Մատչելիության հղումներ

Իտալիայի թիմը վաստակեց Բրազիլիա մեկնելու ուղեգիր


Բրազիլիայում հաջորդ տարի կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության լոգոն

Բրազիլիայում հաջորդ տարի կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության լոգոն

«Սկուադրա աձուրան» ընտրական Բ խմբում վաստակել է 20 միավոր և այլևս անհասանելի է մրցակիցների համար։

Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության եվրոպական ընտրական Բ խմբում Իտալիայի հավաքականը երեքշաբթի ուշ երեկոյան 2:1 հաշվով պարտության մատնեց Չեխիայի թիմին։

Թուրինի մարզադաշտում, որտեղ խաղում է «Յուվենտուս» ակումբը, հաշիվը բացեցին չեխերը` Լիբոր Կոզակը շատ գեղեցիկ գոլ խփեց 19-րդ րոպեին։ Երկրորդ խաղակեսի 51-րդ րոպեին «Յուվենտուս»-ի պաշտպան Ջիորջիո Կիելինին պատասխան գնդակը խփեց, իսկ 54-րդ րոպեին Մարիո Բալոտելին անվրեպ կատարեց 11-մետրանոց տուգանային հարվածը։

Իտալացիներն արդեն կարող են Բրազիլիա մեկնելու տոմսեր պատվիրել, քանի որ նույնիսկ եթե պարտություններ կրեն մնացած երկու հանդիպումներում, միևնույն է, կմնան առաջին տեղում։

«Սկուադրա աձուրան» հոկտեմբերի 11-ին Կոպենհագենում մրցելու է Դանիայի հավաքանի հետ, իսկ հոկտեմբերի 15-ին կընդունի Հայաստանի ընտրանուն։ Ի դեպ, Միլանում իտալացիները դանիացիներին հաղթել են 3:1 հաշվով, իսկ Երևանում նույն հաշվով պարտության են մատնել հայերին։

Այսպիսով, աշխարհի առաջնության եվրոպական Բ խմբում պայքարը այսուհետ կընթանա երկրորդ տեղի համար, որը դեռ տալիս է Բրազիլիա մեկնելու ուղեգրի հույս։ Երեքշաբթի օրը հաղթելով Մալթային՝ Բուլղարիան 13 միավոր է վաստակել և զբաղեցնում է երկրորդ տեղը։

Երևանում 1:0 հաշվով հաղթելով Հայաստանի թիմին՝ Դանիան վաստակել է 12 միավոր և հիմա երրորդ տեղում է։ Այսօրվա պարտություններից հետո չեխերը և հայերը 9-ական միավորով կիսում են չորրորդ և հինգերորդ տեղերը։ Վերջին տեղում Մալթան է, որը 3 միավոր է շահել Հայաստանի թիմին Երևանում հաղթելու շնորհիվ։

Երկրորդ տեղի հավանական թեկնածու Բուլղարիան նախ Երևանում խաղալու է Հայաստանի անկանխատեսելի հավաքականի հետ, ապա կընդունի Չեխիային։ Պրահայում Բուլղարիա - Չեխիա հանդիպման հաշիվն էր 0:0։

Թերևս հույսեր ոնի Դանիայի թիմը, որը մնացած երկու հանդիպումները կանցկացնի սեփական հարկի տակ, նախ՝ հզոր Իտալիայի, ապա՝ խմբի ամենաթույլ թիմի` Մալթայի հետ և, ամենայն հավանականությամբ, առնվազն 3 միավոր կվաստակի։

Չեխիան կամ Հայաստանը սոսկ տեսականորեն դեռ կարող են երկրորդ տեղը գրավել, բայց դրա համար անհրաժեշտ են աներևակայելի այնպիսի զարգացումներ, որոնք ժամանակակից ֆուտբոլում քիչ հավանական են:

Ընտրական Դ խմբում Հոլանդիայի հավաքականը, սեպտեմբերի 10-ին հյուրընկալվելով Անդորային, հաղթեց 2:0 հաշվով և նույնպես վաստակեց աշխարհի առաջնության ուղեգիր։ Երկու գոլերի հեղինակն էլ Ռոբին վան Պերսին է։

Բելգիան, Գերմանիան և Շվեյցարիան հաջորդ տուրում, ամենայն հավանականությամբ, նույնպես կվաստակեն ուղեգրեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG