Մատչելիության հղումներ

logo-print

Սեպտեմբերի 11-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է․ - «Անկախ նրանից, թե ինչ ճկուն բացատրություններ կտան Հայաստանի իշխանությունները, մի բան ակնհայտ է՝ Մաքսային միությանն անդամակցելով Հայաստանը կորցնելու է իր ինքնիշխանության մի մասը: Եվ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ստորագրել է այդ փաստաթուղթը, այսինքն՝ համաձայնվել է ինքնիշխանության մասնակի կորստի հետ: Դրանից արդեն մի ամբողջ շաբաթ է անցել, բայց Հայաստանում ոչինչ տեղի չի ունենում: Այնպիսի տպավորություն է, թե ոչ մի լուրջ բան չի եղել, ստորագրվածն ընդամենը ագրոարդյունաբերական ոլորտի շարքային փաստաթուղթ է: Խոսքն այն մասին չէ՝ լավ է սա, թե վատ: Խոսքն այն մասին է, որ սա՛ է իսկական հանրաքվեն: Եթե Սերժ Սարգսյանը երկրի անունից փաստաթուղթ է ստորագրում, որով երկիրը փաստացի զրկվում է ինքնիշխանությունից, և բոլորը լռում են, ու ձևի համար գոնե մի քանի հազար մարդ դուրս չի գալիս փողոց, նշանակում է՝ հոգու խորքում բոլորը համաձայն են դրա հետ»:

Թեման շարունակում է «Ժամանակ» օրաթերթը․ - «Սերժ Սարգսյանին ուղղված մեղադրանքների շարքում գերակշռողներից մեկն այն է, որ որոշումը կայացվել է հասարակությունից գաղտնի, առանց քաղաքական ուժերի հետ խորհրդակցելու, առանց խորհրդարանի հետ քննարկելու և առանց հասարակությանը՝ քաղաքացիներին հաշվետու լինելու: Ցանկացած քաղաքակիրթ, իրավական պետությունում այդ մեղադրանքը միանգամայն բավարար կլիներ նախագահի պաշտոնանկության հարց բարձրացնելու, անվստահության հարցն առնվազն քննարկելու, տվյալ քաղաքական ուժին պատասխանատվության կանչելու համար: Սակայն Հայաստանում այսօրինակ մեղադրանքները նման քաղաքական կամ իրավական հետևանք չեն ենթադրում, որովհետև Հայաստանի իշխանությունը երբեք էլ հասարակությանը հաշվետու չի եղել, և այդ տեսանկյունից հնչող մեղադրանքի սոցիալական բազան, մեղմ ասած, թույլ է: Արդյունքում էլ թույլ է լինում դրա քաղաքական էֆեկտը, ռեզոնանսը: Իշխանությունը շատ լավ է հասկանում դա և այդ իսկ պատճառով էլ չի մտահոգվում նման մեղադրանքներից»:

«Ժողովուրդի» խմբագիրը նկատում է․ - «Երբ այս օրերին որոշ տնտեսագետներ փորձում են ներկայացնել, թե իբր Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը պայմանավորված է մեր պետության տնտեսական շահերով, նրանք պարզապես փորձում են փրկել Սերժ Սարգսյանի դեմքը, քանի որ առայժմ դեռ որևէ մեկը չգիտի, թե ինչպիսի չափանիշների վրա է հիմնված լինելու մեր անդամակցությունը ՄՄ-ին: Ի տարբերություն ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի, որի տեքստը մինչև վերջին բառն արդեն իսկ պատրաստ էր և քննարկված ՀՀ իշխանությունների հետ, Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը դեռևս օդի մեջ է: Փոխարենը ավելի քան առարկայական է 2,5 միլիոն հայերին նեղելու և բանկային տրանսֆերտները կասեցնելու սպառնալիքը, ինչը և իր արդյունքը տվեց»:

«Արդեն մոտ 10 օր է անցել այն օրվանից, երբ կրկին օրհնվեց հայտնի «սհաթը», բայց դեռ բոլորովին պարզ չէ, թե ինչ իրավիճակում է հայտնվելու մեր տնտեսությունը Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը անդամակցելուց հետո», - գրում է «Հայկական ժամանակը»՝ մանրամասնելով․ - «Մաքսային միությունը արդեն գործում է երկուսուկես տարի և դրա կազմում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Թե ինչ առավելություններ է տվել ՄՄ-ն այդ երկրներին, ոչ ոք չի կարողանում հոդաբաշխ ներկայացնել»: Թերթի տնտեսական մեկանաբանը նկատում է, որ այսօր Վրաստանից Հայաստան 5 հազար դոլարանոց 5-7 տարվա հնության ավտոմեքենան ներկրելիս մաքսազերծման գումարը կազմում է առավելագույնը 3 հազար դոլար, այսինքն՝ մաքսազերծելուց հետո մեքենայի արժեքը շուրջ 8 հազար դոլար է ստացվում: Մինչդեռ Մաքսային միության չափանիշներով մաքսազերծելու պարագայում այդ մեքենան կարժենա շուրջ 18 հազար դոլար: «Ռուսաստանը կոնկրետ ավտոմեքենաների նկատմամբ նման մաքսավճարներ սահմանել է իր «ավտոպռոմը» պաշտպանելու նպատակով: Մաքսային միության անդամ դառնալուց հետո ռուսական «ապտոպռոմի» պաշտպանության գործը ստանձնելու է նաև Հայաստանը: Բարի երթ դեպի ապահով «ավտոպռոմ», - հեգնում է «Հայկական ժամանակը»:

«Առավոտի» մեկնաբանն անդրադառնում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ նվիրված Մաքսային միությանն անդամակցությանը․ - «Սա չի կարելի, իհարկե, անսպասելի դիրքորոշում համարել առաջին նախագահի կողմից, որովհետև դեռ 2008-ից Տեր-Պետրոսյանը հանդես էր գալիս Արևմուտքի նկատմամբ բավական հստակ դիրքորոշմամբ, իսկ Սերժ Սարգսյանին ներկայացնում էր որպես ՌԴ-ից երես թեքած ու Արևմուտքի գիրկը նետված նախագահ։ Տարօրինակ չէ նաև այն, որ Տեր-Պետրոսյանը չխոսեց Մոսկվայի կողմից գազի սակագների բարձրացման, Ադրբեջանին չորս միլիարդ դոլարի հարձակողական զենքի վաճառքի փաստերի մասին, ինչը ԼՂՀ-ի և ՀՀ-ի «անվտանգության» ուղղակի սպառնալիքն է, մինչդեռ գերադասեց հրահանգել՝ թթու խոսք չասել Պուտինի հասցեին: Նրա ելույթի հիմնական մեսիջը հետևյալն էր՝ ՀԱԿ-ը կարող էր Հայաստանը ավելի արժանապատվորեն դարձնել Մաքսային միության անդամ, քան դա արեց Սերժ Սարգսյանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG