Մատչելիության հղումներ

Ֆյուլե․ Վիլնյուսում Հայաստանի հետ փաստաթուղթ չի ստորագրվի


Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանի հետ որևէ փաստաթղթի ստորագրում չի ակնկալվում: Այս մասին այսօր հայտարարեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե հնարավո՞ր է մինչև նոյեմբեր մշակել մի նոր փաստաթուղթ, որը կստորագրվի վիլնյուսյան գագաթնաժողովում:

«Ինչ վերաբերում է Վիլնյուսին, ապա ես շատ թերահավատ եմ, թե կկարողանանք մինչև վիլնյուսյան գագաթնաժողովը ինչ-որ բան հասցնել», - նշեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը, - «Խոսքը շատ լուրջ պարտավորություններով իրավական փաստաթղթի մասին է, այնպես որ ես հույս ունեմ, որ Վիլնյուսի գագաթնաժողովը կծառայի որպես այս գործընթացի մեկնարկ»:

Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրին, ապա հանձնակատարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ սա երկու պայմանագիր չէ՝ բաղկացած Խորը և համապարփակ ազատ առևտրի և Ասոցացման համաձայնագրերից, սրանք մեկ ամբողջական պայմանագրի երկու բաղադրիչներն են, որոնց շուրջ իրենք բանակցել են հայ գործընկերների հետ միասին:

«Ասոցացման համաձայնագիրը և ազատ առևտրի պայմանագիրը կապված են միմյանց հետ, դուք չեք կարող դրանք տարանջատել»,- ասաց հանձնակատարը:

Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ Երևան է եկել հայ գործընկերների ցանկություններն ու նախապատվությունները լսելու:

«Եվ եթե նրանք ցանկանում են ունենալ նոր իրավական շրջանակ, որը հնարավորություն կտա առաջ տանել մեր հարաբերությունները, մենք ուրախ կլինենք այդ գործընթացի մաս կազմել», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի ասաց հանձնակատարը:

Գերմանացի մի լրագրողուհի հարց ուղղեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ընդգծելով, որ եթե Հայաստանը ստորագրեր Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, ապա Եվրամիության դոնորների համաժողովի շնորհիվ կարող էր հսկայական ֆինանսական օգնություն ստանալ, լրագրողը Նալբանդյանին հարցրեց․ - «Մաքսային միությանը միանալու դիմաց ի՞նչ է ստանալու Հայաստանը Ռուսաստանից»:

«Խոսքը գնում է ոչ թե ինչ է տվել Ռուսաստանը, որ մենք միանանք Մաքսային միությանը, այլ խոսքը գնում է նրա մասին, որ Հայաստանն ունի դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ: Մենք ի սկզբանե Արևելյան գործընկերության նախաձեռնության այս բանակցային գործընթացի սկզբից և անգամ դրանից առաջ միշտ ասել ենք, որ մենք պատրաստ ենք հնարավորինս սերտ, հնարավորինս խոր հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինենք Եվրամիությանը այնքան, ինչքան որ դա հնարավոր կլինի Եվրամիության, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ մեր դաշնակցային հարաբերություններին Ռուսաստանի հետ: Ինչ վերաբերում է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցություններին և դոնորների կոնֆերանսին, որի կազմակերպման վերաբերյալ մենք խոսում ենք արդեն մոտավորապես 4 տարի, իսկ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտում բանակցությունները սկսվել են 1 տարի առաջ: Այսինքն, դա կապված չի եղել, եթե հիմա կապված է ինչ-որ առումով, բայց դա կապված չի եղել այդ բանակցությունների հետ: Եվ, ինչպես ես ասացի, մենք մեր եվրոպացի գործընկերների հետ խոսում ենք այն եղանակների, այն հնարավորությունների մասին, որպեսզի հիմնվելով այն ձեռքբերումների, որը գրանցվել է Հայաստանի և Եվրամիության միջև, որ հնարավորինս առաջ շարժենք Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները», - նշեց Հայաստանի արտգործնախարարը:

Պատասխանելով «Առավոտ» օրաթերթի լրագրողի այն հարցին, որ եթե Եվրամիությունը չի ստորագրում Հայաստանի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը, արդյոք դա չի՞ նշանակի, որ Հայաստանի վրա ճնշումներ բանեցնողները կհասնեն իրենց նպատակին, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարն ասաց․ - «Իմ հայաստանցի գործընկերները ինձ վստահեցրել են, թե որոշում կայացնելիս Հայաստանի վրա ոչ մի ճնշում չի եղել»:

Ամեն դեպքում, հանձնակատարը ընդգծեց, որ ավելի վաղ ունեցած քննարկումների ընթացքում իրենց որոշ գործընկերներ դժգոհել են իրենց նկատմամբ տարբեր դրսևորումներ ստացած ճնշումներից:

Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ ունեցած իր ելույթում Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը կրկին ընդգծեց, որ Եվրամիությունը հավատարիմ է մնում Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրների հետ համագործակցությունը շարունակելու հանձնառությանը:

«Մեր մտադրությունները և քաղաքականությունը հստակ են, թափանցիկ և կանխատեսելի: Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովը շրջադարձային մի գործընթաց է, որը մեր գործընկերներին առաջարկում է ունենալ այն գործիքակազմը, որը հնարավորություն կտա բարեփոխել մեր գործընկերներին բարեփոխել իրենց քաղաքական համակարգը և արդիականացնել տնտեսությունը: Դրանից կշահեն ինչպես մեր գործընկերները, այնպես էլ մեր այլ հարևանները: Մենք ոչ թե պատնեշներ ենք ստեղծում, այլ՝ նախապայմաններ, որպեսզի Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտի ստեղծվի»,- ասաց Շտեֆան Ֆյուլեն, ընդգծելով, որ այս ճանապարհին կարևոր է հարգել բոլոր գործընկերների սուվերեն որոշումները: Եվրամիության հետ համաձայնագրերի հնարավոր ստորագրման շուրջ Ռուսաստանի սպառնալիքները անընդունելի են, Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր ճնշումների են ենթարկվում:

Ուշագրավ է, որ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը ասուլիսի ժամանակ նաև խորը մտահոգություն հայտնեց վերջին շրջանում Հայաստանում քաղաքացիական ակտիվիստների և իրավապաշտպանների դեմ իրականացված բռնությունների կապակցությամբ:

Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հետ համատեղ ասուլիսում Շտեֆան Ֆյուլեն նշեց, թե ցանկանում է բոլորի ուշադրությունը հրավիրել բռնության դեպքերի առիթով Եվրամիության պատվիրակության՝ այսօր տարածած հայտարարության վրա:

«Մենք խորը մտահոգություն ենք հայտնել վերջին միջադեպերի կապակցությամբ և կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին արագ և համոզիչ քայլեր ձեռնարկել, առանց հապաղելու հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար», - ընդգծեց Շտեֆան Ֆյուլեն:
XS
SM
MD
LG