրություն դարձնում էին համաձայնագրի վրա, բայց այդ պարտականության կատարման վրա չէին դարձնում»,- ասաց Սաքունցը.- «Ես տեսնում եմ ԵՄ-ի մեղքի բաժինը, որևիցե դիվանագիտություն կամ արտաքին քաղաքականության բնագավառում մոտեցումները չեն կարող արդարացված լինել, երբ դրանք կատարվում են մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում զիջումների հաշվին»։

Թե ինչպես է ԵՄ-ն շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ այս նոր իրավիճակում, իրավապաշտպանն ասաց, թե ԵՄ-ի պաշտոնյաներն ակնկալում են, որ Հայաստանի իշխանությունները իրենք կներկայացնեն այն իրավական ձևաչափը, որի շրջանակներում կշարունակեն համագործակցությունը։

Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակությանն, ապա Շտեֆան Ֆյուլեն, բնականաբար, համաձայնել է, որ համագործակցությունը անկախ ամեն ինչից պետք է շարունակվի։ Թե ինչ ձևաչափով, դեռևս պարզ չէ, քանի որ ինչպես Սաքունցն է ասում, այն դաշտը, որում իրենք գործում էին, արմատապես փոխվեց։ Այս նոր իրավիճակում քաղաքացիական հասարակությունը նոր մարտահրավերների առջև է կանգնած։

«Եթե մինչև սեպտեմբերի 3-ը զարգացման հնարավորությունների դաշտում էինք, ապա այժմ հայտնվել ենք Մաքսային միության դաշտում, ներկայումս պետք է ամեն ինչ անել, որպեսզի ամբողջությամբ չմղվենք ավտորիատար ակումբ, այսինքն օրակարգից պետք է հանել Մաքսային միությանն անդամակցելու հարցը»,- ասում է իրավապաշտպանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG