Մատչելիության հղումներ

Քննչական ծառայության պետը չհիշեց Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատելու որոշման նախադեպ


Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հերքեց գորիսյան միջադեպի կապակցությամբ Բուդաղյանների պնդումները և հաստատեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու նրա կողմնակիցների պնդումները։

Բայց նախքան Արմեն Հարությունյանի հայտարարություններին անցնելը մեջբերում ասուլիսին մասնակից քննիչ Ղազարյանի դիտարկումից, թե ինչպես կարող էր Սյունիքի՝ այն ժամանակվա մարզպետը քնած լինել, երբ, ըստ նախաքննության տվյալների, նրա տան մոտ արձակվել է 13 կրակոց՝ 11-ը՝ մարզպետի ներկայացուցիչների ձեռքին գտնվող զենքերից․ - «Եթե մարդը քնում է, կարող է նաև այդպես քնի, ի՞նչ է եղել»:

Այս պնդումը հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած սպանությունից հետո հնչեցրել էր նաև զինդատախազ Գևորգ Կոստանյանը, և, փաստորեն, քնած լինելու մասով չեն փոխվել նախաքննական մարմնի պատկերացումները։ Փոխվել են Ավետիք Բուդաղյանի մահվան պատճառների վերաբերյալ փաստաթղթային և բանավոր ձևակերպումները։ Եթե նախաքննական մարմինը Խաչատրյանի որդուն և թիկնապահին ազատ է արձակել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և, այսպես ասած, անհրաժեշտ պաշտպանության միջոց կիրառելու բացատրությամբ, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ հիմքերով էին նրանց կալանավորել։ Քննիչը հարմար գտավ միայն ասել հետևյալը. - «Հունիսի 3-ին Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի կալանքի միջնորդություն ներկայացնելու որոշմանս հետ ներկայացրել եմ բավականին փաստաթղթեր, այդ թվում՝ Արտակ Բուդաղյանի ցուցմունքի պատճեն: Նույն այդ որոշումներից ավելի շատ ցուցմունքներ ու այլ փաստաթղթերի պատճեներ ներկայացրել եմ նաև օգոստոսի 24-ին Արաբկիրի դատարանում՝ կալանքի ժամկետ երկարացնելիս»:

Ինքնախոստովանական ցուցմունքներից հետո


Հիշեցնեմ՝ դեպքից ժամեր անց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե կան ձերբակալվածներ, որոնք տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ։ Նույն տեղեկատվությունը ստացել էինք նաև նրանց պաշտպաններից, բայց նախաքննական մարմնի գործելաոճից և բացատրություններից հետո հետաքրքիր է լսել հարցի պատասխանը, թե արդյոք Սուրիկ Խաչատրյանը մասնավորապես պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանից բացատրություն չի՞ պահանջել իր որդուն երկու ամսից ավելի կալանքի տակ պահելու կապակցությամբ. - «Առայժմ նման պարզաբանումներով որևէ մեկը չի դիմել»:

Պատժից ազատելու նախադեպ չհիշեց


Արմեն Հարությունյանին նաև հարցրի՝ կարո՞ղ է հիշել որևէ նմանատիպ աղմկահարույց սպանության դեպք, երբ կյանքից զրկողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի այն պատճառաբանություններով, որոնք տվյալ դեպքում դարձել են նախընտրելի պաշտպանության նախարարության քննչական ծառայության պատասխանատուների համար. - «Այս պահին այդ բլից-հարցի կապակցությամբ չեմ կարող ասել, որ մտաբերեցի մի կոնկրետ դեպք»:

Հրաժարվում են հանձնաժողովից


«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ Գորիսում տեղի ունեցած սպանությունից հետո որևէ մեկին հնարավոր է ազատել քրեական պատասխանատվությունից միայն ու միայն բարձրագույն օղակների ցուցումներով:

«Ինքնուրույն որոշման մասին խոսք լինել չի կարող: Հենց սկզբից արդեն նախապես մտածված, հավանաբար Լիսկայի հետ համատեղ իշխանության այդ կազմը քննարկել էր, թե ինչպես պետք է լինի գործի ընթացքը, որովհետև դա այսպես ասենք՝ սխոդկայով է երևի որոշվել, երբ որ հավաքվում են իրենց մերձավոր միջավայրի հետ․․․ Լիսկան հանրապետության նախագահի մերձավոր շրջապատից է», - ասում է Ալեքսանյանը:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» պաշտպանություն հասարակական կազմակերպությունն, ի դեպ, Սուրիկ Խաչատրյանի որդուն և թիկնապահին քրեական պատասխանատվությունից ազատելու որոշմամբ էր պատճառաբանել զինվորական դատախազի առաջարկով ձևավորված՝ բանակում տեղի ունեցած սպանությունների դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքից հրաժարվելու որոշումը:

«Եթե այս գործով կայացվում է այսպիսի որոշում, որևէ հավատ չի ներշնչում, որ զինվորական դատախազը կարող է օբյեկտիվ որևէ գործով քննություն կատարել, ինչը, ես վստահորեն կարող եմ ասել, որ չի արվում ոչ մի գործով, որով մենք զբաղվում ենք զինվորական գործերով: Ես կարծում եմ, որ զինվորական դատախազը պետք է հրաժարական տա: Նա չի կարող այլևս, այս իրավիճակից հետո՝ ստեղծված, շարունակել աշխատել», - ասում է Ալեքսանյանը:

Զինդատախազի առաջարկով ստեղծված հանձնաժողովի աշխատանքից հրաժարվել է նաև Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակը՝ նույն պատճառաբանությամբ։ Գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է, որ եթե քննչական ծառայությունը Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո մեղավորներին պատասխանատվությունից ազատում է, մեղադրանք առաջադրելով գնդապետ Արտակ Բուդաղյանին, ապա չի կարող որևէ երաշխիք լինել, որ նույն իրավիճակը չի կրկնվի նաև մի շարք այլ գործեր քննելիս.- «Նման վարվելակերպը նման հնչեղություն ունեցող գործի նկատմամբ, ավելին՝ երբ որ սպայի նկատմամբ է կատարվում, նման պարագայում որևէ վստահություն ունենալ, որ այդ հանձնաժողովի կազմում աշխատանքի արդյունքում այն վերլուծությունները և առաջարկությունները, որ մենք նպատակ ունեինք ներկայացնելու մահացած զինծառայողների վերաբերյալ գործերով, և կարող էր ապահովվել բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, արդեն վերանում է: Երաշխիք չունենք, որ այդ մահացության դեպքերով նման գործերում չէին լինի վերստին Լիսկայի նման մարդիկ»:

Ի դեպ, նախքան Սուրիկ Խաչատրյանի որդուն և թիկնապահին պատասխանատվությունից ազատելու՝ ՊՆ քննչական ծառայության որոշումը, հասարակական կազմակերպությունները զինդատախազի հետ քննարկել և համաձայնության էին եկել հանձնաժողովի աշխատակարգի շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG