Մատչելիության հղումներ

ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր ելույթ կունենա Ստրասբուրգի Եվրոպական խորհրդարանում: «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների համաձայն` Ֆյուլեն իր ելույթը նվիրելու է Ռուսաստանի կողմից Արևելյան հարևանության ծրագրի ուղղությամբ գործադրվող շարունակական ճնշումներին:

Հանձնակատարն իր ելույթում, ամենայն հավանականությամբ, նշելու է, որ Մաքսային միությունն անհամատեղելի է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի հետ, որոնք Եվրամիությունը բանակցել է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի հետ: Ֆյուլեն, «Ազատություն» ռադիոկայանի ունեցած տեղեկություններով անդրադառնալու է նաև Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ հայտարարության և Ռուսաստանի կողմից ԵՄ գործընկերների նկատմամբ ճնշումների խնդրին:

Հանձնակատարը նաև խոսելու է այն մասին, որ Արևելյան գործընկերության երկրները կարող են Մաքսային միության հետ սերտացնել հարաբերությունները որպես դիտորդ երկիր, դա համատեղելի կլինի և չի խանգարի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն:

Ֆյուլեն իր խոսքում հավանաբար նաև կխրախուսի գործընկերներին լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, բայց Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի հետ համատեղելի ձևաչափով:

Ակնկալվում է, որ հանձնակատարը Երևանում կլինի արդեն ուրբաթ օրը` նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու: Օրակարգում լինելու է նաև Մաքսային Միության միանալու Հայաստանի որոշումը:

Հավելենք, որ հենց այսօր Ռուսաստանը արգելեց մոլդովական գինիների ներկրումը` պատճառաբանելով, թե դրանց որակի հետ խնդիրներ կան: Մինչ այդ ուկրաինական շատ ապրանքների մուտքն էր արգելափակվել դեպի Ռուսաստան: Այս ամենը Եվրամիությունը դիտարկում է որպես Ռուսատանի կողմից ճնշում` Արևելյան գործընկերության ծրագիրը և Վիլնյուսի գագաթաժողովը տապալելու փորձ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG