Մատչելիության հղումներ

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը դժվարանում է ասել, թե տնտեսական առումով ինչ կտա Ղարաբաղին Հայաստանի Մաքսային միությանը միանալը։

Իշխանյանը բացառում է Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը ճանաչելու հավանականությունը։ Նրա կարծիքով՝ «Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումները կշարունակվեն նաև Մաքսային միությանն անդամակցելուց հետո»։

«Կա ընդհանրապես կանխազգացողություն և մտայնություն, որ Մաքսային միության գործընթացի ընդհանուր բնույթը 2010 թվականից մինչ օրս Ռուսաստանի կողմից արտացոլված կոշտ միջամտությունները, այս կամ առումով յուրահատուկ «պատգամները» Հայաստանի իշխանություններին, ստեղծում են այնպիսի մթնոլորտ, որ պետք է ենթադրել, որ Մաքսային միությանն անդամակցելը կարող է ծանր հետևանքներ ունենալ։ Մենք թևակոխել ենք հայ ժողովրդի պատմության մի նոր փուլ, թե ինչ կլինի այդ փուլը, դեռևս լույսը չի երևում։ Բայց կարող ենք ասել, որ այդ ամենը ամենայն հավանականությամբ կապված է նաև Ղարաբաղի անվտանգության և լինելիության հետ»,- ասաց Իշխանյանը։

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը չի կարծում, թե Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու որոշում է կայացրել Ղարաբաղի պատճառով: Ի՞նչ կարող է տալ այդ անդամակցությունը Ղարաբաղին հարցադրումը պատգամավորի կարծիքով միանգամայն անընդունելի է, քանի որ «սա այն հարցը չէ , որը կարելի է դիտարկել օգտապաշտական տեսանկյունից»։

«Հայաստանը պարտադրված է ցանկացած քայլ կատարել հօգուտ Ղարաբաղի... իսկ ո՞վ է ասել, որ դա այդպես պետք է լինի։ Ընդհանրապես մենք ինչո՞ւ ենք Հայաստանի ապագան փորձում կանխորոշել Ղարաբաղի ապագայով։ Եթե մենք հռչակվել ենք անկախ երկիր, ապա մենք պարտավոր ենք որոշումներ ընդունել մեր փոխարեն, ոչ թե հուսալ, որ Հայաստանը որոշումներ է ընդունելու հօգուտ մեզ։ Ես մերժելով մերժում եմ այս ղարաբաղցիությունը, սա Հայաստանի ճանապարհը կաշկանդող գավառամտություն է։ Մենք ի վերջո պետք է Հայաստանի և Ղարաբաղի զարգացման խնդիրները միմյանցից զատորոշենք, եթե ուզում ենք, որ Հայաստանը լինի ուժեղ երկիր։ Որովհետև միայն ուժեղ Հայաստանը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության, ինքնորոշման իրավունքի երաշխավորը», - ասաց Աթանեսյանը։

Իսկ ահա խորհրդարանի խոսնակը համոզված է, որ Հայաստանը կայացրել է մի որոշում, որը բխել է Հայաստանի և Ղարաբաղի շահերից: Մաքսային միության անդամակցելու դեպքում վերլուծաբանների այն պնդումը, թե Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հնարավոր է մաքսային սահման լինի, Աշոտ Ղուլյանը չի պատկերացնում՝ հաշվի առնելով առկա իրողությունները։

«Իհարկե, երկու առանձին հայկական հանրապետություններ են, բայց կա շատ ընդգծված ֆինանսական, տնտեսական, հոգևոր, մշակութային, լեզվական միասնություն։ Ես դժվարանում եմ այս պահին խոսել որևէ տնտեսական առավելությունների մասին, որովհետև կարծում եմ՝ այդ նույն միության դեռևս վերջնական ուրվագծված չեն, թե ինչպիսի առավելություններ կամ ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ»,- ասաց Ղուլյանը։

Մինչ այժմ Մաքսային միությանն անդամակցելու որոշման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղից մտահոգություն են հայտնել մի խումբ երիտասարդներ, ովքեր այդ մասին հայտարարություն են տարածել։

«Մեր կարծիքով՝ տվյալ քայլը վտանգ է ներկայացնում Հայաստանի ինքնիշխանության համար, և կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հաշվի նստել հասարակության կարծիքի հետ: Նման որոշումները պետք է կայացվեն միմիայն հանրային լայն քննարկումների միջոցով` օգտագործելով ժողովրդի կամարտահայտման համար գոյություն ունեցող հնարավոր մեխանիզմները»,- ասված է հայտարարությունում։

Այդ հայտարարության տակ ստորագրած Վլադիմիր Դոլուխանյանը ընդգծեց, որ Բաղրամյան 26-ի որոշումն ուղղակի կամ անուղղակի կերպով անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղին։
XS
SM
MD
LG