Մատչելիության հղումներ

Սաակաշվիլի. «Վրաստանի համար Հայաստանը լավագույն օրինակը չէ»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթի ժամանակ, արխիվ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթի ժամանակ, արխիվ

Վրաստանի նախագահը քննադատում է վարչապետին Մաքսային միության վերաբերյալ նրա հայտարարությունների համար:

«Եվրասիական միությունն այնտեղ է, ուր սկսվում է համատարած կոռուպցիան, օլիգարխների իշխանությունն ու փողոցներում թափված աղբը», - հինգշաբթի երեկոյան Թբիլիսիում ուսանողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Վրաստանի ղեկավարը ծավալուն հայտարարությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը տված հարցազրույցում շաբաթ օրը չբացառեց, թե Վրաստանը մի օր կարող է անդամակցել Եվրասիական միությանը:

«Վարչապետ Իվանիշվիլին խախտեց վրացական քաղաքականության գլխավոր տաբուն: Դա, իհարկե, նրա` որպես ընտրված պաշտոնյայի իրավունքն էր, բայց իրականությունը դրանից չի փոխվում: Մենք կրկին վիճում ենք մի խնդրի շուրջ, որի վերաբերյալ քաղաքական ուժերը կարծես վաղուց արդեն լիակատար փոխհամաձայնության էին եկել: Մենք կրկին վիճում ենք Վրաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումների մասին», - ասաց Սաակաշվիլին՝ շարունակելով․ - «Երբ ես խոսում էի Վրաստանի արտաքին քաղաքականության «հայկականացման» մասին, ես հենց դա նկատի ունեի: Հայաստանը մեր բարեկամ պետությունն է, սակայն Երևանը որոշեց անդամակցել Մաքսային միությանը: Կարող եմ միայն ասել, որ դա Վրաստանի համար լավագույն օրինակը չէ»:

Վրաստանի նախագահը համոզված է` պաշտոնական Մոսկվան ինտեգրացիոն պրոցեսների խթանման միջոցով ցանկանում է հետ բերել խորհրդային ժամանակաշրջանը:

«Պուտինի և նրա շրջապատի համար Եվրասիական միությունը Խորհրդային Միության նոր տարբերակն է: Այդ նախագծի միջոցով նրանք ցանկանում են կանխել մեր առաջընթացը դեպի ՆԱՏՕ և Եվրոպական միություն», - նշեց Սաակաշվիլին՝ համոզմունք հայտնելով, որ Եվրասիական միությունը՝ երեկվա օրն է:

«Եվրասիական հասարակությունը՝ համատարած կոռուպցիան է, իշխանության կողմից հանրությանը ներկայացվող հաշվետվությունների բացակայությունն ու ճնշումը փոքրամասնությունների վրա: Եվրասիան` բանտարկված ընդդիմախոսներն են ու փողոցում պպզած տղաները, օլիգարխիկ տնտեսությունն ու փողով ստացվող վարորդական իրավունքները», - հայտարարեց Վրաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG