Մատչելիության հղումներ

«Բայց մենք ուզում ենք». ԱԺ նախագահը Ասոցացման համաձայնագրի մասին


«Եթե Ֆյուլեն ասում է՝ չի ուզում, դա իր գործն է, բայց մենք ուզում ենք»,- այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում նոյեմբերին նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, երբ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը դա հնարավոր չի համարում։

«Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում Շտեֆան Ֆյուլեն հստակ ասել է, թե անհնար է Ասոցացման համաձայնագրի ստորագրումը առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի։ Նա նշել է, թե ԵՄ դիրքորոշումը հստակ է՝ «քաղաքական ասոցացումն ու տնտեսական ինտեգրացիան պետք է ընթանան ձեռք ձեռքի տված»։

Չնայած Ֆյուլեի այս պարզաբանմանը, Հովիկ Աբրահամյանը պնդում է, որ եթե Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի հետ կապված խնդիրներ կան, ապա Հայաստանը այսօր էլ է պատրաստ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը։

«Մենք խոսել ենք Ասոցացման համաձայնագրի մասին, համապարփակ ազատ առևտրի գոտին այլ հասկացություն է, մենք ասում ենք, որ չի հակասում Ասոցացման համաձայնագրին, և ևս մեկ անգամ ուզում եմ պնդել։ Հիմա էլ ենք պատրաստ։ Հայաստանի իշխանությունները կողմնակից են նախաստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, կա երկրորդ կողմ, որը վաղը լինելու է Հայաստանում, հանդիպելու է երկրի իշխանությունների հետ և այդ քննարկումների արդյունքում որոշում կկայացվի»,- ասաց Աբրահամյանը։

ԱԺ նախագահը բավական ուշագրավ հայտարարություն արեց՝ ընդգծելով, թե Մաքսային միությանը անդամակցությունը պետք է բխի Հայաստանի շահերից, բայց միաժամանակ ասաց, թե դեռ չգիտեն՝ այդ շահը որն է լինելու։ Հարցին, թե Մաքսային միությանը անդամակցելուց ի՞նչ է ստանալու Լեռնային Ղարաբաղը, որտե՞ղ է լինելու այն, ԱԺ նախագահը այսպիսի պատասխան տվեց.- «Հայաստանի Հանրապետությունն է Մաքսային միությանը անդամակցում, Ղարաբաղն ի՞նչ կապ ունի, Ղարաբաղը անկախ պետություն է...»։

«Նորից եմ կրկնում, նախագահը տվել է իր համաձայնությունը՝ անդամակցելու Մաքսային միությանը, դրանից հետո է պետք է լինի ծավալուն գործընթաց, և երբ մենք կունենանք պայմանները, պայմանագրերը, ձևաչափերը, կքննարկենք, կհասկանանք... Դա պետք է բխի Հայաստանի շահերից՝ բոլոր առումներով։ Մենք դեռ չգիտենք՝ այդ շահը ո՞րն է լինելու, բանակցելու ենք։ Ինչո՞ւ է ձեզ թվում, որ մենք գերի ենք, եթե լավ փաստաթուղթ չեղավ, չբխեց մեր պետության շահերից, մենք չենք համաձայնվի։ Սա նախնական համաձայնություն է։ Միգուցե լինի փաստաթուղթը, Ազգային ժողովը չքվեարկի»,- ասաց Աբրահամյանը՝ շեշտելով, որ անձամբ ինքը կողմ է Մաքսային միությանը միանալուն։

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ եթե չկա փաստաթուղթը, Հայաստանը ինչի՞ն է համաձայնություն տվել միանալուն, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, թե համաձայնություն տվել են անդամակցելուն.- «Մեր ռազմավարական գործընկերը, մեր տնտեսության ամբողջ կապը Ռուսաստանի հետ է։ Դուք չեք տեսնո՞ւմ՝ մեր շուկան Ռուսաստանն է»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իր կարծիքով՝ Ռուսաստանի և Ղազախստանի հետ համագործակցությունը ավելի նախընտրելի է եվրոպական հսկայական շուկայից, Աբրահամյանը հարցով պատասխանեց.- «Ի՞նչ հսկայական շուկա կա Եվրոպայում»։

«Ապագա փաստաթղթերը, պայմանները որ լինեն, այն ժամանակ կխոսենք ըստ էության»,- ասաց ԱԺ նախագահը.- «Երբ որ փաստաթուղթը լինի, մենք հիմնավոր կներկայացնենք՝ այս կետով սա ենք շահում, այն կետով՝ սա։ Փակ բան չկա ժողովրդից»։
XS
SM
MD
LG