Մատչելիության հղումներ

Հայրենական ապրանք արտադրողների միությունը տնտեսական աճ է կանխատեսում


Հայրենական ապրանք արտադրողների միությունը գտնում է, որ Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը կխթանի մեր երկրի տնտեսության զարգացումը:

Միության նախագահ Վազգեն Սաֆարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանի տնտեսությունը կհզորանա, կբացվեն նոր աշխատատեղեր և Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածների ներհոսք կսկսվի:

«Իհարկե, Եվրոպայի հետ պետք է առևտուր անել, և այդ առևտուրը շարունակվելու է, որովհետև եվրոպացիները կարիք ունեն այն ապրանքատեսակների, որոնք այսօր արտահանվում են: Դրանք մեր հանքային հումքային ռեսուրսներն են: Բայց երբ խնդիր է դրվում, որ մենք ոչ թե պղնձի խտանյութ, մօլիբդենի կամ ոսկու հումք արտահանենք, կարծես թե նրանք հապաղում են և չեն էլ ցանկանա, որ մենք պատրաստի 99 տոկոսանոց պղինձ իրենց արտահանենք», - մեկնաբանում է Սաֆարյանը:

Լրագրողներից մեկը կատակեց, որ օտարերկրյա, այդ թվում նաև Ռուսաստանից ներդրումների ծավալները նվազել են, այդ դեպքում Հայաստանն ինչով պետք է այսուհետ գրավի ռուսաստանցի ներդրողներին: Սաֆարյանը հիշեցնում է ռուսական կողմի հայտարարած 15 միլիարդ ռուբլու ներդրումների ինչպես նաև նոր ատոմակայանի կառուցման գործում ներգրավվելու մասին: Միևնույն ժամանակ, հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը բնական է համարում ռուսաստանյան ներդրումների ծավալների նվազումը:

«Որովհետև Հայաստանը վերջին մեկ տարվա ընթացքում շարունակ քաղաքական դգերումների մեջ էր՝ Ասոցացման համաձայնագիր, Խորը և համապարփակ ազատ առևտուր և այլն: Հիմա, երբ արդեն Հայաստանն ասաց, որ մենք մտնում ենք Մաքսային միություն, ռուսական ներդրումները միանգամից կգան», - նշեց նա:

Վազգեն Սաֆարյանը վստահ է, որ Մաքսային միությանը անդամակցելուց առնվազն 1 տարի հետո Հայաստանի արդյունաբերությունը 20 տոկոս աճ կունենա:

Կարծիք կա, որ Եվրամիության առաջարկած Խորը ու համապարփակ ազատ առևտրի պայմանագրի վավերացումից հետո կկազմալուծվեր հայաստանյան օլիգարխիկ ու մենաշնորհային տնտեսական համակարգը: Իսկ ինչ է սպասվում Մաքսային միության պարագայում, հարցրեցինք Սաֆարյանին:

«Մաքսային միության մեջ մտնելը նույնպես իր մոնոպոլիաների վերացման գործառույթներ ունի», - պնդում է նա:

Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ տրամագծորեն հակառակ կարծիքի է տնտեսագետ Հրայր Մանուկյանը: Նրա կարծիքով, Հայաստանին ոչ միայն ձեռնտու չէ միանալ մաքսային միությանը, այլև երկրի տնտեսությունը դրանից մեծ վնաս կկրի:

«Որովհետև Մաքսային միության փաստաթղթերով հաստատված, բայց մասամբ գործող մաքսատուրքերը միջին հաշվով երկու ավելի բարձր են, քան Հայաստանի գործող մաքսատուրքերը, և եթե մենք մտնում ենք Մաքսային միություն, այ այդ ապրանքները, որոնք մենք ներմուծում ենք Մաքսային միության մեջ չմտնող երկրներից, իսկ դա կազմում է մեր արտաքին առևտրաշրջանառության 70-80 տոկոսը, այդ ապրանքների գները երկրում թանկանալու են», - ասում է Մանուկյանը, - «Մենք առևտուր ենք անում Մաքսային միության մեջ մտնող երկրների հետ ընդամենը մեր ընդհանուր առևտրի 22-23 տոկոսի չափով: Մնացածը այդ Մաքսային միության մեջ չմտնող երկրներն են: Ընդ որում, ներմուծումը, եթե չեմ սխալվում, ավելի մեծ բաժինը գալիս է Եվրամիությունից և այլ երկրներից»:

Իսկ Եվրամիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի ստորագրումը կնպաստեր Եվրամիության անդամ երկրների հետ առևտրի ծավալների աճին ու ոչ միայն, վստահ է տնտեսագետը:
XS
SM
MD
LG