Մատչելիության հղումներ

Բիշքեկում մեկնարկում է Շանհայի համագործակցության գագաթնաժողովը


Ղրղըզստան - Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակիցները, Բիշքեկ, 13-ը սեպտեմբերի, 2013թ․

Ղրղըզստան - Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակիցները, Բիշքեկ, 13-ը սեպտեմբերի, 2013թ․

Հայաստանը կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու ցանկություն է հայտնել:

Ուրբաթ օրը Բիշքեկում մեկնարկում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը:

Հայաստանը ցանկանում է դիտորդի կարգավիճակ ունենալ այս կազմակերպությունում, որտեղ եվրոպական ոչ մի երկիր չկա՝ չհաշված Ռուսաստանը, որի մի մասը աշխարհագրորեն Եվրոպա է համարվում:

Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու Հայաստանի ցանկությունը Չինաստանի վարչապետին է փոխանցել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այս օրերին այցելել էր Չինաստան:

Սարգսյանը նաև ասել է, թե այս հարցում Երևանը ակնկալում է ստանալ Չինաստանի աջակցությունը:

Դժվար է ասել՝ արդյոք այսօրվա գագաթնաժողովում կշոշափվի՞ Հայաստանի խնդրանքը:

Գագաթնաժողովին մասնակցելու են ազդեցիկ առաջնորդներ, քննարկվող հիմնական թեմաների վերաբերյալ փորձագետները առանձնացնում են միջազգային անվտանգության հարցերը՝ հատկապես կապված Սիրիայի իրավիճակի հետ, ինչպես նաև Աֆղանստանում անվտանգություն ապահովելու հարցերը 2014 թվականից հետո, երբ ամերիկյան ուժերն ու դաշնակիցները դուրս գան Աֆղանստանից:

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարներից բացի, գագաթնաժողովին մասնակցելու են նաև Իրանի, Աֆղանստանի ու Մոնղոլիայի ղեկավարները:

Բիշքեկում նաև երկկողմ հանդիպումներ են անցկացվում: Ակնկալվող հանդիպումներից փորձագետները կարևոր են համարում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի նախագահների հանդիպումները:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդիպել է տանտիրոջ՝ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևին: Հանդիպման ժամանակ Ռոհանին, մասնավորապես, ասել է․ - «Ուրախ եմ, որ նախագահի պաշտոնում առաջին այցելությունը կատարում եմ ձեր հիասքանչ երկիրն ու Բիշքեկ քաղաքը: Մենք միշտ ջանում ենք զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները, որի համար մեծ հնարավորություններ կան»:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականին: Ռազմաքաղաքական այս միավորմանը անդամակցում են Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ղրղըզստանը:

Դիտորդի կարգավաիճակ ունեն Աֆղանստանը, Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան ու Պակիստանը: Նրանց ձգտում է միանալ Հայաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG