Մատչելիության հղումներ

Մեղադրողը 13 տարի պահանջեց «Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալների համար


«Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսի 17-ին տեղի ունեցած ծեծի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ մեղադրող Արթուր Դավթյանը 13-ական տարվա ազատազրկում և 100-հազարական դրամ (մոտ 250 դոլար) տուգանք պահանջեց բոլոր վեց ամբաստանյալների համար:

Հիշեցնենք, գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծից 12 օր անց` հունիսի 29-ին, այդպես էլ գիտակցության չգալով մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:

Մեղադրողն իր ճառում ապացուցված համարելով 6 ամբաստանյալներին մեղսագրվող հանցանքը՝ իր ճառում, մասնավորապես, ասաց․ - «Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դատարան ներկայացրեցին նյութեր, փորձելով հիմնավորել, որ հարվածները ստանալու արդյունքում Ավետյանն արդեն իսկ ստացել է այնպիսի վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են, հանգեցրել են գլխուղեղի մահվան և անհերքելիորեն բերելու էին մահվան: Թեև մեր քրեական գործով հիմնավորվել է, որ Ավետյանի մահը վրա է հասել դեպքից շուրջ 12 օր անց, այդուհանդերձ, հարգելի դատարան, այս խնդրին, ըստ էության, չեմ անդրադառնա, քանի որ մեր քրեաիրավական գնահատականի մոտեցումները իրենց հիմքում բացարձակապես չունեն այս փաստական տվյալները: Այսինքն, կոնկրետ քրեական գործով անհրաժեշտ է պարզել մեկ բան՝ տուժողի մահը ներառվա՞ծ է եղել հանցանք կատարած անձի կամ անձանց դիտավորության մեջ»:

Մեղադրողը մեջբերեց տուժող ռազմական բժիշկ Արտակ Բայադյանի հարցաքննությունից մի հատված․ - «Իմ հարցին՝ ես ուզում եմ հետևյալը հասկանալ, Արտակ, ձեր միջից որևէ մեկը ավելի շա՞տ էր նրանց հետաքրքրում, որևէ մեկի վրա՞ էին այդ 11-20 հոգին կենտրոնացած, թե՞ դուք բոլորդ նրանց համար թիրախ էիք: Արտակը պատասխանել է՝ բոլորիս հարվածելիս հայհոյում էին, կոնկրետ անուն չէր տրվում հայհոյելուց»:

Մեղադրող Արթուր Դավթյանը, փաստորեն, անուշադրության մատնեց դատարանին տված Արտակ Բայադյանի ցուցմունքը, ըստ որի՝ ամբաստանյալները ծեծը դադարեցրել են, երբ Վահե Ավետյանն արդեն ստացել էր մահացու հարվածներ:

Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, որ մեղադրողի պահանջած պատժաչափն անակնկալ չէր:

«Խնդիրը արարքի քրեաիրավական ճիշտ որակման մեջ է, և մենք շարունակում ենք պնդել այն թեզը, որ տեղի ունեցածը պետք է որակվեր որպես սպանություն», - նշեց Եգորյանը:

Ի դեպ, սպանության հոդվածը նախատեսում է անհամեմատ խիստ պատիժ՝ ընդհուպ ցմահ ազատազրկում: Տուժող կողմը ճառով պետք է հանդես գա հաջորդ նիստին՝ հոկտեմբերի 1֊ին:
XS
SM
MD
LG