Մատչելիության հղումներ

logo-print

Կոմպոզիտորներն ընդդեմ միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի


Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյան

Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյան

Կոմպոզիտորների և երաժշտագետների միավորման մի խումբ անդամներ` անվանի կոմպոզիտորներ, համարում են, որ միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը չարաշահել է լիազորությունները:

Միության անդամները նախագահից պահանջում են արտահերթ համագումար հրավիրել: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Սաթյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ վերջին համագումարը տեղի է ունեցել 4.5 տարի առաջ, այնինչ ըստ կանոնադրության՝ համագումարը պետք է 2 տարին մեկ կազմակերպվի: Սա Սաթյանը համարում է կանոնադրության կոպիտ խախտում։

Ամիրխանյանին ուղղված դիմում-պահանջի տակ ստորագրած 42 կոմպոզիտորներ՝ Մարտին Վարդազարյանը, Լևոն Չաուշյանը, Երվանդ Երկանյանը, Արամ Սաթյանը, Վարդան Աճեմյանը, Երվանդ Երզնկյանը և այլոք համարում են, որ Ամիրխանյանը չարաշահել է իր լիազորությունները և որ նա 2011 թվականից լեգիտիմությունը կորցրած նախագահ է: Կոմպոզիտորները խնդրում են, որպեսզի համապատասխան մարմինները կոմպոզիտորների միության 2009-2013 թթ. ֆինանսատնտեսական գործունեության ստուգում իրականացնեն:

1992 թվականից կոմպոզիտորների և երաժշտագետների միավորումը նախագահող Ռոբերտ Ամիրխանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, որ չի ցանկանում հարցազրույց տալ, և որ բոլոր հարցերի պատասխանները կհնչեն միության հոկտեմբերի 26-ին կայանալիք համագումարի ընթացքում: Սակայն «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում Ամիրխանյանը նշել է, որ իր դեմ գործող ուժերը երկուսն են՝ մեկն ուզում է միության ունեցվածքը վաճառել ու դնել գրպանը, մյուս ուժն էլ, տարիներ շարունակ իրեն վարկաբեկելով, ուզում է հասնել այն բանին, որ «գրավի միությունը:

Օրաթերթի հետ զրույցում միությունը գրավողների մեջ Ամիրխանյանը տեսնում է Մարտին Վարդազարյանին, Լևոն Չաուշյանին, Երվանդ Երկանյանին, Երվանդ Երզնկյանին և Արամ Սաթյանին:

Արձագանքելով կոմպոզիտորների միության նախագահ Ամիրխանյանի այս խոսքերին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Լևոն Չաուշյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ուղիղ հակառակն է տեղի ունենում և, որ 2011 թվականի մայիսի 23-ից լրացել է Ամիրխանյանի լիազորությունները որպես նախագահ:

«Մարդը շարունակում է նստել առանձնասենյակում՝ կնիքը գրպանում պահելով: Սա նշանակում է, որ նա գրավել է միությունը»,- ասաց Չաուշյանը:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Մարտին Վարդազարյան էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ միությունը գրավելու ցանկություն իրենք չունեն, միայն պահանջում են, որպեսզի Ամիրխանյանը գործի առանց կանոնադրությունը խախտելու:

«Եթե մարդն ուզում է որպեսզի իր սուտն անցնի, պիտի շատ մեծ սուտ ասի, որի թվին պատկանում է դա »,- ասաց Վարդազարյանը:

Արամ Սաթյանն ասաց, որ անհայտ է նաև, թե ուր են գնում Դիլիջանի կոմպոզիտորների միության հանգստյան տան ուղեգրերը և այլն:

Կամպոզիտորները պահանջում են նաև Դիլիջանի տունը անվանակոչել կոմպոզիտոր Էդվարդ Միրոզային անվամբ, առանց ում, ըստ Սաթյանի, այդ կառույցն այսօր չէր լինի: Հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Ամիրխանյանը նշել էր , որ ինքը դեմ չէ ու հավելել, որ միության բոլոր անդամները թող հավաքվեն ու իրենք այդ հարցը քննարկման կդնեն: Բայց փաստորեն մինչև այսօր այդ հանդիպումը չի կայացել։
XS
SM
MD
LG