Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել դատական կարգադրիչների ծառայության պետին, պաշտոնյաներին


Հայաստանի դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցներ մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքների և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու մեջ:

Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքէջում այսօր տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել Դատական դեպարտամենտի պետի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանին, նույն ծառայության պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանին, ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանին, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Միրզոյանին, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Սամվել Ալեքսանյանին, Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պահեստապետ Յուրա Մուշկիդյանովին, Վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Մալխասյանին:

Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա գտնվելու վայրը պարզելու նպատակով հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Բացի այդ, նախաքննության ընթացքում որպես կասկածյալներ հարցաքննվել են Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ֆինանսաբյուջետային բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանը, Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանը, Վարչական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Էդուարդ Հովհաննիսյանը:

Մեղադրյալներ Արմեն Ավագյանի, Բագրատ Արիկյանցի, Յուրա Մուշկիդյանովի և Արմեն Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննության ընթացքում պատճառված գույքային վնասը վերականգնելու նպատակով Արմեն Ավագյանի կողմից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին վճարվել է 988 հազար 177 դրամ (շուրջ 2 հազար 400 դոլար), իսկ Գագիկ Խաչատրյանի և Արմեն Մովսիսյանի կողմից Հայաստանի ոստիկանության դեպոզիտ հաշվին` 26 միլիոն 608 հազար դրամ, ասված է Ոստիկանության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG