Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է հարձակումները ակտիվիստների վրա


Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, որում դատապարտում է նախորդ ամսվա կեսերից սկսած քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հարձակումները։

Հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումներին զուգահեռ եղել են բազմաթիվ հաղորդումներ այն մասին, որ ակտիվիստներին հետևում են, սպառնում և ահաբեկում: Նշվում է նաև, որ բռնության է ենթարկվել նաև ԱՄՆ-ի քաղաքացի։

«Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը շուտափույթ գործողություններ ձեռնարկել՝ դատապարտել այդ հարձակումները, անցկացնել քննություններ ու պատժել մեղավորներին: Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները հավաքների, արտահայտվելու ու խոսքի ազատության իրենց հիմնարար իրավունքներից կարողանան օգտվել առանց հաշվեհարդարից վախի»,- ասվում է դեսպանատան հայտարարությունում։

Այս հայտարարությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ թե ոստիկանության, և թե բռնությունների հեղինակների վրա, կարծում է ակտիվիստ Սուրեն Սահակյանը։ Գրեթե 50 օր քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստը, ում ընկերներից շատերն էլ հենց բռնության էին ենթարկվել, հույս հայտնեց, որ վերջապես կդադարեն նման դեպքերը, իսկ եղածները կբացահայտվեն։

Ակտիվիստների տվյալներով՝ նմատ մոտ 10 դեպք է եղել։ Ռուզաննա Գրիգորյանի խոսքով՝ իրենց ուղղությամբ ճնշումները և սպառնալիքները ակտիվացան հատկապես քաղաքապետարանի դիմաց սկսված նստացույցից հետո։

Ակտիվիստի կարծիքով՝ այն մարդիկ, ովքեր իրականացնում են բռնությունները, շատ հնարավոր է, որ գործում են պետական կառույցների հովանավորությամբ։

«Արդեն 2-3 շաբաթ է անցել, այն պարագայում, երբ բոլոր այդ բռնությունները տեղի են ունեցել քաղաքի ամենաբանուկ, ամենալուսավորված, տեսախցիկներով հագեցված հատվածներում, որևէ մի քրեական տարրի անգամ չեն կասկածում այդ գործողությունների մեջ»,- ասաց Գրիգորյանը։

Այն հարցին, թե արդյոք չեն նկատո՞ւմ լճացում պահանջների կատարման և նստացույցի շուրջ, ակտիվիստները ասացին, որ իհարկե, որոշակի հանդարտություն կա, բայց իրենք քաղաքապետարանի երկու պաշտոնյաների հրաժարականի պահանջով ակցիաները շարունակելու են։ Այստեղ նրանք կարևորեցին հատկապես հասարակության ավելի լայն շերտերի աջակցությունը, իսկ առաջիկայում նրանց ծրագրերում փոփոխություններ են սպասվում։

«Սպառվել է այն ողջամիտ ժամանակը, որը տրված էր քաղաքապետարանին որոշում կայացնելու համար։ Վստահեցնում եմ, որ մոտ ապագայում գործիքն էլ կփոխվի, հավանաբար՝ պահանջն էլ»,- ասաց Սուրեն Սահակյանը։

Ակտիվիստների կարծիքով՝ կարևոր է նաև, որ ոստիկանությունը դադարեցնի առանց հիմնավորման ակտիվիստներին բերման ենթարկելը։ Նրանց համոզմամբ՝ ոստիկանությունը պարզապես չի թողնում, որ քաղաքացին արտահայտի իր ազատ խոսքը, և սա նույնն է թե քաղաքապետարանում, թե Կոմիտաս 5-ում, և թե Փակ շուկայում։

Ի դեպ, Փակ շուկայի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» հասարակական շարժումը շուկայի տարածքում շինարարական գործողությունները դադարեցնելու պահանջով վաղը ժամը 15-ին երթ և ցույց կանցկացնի։ Իսկ այսօր շուկայի մասին են խոսել ճարտարապետները։

Հայաստանի ճարտարապետների միությունում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ նրանք հայտարարեցին, որ առաջին հերթին այստեղ մեղավոր են այն մարդիկ, ովքեր տվել են շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվությունները։

Փակ շուկայի հարցով ժամանակին ահազանգել էին մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը։ Վերջերս Երևանի նախկին գլպավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ իրենք ամեն ինչ արեցին հուշարձանը փրկելու համար, բայց «ունենք այն ինչ ունենք»։ Ճարտարապետների համար սա ուղակի աբսուրդ է։

«Հրաժարական տայիր, պետք չէ քրտնել հեռուստացույցի և «Ազատություն» ռադիոկայանի դիմաց, ասել՝ ես առավելագույնը արեցի... չէ, այդպես չի լինում, պատասխանատվության խնդիր կա»։

Ասուլիսի ընթացքում ճարտարապետները նաև հայտարարեցին, որ ընդունում են իրենց մեղքը. այսուհետ այն ճարտարապետները ովքեր նախագծեր ստեղծեն, որոնք կաղավաղեն պատմամշակութային արժեքները, կարժանանան իրենց համընդհանուր բացասական վերաբերմունքին, ինչն էլ նրանց կարծիքով՝ հնարավոր է բացառի հետագայում նման դեպքերի կրկնությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG