Մատչելիության հղումներ

Ֆյուլե․ «Եվրամիության որոշ գործընկերներ ահռելի ճնշման տակ են հայտնվել»


Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախօրեին Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում հանդես եկավ հայտարարությամբ, որում իր մտահոգությունը հայտնեց ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների նկատմամբ Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշման ահագնացման կապակցությամբ:

ՌԴ նման վարքագիծը առանձին դեպքերում գնահատելով իբրև «սպառնալիք»՝ Ֆյուլեն ընդգծեց, թե «Եվրամիության որոշ գործընկերներ ահռելի ճնշման տակ են հայտնվել»:

Նշելով, թե վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ, որի ընթացքում կատարվելու է նշանակալից քայլ՝ Եվրոպայի մի շարք արևելյան հարևանների հետ տնտեսական ինտեգրացիայի ու ասոցացման ճանապարհին, հանձնակատարը արձանագրեց, թե Եվրամիությունը մշտապես միանշանակորեն հստակ է եղել իր եվրոպական հարևանների հանդեպ իրականացվող քաղաքականության մեջ:

«Մեր ընդհանուր շահերը մեզ պարտադրում են աշխատել արևելյան գործընկերների հետ՝ մեր աշխարհամասում բարգավաճման և կայունության գոտի ստեղծելու ուղղությամբ: Դեռևս 1994 թվականին ստորագրված «Գործընկերության և համագործակցության» մասին համաձայնագրերով կանխատեսվում էր ազատ առևտրի ոլորտի զարգացումը: 2004 թվականին մեկնարկած՝ տեխնիկատնտեսական հիմնավորումները կազմելուն միտված աշխատանքները հանգեցրին «խորը և համապարփակ առևտրի գոտիների» զարգացմանը, իբրև նոր՝ ընդլայնված համաձայնագրերի անքակտելի մաս, որը հետագայում հայտնի դարձավ «Ասոցացման համաձայնագիր» անվան տակ՝ առաջարկված 2006 թվականին», - ասաց Ֆյուլեն՝ հիշեցնելով, որ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի առաջին բանակցությունները մեկնարկել են 2008 թվականին Ուկրաինայի հետ՝ վերջինիս Առևտրի համաշխարհային կազմակերպության անդա դառնալուց անմիջապես հետո:

Եվս մեկ անգամ վերահաստատելով, որ անդամակցությունը Մաքսային միությանը անհամատեղելի է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի հետ բանակցված՝ Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրին մասնակցության հետ, Ֆյուլեն ընդգծեց, որ դրա պատճառը գաղափարախոսական տարաձայնությունները չեն, ոչ էլ տնտեսական միավորումների բախումը: Խոսքը իրավական անհամատեղելիության մասին է․ - «Օրինակ՝ դուք չեք կարող միաժամանակ իջեցնել մաքսային դրույքաչափերը՝ նախատեսված ԽՀԱԱ համաձայնագրով և բարձրացնել դրանք՝ ի արդյունք Մաքսային միությանն անդամակցության», - ասաց Ֆյուլեն՝ շարունակելով․ - «Ասոցացման համաձայնագրերի նոր սերունդը բերելու է տնտեսության վերափոխմանը միտված հսկայական օգուտներ՝ օրենսդրությունների համապատասխանեցման և շուկայի ազատականացման միջոցով: Անկախ հետազոտությունները ցույց են տալիս, որ ԽՀԱԱ համաձայնագիրը էական օգուտներ է բերելու: Դեպի Եվրամիության երկրներ արտահանման ծավալները ժամանակի ընթացքում կարող են կրկնապատկվել, բերելով ՀՆԱ-ի մինչև 12 տոկոսով ավելացման: Բայց որպեսզի այս ամենն իրագործվի, մեր գործընկերները պետք է լիարժեքորեն անկախ լինեն իրենց առևտրային քաղաքականության մեջ: Մի բան, որ չի կարող լինել Մաքսային միությանն անդամակցելու պարագայում»:

Ըստ Ֆյուլեի, Արևելյան գործընկերության անդամներն, անշուշտ, կարող են մեծացնել իրենց համագործակցությունը Մաքսային միության հետ, ասենք՝ դիտորդի կարգավիճակով, և մասնակցությունը ԽՀԱԱ-ին միանգամայն համատեղելի է ԱՊՀ անդամ այլ գործընկերների հետ ստորագրված ազատ առևտրի մասին համաձայնագրերի հետ:

«Պարզ ասեմ՝ Եվրասիական տնտեսական միության զարգացումը պետք է հաշվի նստի և հարգի մեր գործընկերների ինքնիշխան որոշումները: Ռուսաստանի ցանկացած սպառնալիք՝ ուղղված Եվրամիության հետ հնարավոր համաձայնագրերի կնքման դեմ, անընդունելի է: Այդ սպառնալիքները կարող են հետևյալ դրսևորումներն ու պատճառաբանություններն ունենալ՝ էներգետիկայի ոլորտում գների հնարավոր սխալ գնահատումը, առևտրի ոլորտում արհեստական խոչընդոտները, այդ թվում՝ մաքսային ձևակերպումների ընթացքում հարուցվող քաշքշուկներն ու ներմուծման արգելումը, ռազմական ոլորտում համագործակցությունն ու անվտանգության երաշխիքները, երկարատև հակամարտությունների վրա ազդեցությունն իբրև գործիք օգտագործելը», - նշեց Շտեֆան Ֆյուլեն և շարունակեց․ - «21-րդ դարում մեր աշխարհամասում այս կերպ չէ, որ երկրները պետք է հարաբերվեն: Այսօրինակ գործողությունները խարխլում են այն սկզբունքները, որոնք որդեգրվել են եվրոպական բոլոր երկրների կողմից: ԵԱՀԿ-ի Հելսինկյան սկզբունքներով մենք հանձնառություն ենք հայտնել հարգել յուրաքանչյուր պետության՝ այլ պետությունների հետ ազատորեն հարաբերություններ կառուցելու իրավունքը: Եվրամիությունը կաջակցի և կօժանդակի բոլոր նրանց, ովքեր ենթակա են նման անընդունելի ճնշման»:

«Թույլ տվեք ընդգծել, որ ԽՀԱԱ-ն չի ստեղծվել ընդդեմ Ռուսաստանի: Հակառակը՝ Ռուսաստանը ևս կարող է մեծապես շահել Արևելյան գործընկերության երկրների՝ եվրոպական շուկայի հետ ինտեգրման գործընթացից», - հայտարարեց Ֆյուլեն՝ հավելելով․- «Այսպիսով, մենք խրախուսում ենք մեր գործընկերներին՝ խորացնել իրենց կապերը Ռուսաստանի հետ, սակայն՝ ասոցացման պայմանագրով և ԽՀԱԱ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների հետ համատեղելիության շրջանակում»:

«Մենք ցանկանում ենք երկարաժամկետ ապագայում տնտեսական գոտի ստեղծել Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ», - ասաց Եվրամիության հանձնակատարը:

«Եվրամիությունը պատրաստ է աշխատել իր հարևանների հետ՝ Եվրամիության և Մաքսային միության անդամների հետ հնարավոր համընկնումների հայտնաբերման համար: Պաշտպանողական պատը, որ մեր աշխարհամասը կբաժանի երկու մասի, վերջին բանն է, որ մենք ուզում ենք տեսնել: Ավելի քան երբևէ մրցակցային գլոբալ տնտեսության պայմաններում աշխարհքաղաքական մրցակցություն մենք չենք կարող թույլ տալ», - հայտարարեց Շտեֆան Ֆյուլեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG