Մատչելիության հղումներ

Ժնևում հանդիպում են Քերրին և Լավրովը


ԱՄՆ - Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Վաշինգտոնում, 9-ը օգոստոսի, 2013թ․
ԱՄՆ - Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Վաշինգտոնում, 9-ը օգոստոսի, 2013թ․
Սեպտեմբերի 12-ին օրվա երկրորդ կեսին Ժնևում կայանալու է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը սիրիական ճգնաժամը հանգուցալուծելու հարցով:

Օրակարգում Ռուսաստանի առաջարկն է` Սիրիայում գտնվող քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ: Բաշար Ասադի ռեժիմը համաձայն է Ռուսաստանի առաջարկին:

Միացյալ Նահանգները, Եվրամիությունը թեև Ասադի ռեժիմի խոստումների նկատմամբ մեծ վստահություն չեն տածում, այնուամենայնիվ, այս լուծումը ևս ընդունելի են համարում և պատրաստ են այն քննարկել:

Հանդիպումը առանցքային է այն առումով, որ Սիրիայի հարցում երկարատև հակասություններից հետո առաջին անգամ Ռուսաստանի այս առաջարկին բոլոր կողմերը համաձայն են: Սակայն կան տեխնիկական բազմաթիվ հարցեր և մանրամասներ, որոնք դեռ պետք է քննարկվեն:

Ամերիկյան կողմին արդեն փոխանցվել է Ռուսաստանի առաջարկած ծրագիրը, և ժնևում այսօր երկու գերտերությունների արտգործնախարարները հենց դրանց շուրջ են բանակցելու, որպեսզի մի ընդհանուր բանաձև ներկայացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը: Հնարավոր է՝ բանակցությունները երկար տևեն:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը երեկ Եվրոպական խորհրդարանի՝ Սիրիային վերաբերող քննարկման ընթացքում անդրադարձել է սպասվող հանդիպմանը, ասելով․ - «Լավրովն ու Քերրին Ժնևում հանդիպելու են և փորձելու են մանրամասն ծրագրի տեսքով ներկայացնել, թե ինչ է նշանակում Ռուսաստանի այս նախաձեռնությունը, թե ինչ է կատարվելու, երբ, ինչպես և ով է դա իրականացնելու: Եվրամիությունը պատրաստակամ է իր ներդրումն ունենալ ընթացող աշխատանքներում` հասկանալու, թե ինչպես կարող է աջակցել գործընթացին»:

Ընդ որում, Էշթոնն իրենց մասնակցությունը սիրիական ճգնաժամի լուծմանը կասկածի տակ չի դրել, հավելելով, թե Եվրամիությունը քննարկում է ոչ թե «եթե»-ն, այլ «ինչպես»-ը:

Իրավիճակը Սիրիայի շուրջ առանցքային հանդիպումից առաջ


Քերրի և Լավրովի այս կարևոր հանդիպումից առաջ իրադրությունը Սիրիայի հարցում հետևյալն է: Արևմտյան տասնյակ երկրներ, այդ թվում և Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, իրենց հետախուզության տվյալների վրա հիմնվելով հայտարարում են, թե կասկած չունեն, որ օգոստոսի 21-ի քիմիական գրոհի հեղինակը Ասադի ռեժիմն է, այս երկրները նաև կողմ են քիմիական զենք կիրառելու համար Ասադի ռեժիմին ռազմական հարվածներով պատժելուն՝ անգամ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիայի: Իրենց դիրքորոշումը այդ երկրները հիմնավորում են նրանով, որ եթե իրենք չպատասխանեն քիմիական զենքի կիրառմանը, ապա դա հավասարազոր է բոլոր բռնապետերի ձեռքերն արձակելուն` նրանք այս իրավիճակից միայն մի եզրակացություն կանեն, որ կարելի է անպատիժ քիմիական զենք կիրառել:

Իրենց հերթին, Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լիազորման Սիրիայում որևէ գործողություն իրականացնելուն, հայտարարում են, որ առանց ՄԱԿ-ի փորձագետների ուսումնասիրությունների արդյունքների միանշանակ պնդել, թե որ կողմն է քիմիական գրոհի հեղինակը, հնարավոր չէ: ՄԱԿ-ի քիմիական զենքի գծով փորձագետները, ի դեպ, հայտարարել են, որ իրենց եզրակացությունները կհրապարակեն մինչև այս շաբաթվա վերջ:

Ռուսաստանը հայտարարում է նաև, որ Սիրիային օդուժի հարվածներ հասցնելը անկանխատեսելի հետևանքներ կունենա, քանի որ այն ձեռնտու է առաջին հերթին ծայրահեղական ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսին «Ալ-Ղաիդա»-ն է, և, փաստորեն, Բարաք Օբաման, ռմբակոծելով Սիրիան, մեծ նվեր կանի ահաբեկչական այդ կազմակերպությանը: Իսկ Սիրիան էլ բազմիցս հայտարարել է, որ ամերիկյան օդուժի հարվածները անպատասխան չի թողնի:

Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը կոչ է արել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ժնևյան հանդիպման ընթացքում քննարկել նաև Սիրիայում բժիշկների և հումանիտար կազմակերպությունների աշխատանքը, քանի որ սիրիական հակամարտության երկու կողմներն էլ թույլ չեն տալիս, որ բժիշկները մուտք գործեն երկիր և օգնություն ցուցաբերեն վիրավորներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG