Մատչելիության հղումներ

Ազատամարտիկները գոհ են ՊՆ-ում կայացած նիստից


Ղարաբաղյան պատերազմի մասնակից Վոլոդյա Ավետիսյան
Ղարաբաղյան պատերազմի մասնակից Վոլոդյա Ավետիսյան
Պաշտպանության նախարարությունում ազատամարտիկների հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի նիստում չորեքշաբթի օրը քննարկվել են կամավորական ազատամարտիկներին պարտադիր ամսական պարգևավճարներ հատկացնելու, թոշակները բարձրացնելու ու բնակարաններով ապահովելու հարցերը։

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ նախարարությունն առաջարկել է 20 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները, սակայն այդ առաջարկի հետ իրենք համաձայն չեն։

Պահեստազորի գնդապետը նշում է, որ չնայած մայիսից իրենք պահանջում են կրկնապատկել կենսաթոշակները, սակայն վստահ է, որ նույնիսկ 50 տոկոս բարձրացնելու դեպքում կենսական կարիքները հոգալ դժվար է լինելու։

«Մենք պնդեցինք, որ 20 տոկոսը շատ քիչ է, մանավանդ, որ գազը, լույսը թանկացել է։ Մենք կոնկրետ հարցադրում ենք անում, ասում ենք մարդը ստանում է 40 000, եթե ստանա 80 000, ունի հիվանդության կարգ, 80 000-ով էդ մարդն ինքն իրեն կարողանալո՞ւ է պահել, գազի, լույսի, ջրի փողը տա, հիվանդանոց և հետո պարտավոր է նաև ընտանիքին օգնել՝ տղամարդ է»,- ասաց Ավետիսյանը։

Ազատամարտիկներն առաջարկել են կամավորական ազատամարտիկներին ցմահ ամսական պարգևավճար հատկացնել և հաշմանդամություն ունեցող կամավորական ազատամարտիկներին առաջինը ապահովել բնակարանով։

«Սկզբում եղել է կամավորական ազատամարտիկը, հետո եռամսյան, հետո բանակը։ Հիմա կան կամավորական ազատամարտիկներ, որ պետք է տուն ստանան, բայց չգիտես ինչու 600-700-րդ հերթում են, եթե այս մարդիկ են ինքնակամ գնացել, մեր երկրի համար կռվել և եթե հասնում է էդ մարդուն բնակարան, իրանը պետք է լինի առաջնային»,- նշեց Ավետիսյանը։

Ազատամարտիկ Հովիկ Վարդումյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ ազատամարտիկը պետք է ունենա անվճար բուժօգնության իրավունք, արտոնություններ բնակվարձի, տրանսպորտից օգտվելու դեպքում, հավելում է, որ իրենց պահանջների մեջ ներառել են նաև այս հարցերը։

«Էդ բոլորին իրենք դեմ չեն, ինչքան որ հասկանում ենք, ուղղակի ձգձգում են, չգիտենք բնական ճանապարհն է, որ ձգձգում են, թե ձգձգում են, որ մենք հոգնենք թողնենք, բայց արտաքին տպավորությունն էնպիսին է, որ ուզում են անեն, 20 տարի չեն ցանկացել»,- փոխանցեց Վարդումյանը։

Ազատամարտիկներին տեղեկացրել են, որ ցուցակներն արդեն ճշտված տարբերակով ուղարկվել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, վերջնական գումարների չափը ճշտելու և 2014-ի բյուջեում ներառելու համար։

«Մենք առաջարկեցինք ճշտումներ մտցնել ցուցակների մեջ, որովհետև հաստատ համոզված ենք, որ էդ կարճ ժամանակում հնարավոր չէր ճշտել, ուղղակի իրենք վերցրել են մարզերի զինկոմիսարիատների եղած տվյալները, որտեղ բոլորս էլ գիտենք, որ կան անճշտություններ։ Վարչապետն ասում էր, որ մոտ 2000 հոգի կա, որ գումար է ստանում, բայց ազատամարտիկ չեն։ Եթե մեր պետությունը հնարավորություն ունի էդ մարդկանց էդ գումարները տա, թող տա, մենք դեմ չենք, բայց մեր գումարներն էլ թող կրկնապատկեն»,- նշում են ազատամարտիկները։

Ընդհանուր առմամբ, քննարկումներից ազատամարտիկները գոհ են և հույս են հայտնում, որ նախարարության կողմից ցուցաբերած հետաքրքրությունն ու աջակցելու ցանկությունը պատրանք չէ։ Նրանք հավելում են, որ հետևողական են լինելու իրենց բոլոր պահանջներին։
XS
SM
MD
LG