Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը Չինաստանում հանդիպել է Բելգիայի վարչապետի հետ


Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ
Աշխատանքային այցով Չինաստանի Դալիան քաղաքում գտնվող Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյի հետ։

Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջում այսօր տեղադրված հաղորդագրության համաձայն, երկու երկրների վարչապետերը ներկայացրել են իրենց երկրների տնտեսական իրավիճակը` նախանշելով նաև ապագայի ակնկալիքները: Բելգիայի վարչապետը տեղեկացրել է, որ Եվրոպայի ընդհանուր տնտեսական իրավիճակի կայունացման համար առկա են զգալի դրական ազդակներ:

Այնուհետև Էլիո դի Ռուպոն հետաքրքրվել է Հայաստան - Եվրոպական միություն, ինչպես նաև Հայաստան - Մաքսային միություն հարաբերություններով: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը շարունակելու է ինտեգրացիոն գործընթացները նաև եվրոպական ուղղությամբ և շարունակելու է բարեփոխումներ իրականացնելու իր վճռականությունը, հույս հայտնելով, որ այս հարցում Բելգիան նույնպես իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանին։

Երկու երկրների վարչապետերն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցությանը, մասնավորապես՝ բելգիական կողմի օժանդակությամբ ստեղծվող արագացուցչին, որը նախատեսված է Երևանում կառուցվող օնկոլոգիական ախտորոշիչ կենտրոնի համար:

Չինաստան այցի շրջանակներում Տիգրան Սարգսյանը նախօրեին հանդիպել է այդ երկրի վարչապետ Լի Կեցիանին, ով, մասնավորապես, հայտնել է, որ որոշում են կայացրել Հայաստանի կառավարությանը լրացուցիչ 100 միլիոն յուանի (շուրջ 16 միլիոնի դոլար) անհատույց ֆինանսական օգնություն տրամադրել՝ համատեղ ծրագրերի իրականացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG