Մատչելիության հղումներ

Ադրբեջանում մեկնարկեց նախագահական ընտրությունների քարոզարշավը


Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազախիր Փանահով

Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազախիր Փանահով

Երկուշաբթի օրը Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազախիր Փանախովը հայտարարեց, որ մեկնարկում է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Ընտրությունները անցկացվելու են հոկտեմբերի 9-ին: Քարոզարշավը դադարեցվելու է քվեարկությունից մեկ օր առաջ:

Նախագահական ընտրություններին մասնակցելու է 10 թեկնածու: ԿԸՀ-ն առաջադրման փաստաթղթեր էր ստացել 22 թեկնածուներից, բայց գրանցել է միայն 10-ին:

ԿԸՀ-ի նախագահը ասել է, որ Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը չի գրանցվել, որովհետև վերջինս երկակի քաղաքացիություն ունի: «Այդ պատճառով, գործող օրենսդրությանը համաձայն, նա չի կարող Ադրբեջանի նախագահ ընտրվել»,- պարզաբանել է Փանախովը:

Մյուս առաջադրվածներից 14-ն են ներկայացրել անհրաժեշտ քանակի ստորագրություններ և ստորագրահավաքի թերթիկներն ուսումնասիրելուց հետո ԿԸՀ-ն մերժել է չորս թեկնածուի գրանցումը:

Մոսկվայում բնակվող հայտնի գրող, կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիություն ունի: Ադրբեջանի ընդդիմությունը նրան միասնական թեկնածու էր հռչակել, նրա առաջադրումը բավականին մեծ հետաքրքրություն էր առաջացրել, բայց ԿԸՀ-ն մերժեց գրանցել նրա թեկնածությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ռուստամ Իբհրահիմբեկովը Մոսկվայում հարցազրույց է տվել: Նա անօրինական է համարել իր թեկնածությունը չգրանցելու ԿԸՀ-ի որոշումը, նշելով որ Ադրբեջանում շփոթում են երկքաղաքացիության և երկակի քաղաքացիություն ունենալու իրավական նորմերը:

Նա հայտարարել է, որ արդեն չի զբաղվում և ապագայում ևս չի զբաղվելու քաղաքականությամբ: Նախընտրական շրջանում Ադրբեջանի ընդդիմադիր հիմնական ուժերը Ազգային խորհուրդ էին ձևավորել: Ընդդիմադիրներին միավորող այս խորհրդի նախագահ էր ընտրվել Ռուստամ Իբրահիմբեկովը:

Այն բանից հետո, երբ արդեն կանխատեսելի էր, որ իշխանությունները նրա թեկնածությունը չեն գրանցելու, Ազգային խորհուրդը պահեստային տարբերակով միասնական թեկնածու առաջադրեց Ջամիլ Հասանլիին, ում թեկնածությունը ԿԸՀ-ն գրանցել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG