Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովը և Ջոն Քերրին Ժնևում քննարկել են Սիրիայի հարցը


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում, 13 սեպտեմբերի, 2013թ.
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում, 13 սեպտեմբերի, 2013թ.

Քիմիական զենքից հրաժարվելու Դամասկոսի որոշումը կարող է նպաստել Սիրիայի քաղաքացիական պատերազմի ավարտին։

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում հույս են հայտնել, որ Սիրիայի քիմիական զենքի ոչնչացումը թույլ կտա վերսկսել այդ երկրում քաղաքացիական պատերազմին վերջ դնելու օրակարգով միջազգային համաժողով կազմակերպելու փորձերը։

Այսօր ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հետ հանդիպումից հետո Քերրին և Լավրովն ասել են, որ այս ամսվա ընթացքում ևս մեկ անգամ կհանդիպեն՝ արդեն Նյու Յորքում, և կփորձեն համաձայնեցնել այդ անընդհատ հետաձգվող համաժողովի գումարման ժամկետը։

Պետքարտուղարն ու արտգործնախարարը Ժնևում քննարկել են սիրիական քիմիական զենքը միջազգային հսկողության հանձնելու Ռուսաստանի առաջարկը, որի իրականացումը թույլ կտա գործը չհասցնել Միացյալ Նահանգների ռազմական միջամտությանը։

Նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ռազմական ուժի կդիմի՝ ի պատասխան Սիրիայում քիմիական զենքով ավելի քան 1400 մարդու սպանության։ Միացյալ Նահանգները և արևմտյան մի շարք այլ երկրներ Սիրիայի կառավարությանն ենք մեղադրում քիմիական զենքի կիրառման մեջ։ Դամասկոսը հերքում է մեղադրանքը։

Քերրին այսօր Լավրովի և Բրահիմիի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Սիրիայում խաղաղություն հաստատելու նպատակով «Ժնև-2» համաժողովը գումարելու խնդիրը կախված է քիմիական զենքի հարցով բանակցությունների հաջողությունից։

«Մենք երկուսս էլ համաձայն ենք կատարել այս «տնային աշխատանքը» և հանդիպել ևս մեկ անգամ, հավանաբար, սեպտեմբերի 28-ին՝ արդեն Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում և տեսնել, թե արդյո՞ք կարող ենք «Ժնև-2»-ի ժամկետը որոշել։ Դա ակնհայտորեն կապված է քիմիական զենքի հարցով բանակցությունների հաջողությունից»,- ասել է պետքարտուղարը։

Լավրովն էլ նշել է, որ ամերիկացի և ռուսաստանցի փորձագետները հիմա քննարկում են Սիրիայի քիմիական զենքի ոչնչացմանն առնչվող կոնկրետ հարցեր։

«Հիմա, երբ Ասադի կառավարությունը միանում է Քիմիական զենքի միջազգային կոնվենցիային, մենք՝ ՄԱԿ-ի հետ պայմանավորվածությամբ, պետք է ներգրավվենք մեր մասնագետներին, ովքեր Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ կմշակեն համապատասխան ծրագիր, որը թույլ կտա այս հարցը լուծել որքան հնարավոր է արագ և արդյունավետ»,- ասել է արտգործնախարարը։

ՄԱԿ-ը հայտնել է, որ Սիրիան պաշտոնապես դիմել է Քիմիական զենքի արգելման 1997 թվականի միջազգային կոնվենցիային։

Անդրադառնալով այս խնդրին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ով այսօր Բիշկեկում մասնակցում է Շանհայան համագործակցության գագաթնաժողովին, ասել է, որ քիմիական զենքից հրաժարվելու Բաշար ալ-Ասադի վարչակարգի պատրաստակամությունը վկայում է Սիրիայի հակամարտությունը կարգավորելու Դամասկոսի մտադրության մասին։

Պուտինը ողջունել է քիմիական զենքի վերաբերյալ Սիրիայի որոշումը և կրկնել, որ Մոսկվան կտրականապես դեմ է այդ երկրի նկատմամբ ռազմական գործողությունների տարբերակին։

Քերրին երեկ ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է հարվածներ հասցնել, եթե Սիրիայի ձեռնարկած քայլերը բավարար արդյունք չտան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG