Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը:

Մայր տաճարի օծման արարողությունը կանցկացնի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդը: Արարողությանը մասնակցելու են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահները, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:

Ավելի վաղ որոշ աղբյուրներ տեղեկություն էին տարածել, որ հայկական եկեղեցու բացմանը մասնակցելու է նաև Ռուսաստանի նախագահը, սակայն մեր աղբյուրների տվյալներով Պուտինը բացմանը չի մասնակցի, նախատեսված չէ նաև Ռուսաստանի և Հայաստանի նախագահների որևէ հանդիպում:

Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի վանական համալիրը կառուցվել է ռուսաստանաբնակ հայ մեծահարուստների միջոցներով: Համալիրը գտնվում է Մոսկվայի կենտրոնում, Տրիֆոնովսկայա փողոցում՝ զբաղեցնելով, նույնիսկ Մոսկվայի մասշտաբներով, բավականին մեծ տարածք՝ 25 հազար քառակուսի մետր: Այստեղ, բացի տաճարից գործելու են մատուռը, թեմի առաջնորդի նստավայրը, ուսումնական համալիրը, ինչպես նաև հայկական մի շարք կազմակերպությունների գրասենյակները:

Մայր տաճարը միաժամանակ կկարողանա ընդունել ավելի քան հազար մարդ: Սա Հայաստանից դուրս գտնվող ամենամեծ հայկական կրոնական համալիրն է:

Եկեղեցու հիմնաքարի օծման արարողությունը տեղի էր ունեցել 2004 թվականին: Շինարարական աշխատանքները սկսվել էին 2006-ին:

Հավելենք, որ սեպտեմբերի 18-ին Մոսկվայում կանցնի «Հայաստան» հիմնադրամի ավանդական դրամահավաքը, որին մասնակցելու են նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահները, ինչպես նաև Ռուսաստանցի հայ գործարարները:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG