Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 12-ի մամուլ


Մամուլը շարունակում է եռանդով քննարկել Մաքսային միության առաջիկա անդամակցությանն առնչվող թեման: «168 ժամը» գրում է․ - «Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի շրջադարձային քայլ լինելուց, Հայաստանի ինքնիշխանության կորստի և մի շարք այլ իրողությունները արձանագրումից բացի բացահայտվեց նաև մեր պետական կառավարման, քաղաքական համակարգի դեգրադացվածությունը: Այն, իհարկե, երբեք էլ աչքի չէր ընկնում բարձր որակներով, բայց գոնե մինչև սեպտեմբերի 3-ը իշխանության մեջ կարելի էր թեկուզ խիստ վերապահումներով առանձնացնել գործիչների, որոնք որոշակի գաղափարներ ու համոզմունքներ ունեին: Սեպտեմբերի 3-ը և դրան հաջորդած իրադարձությունները, սակայն, ցույց տվեցին, որ նման բան գոյություն չունի, որ Հայաստանի իշխանական համակարգը կազմված է առավելապես՝ պատեհապաշտներից, անսկզբունքային, ապագաղափարական դեմքերից, որոնց համար ցանկացած գաղափարի արժեքը զրոյանում է այնտեղ, երբ առաջանում է սեփական պաշտոնի հարցը»:

«Ժամանակ»-ը մեկնաբանում է Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը: Դրանում, հիշեցնենք, Ֆյուլեն խոսել էր Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշման մասին: Թերթում կարդում ենք․ - «Եվրոպան, դատելով Ֆյուլեի հայտարարության տեքստից, փակելով դուռը, այնուամենայնիվ բաց է պահում պատուհանը Հայաստանի համար: Սակայն պատուհանը ակնհայտորեն շատ բարձր է, և Հայաստանից ակնհայտորեն հսկայական ջանքեր են պահանջվելու այդ բարձրությունը հաղթահարելու համար, եթե իհարկե՝ Հայաստանի իշխանությունները ուզում են հաղթահարել և պահել Եվրոպայի հետ հարաբերությունները: Առայժմ նկատվում է, որ ուզում են, թեև միգուցե ընդամենը ուզում են իջեցնել նշաձողն ու պրծնել հնարավորինս ցածր գնով»:

«Առավոտի» հետ զրույցում Դավիթ Շահնազարյանն, անդրադառնալով հարցին, թե արդարացվա՞ծ էր Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի հայտարարությունը, թե ՀՀ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն այլևս օրակարգային խնդիրների թվում չէ, նկատում է․ - «Եթե ԵՄ֊ն, այնուամենայնիվ, որոշի ՀՀ֊ն դուրս թողնել ԵՄ Ասոցացման ծրագրի օրակարգից, կարծում եմ՝ դա կլինի ոչ ճիշտ հաշվարկված, իրավիճակային և էմոթցիոնալ որոշում: Բրյուսելը չպետք է փակի հնարավորությունները ՀՀ-ի առջև, քանի որ դա կնշանակի, որ ՌԴ֊ի ճնշումները ՀՀ-ի նկատմամբ, ինչի արդյունքում ՀՀ-ն որոշեց անդամակցել ՄՄ-ին, տարածվում են նաև Բրյուսելի վրա: Այսինքն՝ կնշանակի, որ Բրյուսելը նույնպես ենթարկվել է Մոսկվայի ճնշումներին և Կրեմլի կայսերապաշտական նկրտումներին: ՄՄ-ին անդամակցությունը երկար գործընթաց է, մշուշոտ ճանապարհ՝ լի անորոշություններով, և դեռևս շատ մեծ հարցական է, թե արդյոք դա ընդհանրապես կյանքի կկոչվի՞, թե՞ ոչ: ԵՄ-ն պետք է շարունակի համագործակցել ՀՀ-ի հետ՝ ԵՄ Ասոցացման ծրագրի շրջանակներում»:

«Հրապարակ» թերթը գրում է․ - «Մի քանի օր է` հայ հանրությունն ուշքի չի գալիս. Լիսկայի տղային ու թիկնապահին ազատ արձակելը բարոյականության ու տրամաբանության ոչ մի շրջանակում չի տեղավորվում, եւ անգամ իշխանության մեջ գտնվողները տարակուսած են, զայրացած ու զարմացած: Ինչ անուն տաս մի բանի, որի անունը ցինիզմ է, անամոթություն, անարդարության գագաթնակետ, սրբապղծություն օրենքի ու արդարադատության հանդեպ: Եվ ինչ կա ավելի անարդար այն բանից, երբ խոտի դեզ այրողն ու 100 հազար դրամ գողացողը բանտում են, իսկ մարդու կյանքը խլած ապիկարները` դրսում: Երբ ամեն ինչ արվում է, որ յուրային «սրիկան» չպատժվի՝ ի տես բոլոր նրանց, ովքեր իշխանության մեջ չեն ու իշխանության տակ չեն»:

«Չորրորդ ինքնիշխանությունը» մեկնաբանում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: Ըստ դրանց, այս տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանում գնաճը կազմել է 16.4 տոկոս, ընդ որում՝ պարենային ապրանքները թանկացել են 17.3 տոկոսով, վառելիքն ու էլեկտրաէներգիան՝ 23.3 տոկոսով, բուժսպասարկումն ու դեղորայքը՝ 31 տոկոսով և այլն: Թերթը գրում է․ - «Սա արդեն գնաճ չէ, սա աղետ է: Շատ ավելի ահավոր աղետ, քան համաշխարհային ճգնաժամի առաջին տարում էր, երբ Հայաստանի տնտեսությունը 14.2 տոկոս անկում արձանագրեց: Ընդ որում՝ աղետն արձանագրված է պաշտոնական վիճակագրական տվյալներով: Իսկ կառավարությունը նույնիսկ հարկ չի համարում որևէ բացատրություն տալ: Չի էլ կարող, որովհետև որևէ տրամաբանական բացատրություն չկա: Եթե պատճառը շրջափակումն է՝ անցած տարի էլ էր շրջափակում, եթե պատճառը ղարաբաղյան խնդրի չկարգավորված վիճակն է՝ անցած տարի էլ էր նույն վիճակը: Ուրեմն ի՞նչն է փոխվել, որ մեկ տարվա ընթացքում գնաճը համարյա 20 տոկոսի է հասել, այսինքն՝ մարդկանց սոցիալական վիճակն առնվազն 20 տոկոսով վատացել է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG