Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը հաջողությամբ քանդում է Արևելյան գործընկերության ծրագիրը»


Տեսարան Բելառուսի մայրաքաղաք Մինսկից

Տեսարան Բելառուսի մայրաքաղաք Մինսկից

Հայաստանը դառնում է Բելառուսի գլխավոր մրցակիցը ռուսական դոտացիաների համար մղվող պայքարում` արձանագրում են Մինսկում լույս տեսնող պարբերականները:

Երկրի ամենահեղինակավոր անկախ պարբերականներից մեկը` 1996-ից հրատարակվող “Белорусская Деловая Газета”-ն երեկ հրապարակված հոդվածում արձանագրում է․ - «Դիտարկելով այն ամենը, ինչ կատարվում է հետխորհրդային տարածքում այս տարեսկզբից, կարելի է արձանագրել. Ռուսաստանը հաջողությամբ քանդում է Արևելյան գործընկերության ծրագիրը»:

Թերթը նկատում է, որ Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված վեց պետություններից այսօր միայն երեքն են, որ ակտիվորեն գործակցում են Բրյուսելի հետ` Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան:

Ինչ վերաբերում է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, ապա այդ քայլին, ըստ բելառուսական պարբերականի, դժվար է միանշանակ գնահատական տալ:

«Զուտ մարտավարական տեսանկյունից Մաքսային միությանն անդամակցելը ձեռնտու է Հայաստանին` երկիրը ռուսական գազի դիմաց որոշակի զեղչեր կստանա, ազատ ելք կունենա Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի շուկաներ, կամրապնդի իր տարածաշրջանային անվտանգությունը: Ռուսաստանը ակնհայտ տնտեսական դիվիդենտներ չի ստանում, փոխարենը շահում է քաղաքական տեսանկյունից», - գրում է բելառուսական թերթը՝ հավելելով․ - «Քաղաքական ձեռքբերումները գոնե այս պահին Մոսկվայի համար շատ ավելի կարևոր են, քան տնտեսական շահը` հաշվի առնելով հարաբերությունների վատթարացումը Բելառուսի հետ և Ուկրաինայի` եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին մասնակցությունից վերջնականապես հրաժարվելու փաստը»:

БДГ-ն նաև գրում է, որ Հայաստանի տնտեսական ներուժը համեմատելի չէ Մաքսային միության մյուս պետությունների կարողությունների հետ․ - «Ռուս - հայկական երկկողմ ապրանքաշրջանառությունն այսօր մոտ մեկ միլիարդ դոլար է: Համեմատության համար նշենք` ռուս - ղազախականը կազմում է տարեկան 24, իսկ ռուս - բելառուսականը` 45 միլիարդ դոլար»:

Բելառուս վերլուծաբան Անդրեյ Պորոտնիկովն էլ թերթին փոխանցել է․ - «Բելառուսն ու Ղազախստանը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից նվազագույն օգուտ են քաղում»: «Այդ երկիրը աղքատ է և թույլ զարգացած, արտահանման առումով էլ այն հիմնականում զբաղված է հայերի արտահանմամբ», - հեգնում է բելառուս վերլուծաբանը` ամփոփելով․ - «Բելառուսը ռուսական դոտացիաներից օգտվելու հարցում նոր մրցակից ունի: Եվրասիական տնտեսական համագործակցության հակաճգնաժամային հիմնադրամն արդեն իսկ բավարարել է գումար տրամադրելու` Հայաստանի կառավարության խնդրանքը»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG