Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 14-ի մամուլ


Մամուլի ուշադրության կենտրոնում Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների՝ Երևանում կայացած ոչ պաշտոնական հանդիպումն է և Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի վերջին հայտարարությունները:

Մեջբերելով Մոլդովայի և Վրաստանի ներկայացուցիչների՝ Երևանում արած հայտարարություններն այն մասին, թե չնայած իրենց վրա գործադրվող ճնշումներին, այդ երկրները չեն պատրաստվում տեղի տալ և Վիլնյուսում անպայման ստորագրելու են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, «Ժամանակ»-ը գրում է․ - «Այս հայտարարություններից հետո տխուր էր տեսնել, որ մեր երկիրը Բելառուսի և Ադրբեջանի հետ միասին հայտնվեց այն եռյակում, որը ետ կանգնեց եվրաինտեգրման գործընթացները խորացնելու ճանապարհից՝ այն դեպքում, երբ ՀՀ պաշտոնյաներն ընդամենը երկու շաբաթ առաջ հայտարարում էին՝ Ասոցացման համաձայնագրի և դրա անբաժանելի մասը կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի քննարկումներն արդեն ավարտվել են, և այդ առումով մեր երկիրը առաջ է ընկել նույնիսկ Վրաստանից: Մինչդեռ սեպտեմբերի 3-ին մոսկովյան հանդիպումից ու հայտնի հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ ՀՀ իշխանություններն այնքան չեն կարողացել դիմակայել Վլադիմիր Պուտինի ճնշումներին, որ տեղում հայտարարեցին, թե ցանկանում են միանալ նրա նախաձեռնած Մաքսային միությանը»:

«168 ժամ»-ը գրում է․ - «Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում Հայաստանը արտաքին աշխարհի առաջ հայտնվեց, մեղմ ասած, ծիծաղելի վիճակում՝ Եվրամիության հետ քառամյա բանակցություններից հետո որոշեց անդամակցել Մաքսային միությանը, ինչից հետո գրեթե բոլոր մակարդակներով հայտարարեց Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ցանկության մասին՝ արժանանալով Եվրոպայի մերժմանը: Հետաքրքիր է՝ այսքանից հետո ինչպե՞ս է դասավորվելու Շտեֆան Ֆյուլեի հետագա ճակատագիրը, քանի որ, ինչպես Ազգային ժողովի նախագահ, «հմուտ դիվանագետ» Հովիկ Աբրահամյանն էր նախօրեին հայտարարել, «Եթե Ֆյուլեն ասում է՝ չի ուզում, դա իր գործն է, բայց մենք ուզում ենք»:

«Հրապարակ»-ը գրում է․ - «Մենք ոչ մի կերպ չենք ուզում խոստովանել, որ «Եվրոպա, թե Ասիա» կոչվող դիլեման սերտորեն կապված է մեզանում 25-ամյա պատմություն ունեցող ղարաբաղյան կոնֆլիկտի հետ: Այո, տարածքային վեճ ունեցող, պատերազմական վիճակում գտնվող երկիրը չի կարող զարգանալ, չի կարող ազատական տնտեսություն ունենալ, չի կարող ազատ մրցակցության, դեմոկրատիայի, մարդու իրավունքների բարձր մակարդակ ապահովել: Եթե ուզում ես Ղարաբաղը միացնել քեզ, ապա պետք է ձեռքդ մեկնես ոչ թե դեպի տարածքային կոնֆլիկտների նկատմամբ մերժողական վերաբերմունք ունեցող Եվրոպա, այլ իր հարևանների հետ նմանօրինակ խնդիրներ ունեցող և պերմանենտ պատերազմական վիճակում գտնվող Ռուսաստան: Այլ կերպ ասած՝ մեր ազգային-հայրենասիրական մղումներն ու զարգացած, առաջադեմ երկիր դառնալու ձգտումներն այս պարագայում հույժ հակասության մեջ են միմյանց հետ: Եվ եթե մինչև 2013 թիվը մեզ թվում էր, թե դրանք այնքան էլ իրար չեն խանգարում, հնարավոր է և զարգանալ, և Արցախի հարցը լուծել, ապա վաղ թե ուշ գալու էր այդ պահը, երբ ակնհայտ կդառնար, որ պետք է ընտրություն կատարել: Կամ ընտրում ենք բարեկեցությունն ու ժողովրդավարությունը, կամ՝ Ղարաբաղը»:

«Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Մոսկվայում ստորագրած համաձայնագրի շուրջ քննարկումները կարծես թե կամաց-կամաց տեղափոխվում են իրավական հարթություն: Այլ կերպ ասած՝ առաջին պլան է մղվում այն հարցը, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը նման փաստաթուղթ ստորագրելու լիազորություն ուներ», - հարցադրում է անում «Չորրորդ իշխանություն»-ը և պարզաբանում․ - «ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածում ամրագրված է, որ «Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո»: Այսինքն՝ կապ չունի, թե ինչ է ստորագրել Սերժ Սարգսյանը Մոսկվայում կամ ինչ կստորագրեր Վիլնյուսում: Քանի դեռ Ազգային ժողովն այդ պայմանագրերը չի վավերացրել, դրանք ոչինչ չարժեն: [...] ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածում (որն, ի դեպ, փոփոխման ենթակա չէ) ամրագրված է, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Սահմանափակվելո՞ւ է արդյոք ՀՀ ինքնիշխանությունը Մաքսային միությանն անդամակցելուց հետո: Իհարկե սահմանափակվելու է: [...] Մի ուրիշ հարց էլ կա՝ Սահմանադրության 112-րդ հոդվածում պարզ գրված է, որ «Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները փոխվում են միայն հանրաքվեով»: Իսկ ՀՀ անկախությունը հանրաքվեով է հռչակվել: Ինչի՞ համար ենք ասում այս ամենը: Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե իշխանություններն ամեն ինչ «օրենքի տառին և ոգուն համապատասխան» են անում: Եթե պետք լինի՝ ՀՀԿ խորհրդարանական մեծամասնությունն, իհարկե, տրտինգ տալով ներկայանալու է խորհրդարան ու մեկ մարդու նման սեղմելու է անհրաժեշտ կոճակը, Սահմանադրական դատարանն էլ ուշիմ մի տեղեկանք է տալու առ այն, որ տվյալ միջազգային պայմանագիրը համարյա չի հակասում ՀՀ Սահմանադրությանը և այլն: Պարզապես արդեն այսօրվանից պետք է արձանագրել, որ դրանով իսկ բոլոր այդ մարդիկ ՀՀ Սահմանադրության խախտման հարցում հանցակից են դառնալու Սերժ Սարգսյանին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG