Մատչելիության հղումներ

Փաստաբանների պալատի նախագահի «մրցակցային» ընտրություններ են սպասվում


Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններն առաջին անգամ կլինեն մրցակցային, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը:

Փաստաբանը գտնում է, որ պալատի գործունեության մեջ առկա են բազմաթիվ բացասական երևույթներ, մասնավորապես՝ թափանցիկ չէ պալատի ֆինանսական գործունեությունը: Աթանեսյանի խոսքով, պալատը կանգնած չէ փաստաբանների կողքին: Թեկնածուն հիշեցնում է փաստաբան Վահե Գրիգորյանի դեպքը, երբ Բուզանդի փողոցի բնակիչների շահերը պաշտպանելիս նրան կալանավորեցին խարդախության մեղադրանքով, և մեկ այլ փաստաբանի՝ Մուշեղ Շուշանյանի դեպքը, երբ գլխավոր դատախազությունը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքով քրեական գործ էր հարուցել նրա նկատմամբ: Աթանեսյանը պատճառաբանում է, որ պալատը այդ դեպքերով պաշտոնական դիրքորոշում չի հայտնել:

Հիշեցնենք, որ անցած տարի Փաստաբանների պալատը «դատադուլ» հայտարարեց՝ բողոքելով Վճռաբեկ դատարանի գործելաոճի դեմ, փաստաբանները պնդում էին, որ Վճռաբեկ դատարանում բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումները կամայականորեն են կայացվում: Ակցիային մասնակցում էին շուրջ 600 փաստաբաններ, այդ թվում՝ պալատի ղեկավար կազմը: Այս տարի արդեն մի խումբ փաստաբանների կազմակերպած ակցիային ավելի քիչ թվով փաստաբաններ մասնակցեցին: Պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը երկու ակցիաներին էլ մասնակցել է:

«Այսինքն, ես պնդում եմ, որ Պալատը դարձել մի քանի փաստաբանի գրասենյակ, միասնականություն չկա», - մեկնաբանում է նա:

Տիգրան Աթանեսյանի խոսքով, փաստաբանների պալատի գլխին կախված է վճռաբեկ դատարանի կցորդ դառնալու վտանգը:

Կասկած ունե՞ք, որ փաստաբանների պալատի ընտրությունները կարող են կեղծվել, հարցրեցինք թեկնածուին:

«Բավականին բևեռացում կամ իմ և իմ մրցակիցների միջև, և ես խոսք եմ տվել լրջագույն փոփոխություններ, ինչպես նաև ֆինանսական ստուգումներ: Այսինքն պատճառներ՝ ընտրությունները կեղծելու, իրենք արդեն ունեն», - պատասխանեց Աթանեսյանը:

Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին մասնակցում է նաև պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանը, ով նաև Պալատի խորհրդի անդամ է: Նրա նախընտրական ծրագրում նշված ներքին խնդիրների թվում են Պալատի և փաստաբանների միջև գործընկերական կապի նվազ լինելը, փաստաբանների մի մասի մասնագիտական հմտությունների և գիտելիքների ոչ բավարար լինելը, փաստաբանների միջև թիմային աշխատանքի պակասը: Ինչ վերաբերում է պալատի ֆինանսական թափանցիկության մասին իր մրցակից Տիգրան Աթանեսյանի մտահոգություններին, Արա Զոհրաբյանի պարզաբանմամբ՝ «Փաստաբանների պալատի ֆինանսական հոսքերը շատ թափանցիկ են, շատ պարզ են, բայց որպեսզի այդպիսի տարակարծություն չառաջանա, ես ինքս առաջարկում եմ եռամսյակային կտրվածքով այդ ֆինանսական շարժը ամբողջությամբ կայքում հրապարակել»:

Պալատը մշտապես եղել է փաստաբանների կողքին, Աթանեսյանին հակադարձում է Արա Զոհրաբյանը․ - «Ընդ որում, նույն Տիգրան Աթանեսյանի վկայակոչած Մուշեղ Շուշանյանի գործով մամլո ասուլիս եմ կազմակերպել, ինքս ներգրավվել եմ Մուշեղ Շուշանյանի պաշտպան»:

Նոր բողոքի ակցիան նախորդից ավելի հուժկու պետք է լինի, փաստաբանների այս տարվա ակցիային չմասնակցելը այդպես է պատճառաբանում Զոհրաբյանը, հավելելով, որ պետք է լինեին համոզիչ փաստարկներ, որ փաստաբանները միանային ակցիային․ - «Իսկ դրա համար մենք պետք է լավ նախապատրաստվեինք: Նախապատրաստվելուց բացի, պետք է սպասեինք իշխանությունների կողմից որոշակի քայլերի»:

Ի տարբերություն Տիգրան Աթանեսյանի, Արա Զոհրաբյանը բացառում է, որ Պալատի նախագահի ընտրությունները կեղծվեն: Փաստաբանական պալատը որևէ պետական մարմնի կցորդ չի կարող լինել, վստահեցնում է նա:

Պալատի նախագահի 3-րդ թեկնածուն՝ Կրոմվել Գրիգորյանը, գտնում է, որ ընտրությունները մրցակցային չեն ու քննադատում է պալատի ղեկավարությանը:

«Մրցակցային չէի ասի, որովհետև Արա Զոհրաբյանը շատ ավելի առավելություն ունի ի դեմս Պալատի նախագահի և նրա թիմակիցների», - նշեց նա:

Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները նախանշված են սեպտեմբերի 14-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG